Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը անտեղյա՞կ է, թե՞ օրինագիծն իրոք «փոքրամասնությունների» օգտին է

Հունիս 04,2013 17:02

«Ցավոք, այսօր արդեն անհերքելի իրականություն է, որ նշված օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում, հիշյալ օրինագիծը անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը»,- սա մի հատված է Հանրային խորհրդի Կրոնի ենթահանձնաժողովի տարածած հայտարարությունից,  որը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Խտրականության դեմ» օրինագծին: Մասնավորապես ՄԻՊ գրասենյակն օրինագծի միջոցով փորձ է անում մեխանիզմներ մշակել փոքրամասնությունների, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց և այլոց իրավունքների պաշտպանության առումով:

Aravot.am-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ զրույցում հետաքրքրվեց` արդյոք տեղի՞ն է Հանրային խորհրդի մտահոգությունը: Նա պատասխանեց. «Եթե Հանրային խորհուրդն իրապես նպատակ ունի զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ և աջակցել, որ ՀՀ-ում խտրականության դրսևորումների բացառումը նպաստող օրենսդրություն և պրակտիկա ձևավորվի, ապա ինքը պետք է մոտենա հարցին սահմանադրական դրույթից ելնելով, թե ինչու մարդու իրավունքների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում ոչ միայն ազգային, կրոնական պատկանելության, այլև սեռային կողմնորոշման պարագայում: Սա իրավական պետության բուն էությունն է, և ՀՀ-ն որպես իրավական պետություն, դրա բովանդակային իրականացումներից մեկն է հանդիսանում խտրականության դրսևորումների դեմ օրենսդրության ընդունումը: Եվ Հանրային խորհուրդը պիտի հարցին մոտենա սահմանադրական դրույթից, ոչ թե իր սուբյեկտիվ մոտեցումներից ելնելով: Օրինագիծն ինքնին թույլ է, այն ավելի շատ գնահատում եմ, որ դեռ կատարյալ չէ, բայց կարևորն այն է, որ այն կա»:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Վարդան Հարությունյանին էլ զարմացրեց Հանրային խորհրդի մտահոգությունը և նա նշեց. «Ազատությունների մասին օրենքները կարող են հանգեցնել ամեն ինչի մասնավոր դեպքերով, բայց հրաժարվել ազատություններից միայն այն պատճառով, որ կարող է մի կոնկրետ առանձին վերցված դրվագում բացասական երևույթ գրանցվել, դա ծիծաղելի է: Չի կարելի հրաժարվել, օրինակ, ավտոմեքենաներից ընդհանրապես, քանի որ մարդիկ ժամանակ առ ժամանակ ընկնում են ավտոմեքենայի տակ: Ծիծաղելի է, և Հանրային խորհուրդ կոչվածը պետք է հասկանա իր գոյության իմաստը նման հրապարակումներ անելուց առաջ: Օրենսդրական նախաձեռնությունը նորմալ եմ համարում, քանի որ ցանկացած փոքրամասնություն պիտի օրենքով պաշտպանված լինի, քանի դեռ հասարակությունը չի զարգացել այնքան, որ իր մեջ եղած փոքրամասնություններին ավտոմատ չի ճանաչում և պաշտպանում: Թող ներվի ինձ ասել, բայց Հանրային խորհրդի այդ արձագանքը անտեղյակությունից է բխում, այն իրավունքի ոլորտից հեռու արձագանք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930