Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խորհրդարանական լսումներ՝ նվիրված արհեստակցական միությունների գործունեության երաշխիքներին

Հունիս 04,2013 17:08

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով:

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արհեստակցական միությունների և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի անդամներ:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ հասարակական մեծ կարևորություն ունեցող խնդրի՝ արհեստակցական միությունների կայացմանն ու զարգացմանը:
Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կդառնան՝ բարեփոխելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելու այլ օրինագծեր:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցն սկսեց խիստ գնահատականներով. ըստ նրա՝ Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա: Նրա խոսքով՝ արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը, այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև ելույթ ունեցողներից շատերի կարծիքով, ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության և իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի՝ արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել արհմիության էությունը՝ դարձնելով այն իրավապաշտպան կառույց:
Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ համաձայն չէր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով՝ ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձևով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով՝ վերջին երեք-չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ:
«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը ևս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարեց մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը և այլն: Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, և հիմնարկ-ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում:
Ոլորտի զարգացման վերաբերյալ ելույթ ունեցավ նաև «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով ևս ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա՝ կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք: Գագիկ Մակարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը ծրագիր է մշակել, որն ուղղված է արհեստակցական միությունների զարգացմանը:
Ելույթներ ունեցան նաև Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը, կրթության և գիտության աշխատողների ճյուղային արհմիության ներկայացուցիչ Էլեն Մանասերյանը, ՀԿ-ների և արհմիությունների ներկայացուցիչներ:
Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին և ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930