Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջ երեխաներին ստիպում են սովորել ծայրահեղ վատ պայմաններ ունեցող հատուկ դպրոցում

Հունիս 04,2013 17:15

Օրերս Պաշտպանի Խոշտանգումների և բռնությունների կանխարգելման բաժնի աշխատակիցներն ու Պաշտպանի՝ Երեխաների հարցերով խարհրդականն այցելեցին Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների №1 հատուկ դպրոց:

 Այցելության ընթացքում պարզվեց, որ  թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար, այնուամենայնիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Այլ բառերով ասած՝ առողջ երեխաները սովորում են իրենց համար չնախատեսված դպրոցում:

Դպրոցի աշխատակիցների և երեխաների ծնողների հետ զրույցներից պարզվեց նաև, որ դպրոցի սաների մի մասը ստիպողաբար է ընդունվում այս դպրոց սովորելու` դպրոցում երեխաների թվաքանակն ապահովելու նպատակով, իսկ ծնողները սոցիալական ծանր վիճակից դրդված համաձայնում են այդ պայմաններին: Դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ` աշխատանքից ազատման սպառնալիքով:

Բացի այդ, դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին: Դեպքեր են անձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա: Իսկ երեխաների հետ շփումը ցույց տվեց, որ վեցերորդ դասարանի աշակերտները նույնիսկ տառաճանաչ չեն: Ավելին, ըստ ծնողների՝ շատ երեխաներ երկար ժամանակով բացակայում են դասերից, սակայն, տնօրենի համաձայնությամբ այդ փաստը չի արձանագրվում, այդպիսով վերջինս ապահովում է դպրոցի գործունեության համար երեխաների անհրաժեշտ նվազագույն  քանակը, բայց միևնույն ժամանակ խնայողություն է անում բացակայող երեխաների հաշվին: Իսկ երեխաներն էլ հետագայում ավարտական վկայականներ են ստանում:

Ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված. մի քանի անգամ նույնիսկ երեխաների մարմինների վրա կապտուկներ են հայտնաբերվել:

Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ:

 Այն խախտումներն ու թերացումները, որ Պաշտպանի աշխատակիցները արձանագրել են թիվ 1 հատուկ դպրոցում բնորոշ են գրեթե բոլոր նման հաստատություններին: Պատկան մարմինների բացթողումների և անուշադրության հետևանքով խախտվում են պաշտպանության առավել մեծ կարիք ունեցող երեխաների իրավունքները, որի արդյունքում  խաթարվում է նրանց բնականոն զարգացումն ու հասարակության մեջ ինտեգրումը:

 Հույս ենք հայտնում, որ պատասխանատու մարմինները, բարեփոխումներին զուգահեռ,  առավել մեծ ուշադրություն կդարձնեն ոլորտում ներկայումս առկա խնդիրների վրա՝ փորձելով դրանց տալ հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ: Չէ՞ որ երեխաների իրավունքների պաշտպանությունը սկսվում է առավել խոցելի խմբերի պաշտպանությունից:

 Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930