Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի եղբայրը ցուցմունք տվեց դատարանում

Հունիս 04,2013 17:18

P1142179Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու` 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը:

Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Իսկանդարյանը դիմում էր գրել դատարանին`խնդրելով դատը լսել առանց իրեն, քանի որ ծանր սթրեսային վիճակի մեջ է հայտնվում, առողջական լուրջ խնդիրներ է ունենում ու չի կարող մասնակցել:

Դատը սկսվելուն պես, երկու ժամով ընդմիջվեց, որից հետո դատարանը լսեց Գյումրու նախկին քաղաքապետի ավագ եղբորը` Գևորգ Ղուկասյանին: Ի դեպ, վերջինիս վկայության ժամանակ դուրս հրավիրեցին հեռուստաօպերատորներին` արգելելով տեսալուսանկարահանումը, ինչպես նաև ձայնագրումը: Ղուկասյանին դատարան ուղեկցող անձիք անգամ դատարանի միջանցքում այս հարցով բանակցում էին օպերատորների հետ:

Գևորգ Ղուկասյանը պատմեց, որ ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը`Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը իրոք եկել է խնամախոսության իր եղբոր`նախկին քաղաքապետի մոտ: «Այդ ժամանակ Վարդանի երկրորդ աղջկան` Աննային, արդեն բեհ էին դրել, Վարդանն էլ Սամվելին ասել էր` այ մարդ, Աննայի ամուսնության հարցը լուծված է, հայրը ներողություն էր խնդրել ու դուրս եկել: 3-4 անգամ Սամվելը գնացել ու եկել է: Հետո Վարդանն ինձ ասեց` Գևոր, ասա, թող չգնա գա, աղջկա հարցերը լուծված են: Ես էլ Սամվելին ասի` մի գնա արի, հարցը լուծված է »:

Գևորգ Ղուկասյանը նաև պատմեց, որ Անիի նախկին ոստիկանապետը, մեկ անգամ ևս ճշտելով Վարդան Ղուկասյանի աղջիկների անունը, եկել է, թե իր խոսքը ոչ թե Աննայի, այլ մեծ աղջկա` Մանյայի մասին է: Գևորգ Ղուկասյանը նաև հայտարարեց. «Եթե մարդը եկել է խնամախոսության, ես ինչպե՞ս կանգնեմ ասեմ չի եկել, ո՞ւր է Սամվելը, դատարանի միջանցքում էր, կանչեք, թող նայի աչքերիս մեջ ու խոսենք: Եկել է ուզելու, ինքը գովում էր իր ընտանիքը, ասում էր, թե մեր տունը շատ լավ տուն է, մի աղջիկ ունեմ տանը: Նորից եմ կրկնում, մի 4 անգամ եկել է, ասում էր համոզեք Նիկոլաևիչին (խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է) խնամիներ դառնանք»: Փեսացուի` Կարեն Եսայանի սպանության օրվա հետ կապված էլ Գևորգ Ղուկասյանը պատմեց, որ ինքը իր դստեր ամուսնուց` Ռոմանից է տեղեկացել, որ Կարենը չկա: Ռոմանը Կարենի մոտ ընկերն է: Ռոմանը եկել ու այդ մասին ասել է Գևորգ Ղուկասյանին: «Ես էլ ասի` երևի Երևան գնացած կլինի` մի բան առնելու, գնացի Վարդանի մոտ, ասի Կարենը չկա, ասեց` ո՞նց չկա Գևոր, մտածեց կարո՞ղ է փոշմանել է: Հետո եկավ Ռազմիկը` Կարենի հայրը, հարցրեցի Ռազմիկ ջան, հո էնպիսի բան չե՞ք արել, որ էրեխեն խռովի ձեզանից: Ասեց` չէ»:

Ըստ Վարդան Ղուկասյանի եղբոր, համոզված լինելով, որ Կարենի անհետացման պատճառը փոշմանելը չէ, Կարենի ընկերները սկսել են փնտրտուքները: Գնացել են նրա հետքերով, հետո ավտոլցակայանի ու բենզալցակայանի տեսախցիկներն են հանել տվել, իսկ ինքը մանրուքներ իմացել է իր փեսայից`Ռոմանից: «Ինձ ցույց տվեցին դիսկերը, ասին` էս Հարությունն է, էս Հարությունի «Մերսեդեսն» է` արտասահմանյան պետհամարանիշով: Բայց ես չէի ճանաչում Հարությունին, ջահելներն էին ցույց տալիս դիսկերը ու ասում», -ասաց Գևորգ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ ըստ Կարեն Եսայանի հարազատների, Հարությունը հետևել է իրենց որդուն, և դա արտացոլված է տեսախցիկներում: Վկան պատմեց, որ ինքը, գնալով «Մայր Հայաստան» հուշահամալիր , որտեղ և կատարվել էր սպանությունը, տեսել է , մոտ 200 հոգի էին հավաքվել, իսկ Կարենի դիակը` փոշոտված էր: «Ոնց որ գետին քցած-վերցրած լինեին ու ավտոյի մեջ դրած: Դե պատկերացրեք, փոշին` արյունի մեջ, ի՞նչ գույնի կլինի»:

Գևորգ Ղուկասյանը նաև ասաց, որ դեպքի օրը ինքը գնացել է Սարգսյանների տուն, Հարությունին հարցրել. «Տղա ջան, ի՞նչ գիտես, ուր է պահած, եթե գարաժի մեջ, մի տեղ պահած է, ճիշտն ասա: Ասեց` Գևոր դյադյա, ես խաբար չեմ, ասի տղա ջա, ճիշտն ասա, որ ես քեզ կարողանամ փրկել: Ասեց, որ ես ձեր աղջկան չեմ ճանաչում»:

Վկան դատարանի դահլիճում մի քանի հետաքրքիր մտքեր արտահայտեց. նա դատարանին խորհուրդ տվեց բաց թողնել ամբաստանյալին, եթե ինքը լինի մարդասպանը, Աստված հաստատ նրան կպատժի: «Թող խփողը ասի՝ ես եմ խփել ու գնա ապաշխարի, ո՞վ խփեց, երկնքից իջան խփեցի՞ն: Իմ ախպորս տղեն վերջերս մարդ խփեց, ազնվորեն ասեց` ես եմ արել: Ազնվություն թող ունենան ասեն` ես եմ…»:

Այնուհետ Գևորգ Ղուկասյանը, մատնացույց անելով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին, ասաց. «Էս տղային դահլիճից բաց թողեք , Աստված կպատժե»: Հետաքրքիրն այն է, որ երբ Գևորգ Ղուկասյանին պատրաստվում էր հարցեր տալ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը, վկան նախազգուշացրեց. «Պրովոկացիոն հարցեր չտաք, ես լսել եմ, որ դուք աշխույժ աղջիկ եք»:

Լուսինե Սահակյանը հետաքրքրվեց, թե Հարություն Սարգսյանը անձամբ երբևէ եկե՞լ է խնամախոսության և ճանաչե՞լ է արդյոք Մանյային: Գևորգ Ղուկասյանը միանգամից պատասխանեց` ոչ, այնուհետ դարձյալ մանրուքներ ներկայացրեց խնամախոսությունից: Նա ասաց, որ Սամվել Սարգսյանի` քաղաքապետարան գալու ժամանակ, նրան շատ լավ ընդունել են, ոչ մի ավելորդ խոսք չի եղել, քանի որ դիմացը խնամախոս էր: «Մարդկային ամենաբարձր վերաբերմունքն ենք ցույց տվել, դե աղջիկ է, հազար հոգի էլ կարող են գալ ուզելու: Հիշում եմ, որ ցուրտ եղանակ էր, Սամվելն ասեց գնամ Գերմանիա, գամ, կնոջս հետ կգանք, ես էլ ասի` մի արեք Սամվել ջան»: Իսկ թե Կարենից բացի ո՞վ է եկել Մանյայի ձեռքը խնդրելու, Գևորգ Ղուկասյանն ասաց, որ չի հիշում, լավ է այդ մասին ծնողներին հարցնեն: Այն հարցին էլ , հնարավոր էր մեկը մոտենար Մանյային` անձնական հարցով, վկան պատասխանեց. «Մեր տրադիցիան այնպես է, որ մենք խիստ ենք, վայրենի չենք, բայց խանդոտ ժողովուրդ ենք, մեր աղջիկներին մոտեցողները իրենք էլ գիտեն, որ պրոբլեմների մեջ կընկնեն, դրա համար պետք է մարդավայել գան ուզող»:

Վկայի այս ցուցմունքով ավարտվեց այսօրվա դատական նիստը: Ինչպես միշտ, դատական նիստի վերջում վիճաբանության ծագեց դատավոր Մարտին Սարոյանի և փաստաբան Լուսինե Սահակյանի միջև: Փաստաբանը միջնորդում էր բերման ենթարկել Վարդան Ղուկասյանին և նաև դստերը` Մանյային: Դատավորն էլ առարկում էր` ասելով, որ հնարավոր է նրանք վաղը ներկայանան դատարան: «Հնարավո՞ր է, թե՞ հաստատ կներկայանան, հարգելի դատարան:Վաղը դատական նիստ է նշանակված , իսկ դուք ասում եք հնարավոր է, խնդրում եմ խտրական վերաբերունք ցույց չտալ ու բերման ենթարկել նրանց»¸-պահանջեց փաստաբանը: Դատարանը բերման ենթարկելու որոշում չկայացրեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930