Ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ) Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին հայտարարված բաց մրցույթին ու այդ ամենի գլխին կանգնած Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ ասաց. «Նարեկն իրավունք չունի ինքնագլուխ ինչ-որ քայլեր անելու, որովհետեւ հեղինակային իրավունքի հարց կա, այս քաղաքի նախագծի հեղինակն էլ ոչ թե ինքն է, այլ Թամանյանը, որը ժամանակին ոսկե մեդալ է շահել նախագծի համար: Այնպես որ, այս քաղաքի պրոյեկտի վրա ինչ-որ բաներ ավելացնելը ես համարում եմ դավաճանություն»:
Ասելիքն ավելի պատկերավոր ներկայացնելու համար նկարիչն ասաց. «Դա նույնն է, որ Սասունցի Դավթի արձանի թուրը գլխավոր ճարտարապետը որոշի հանել ու տեղը ավտոմատ դնի, անգամ հիմնավորի, որ դարը փոխվել է՝ պետք է թուրը ավտոմատով փոխարինել՝ խցանումները պակասեցնելու համար: Իրենց արածն ուղղակի ծիծաղելի է, եւ կապ չունի իրականության հետ: Էդ նախագիծը Թամանյանինն է, եւ ցանկացած տարր փոխելուց առաջ պետք է հանրային քննարկման դրվի»:
Նկարիչը մտահոգված է հասարակության ընդհանուր պասիվությամբ՝ սկսած Հանրապետության հրապարակի խնդրից, վերջացրած հայոց բանակի զինվորների զոհվելու վերաբերյալ անտարբերությամբ: Նա փաստում է՝ թուրքական Գեզիի այգու պահպանումից հարցը հասել է մինչև կառավարության հրաժարական, 4 մարդու հետեւից 4 մլն մարդ է գնացել, իսկ Հայաստանում հանդուրժում ենք ամեն ինչ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարոն Կուկ, հիմա հանդուրժենք իրար, թե թուրքերից օրինակ վերցնենք: