Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռիչ քոմփյութերսը»` «մատաղ» մյուս տնտեսվարողներին (Տեսանյութ)

Հունիս 04,2013 16:57

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Ռիչ քոմփյութերսին» անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար տուգանեց նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով: Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, սա բարձր տուգանք է եւ դաս կլինի մյուս, նման կերպով աշխատող տնտեսվարողների համար: Փաստորեն, «Ռիչ քոմփյութերսը» «մատաղ» եղավ իր մրցակից ընկերությունների համար, քանի որ, ինչպես պարոն Շաբոյանն ասաց, հանձնաժողովը խիստ պատասխանատվության ու բարձր տուգանքի է նշանակել, որպեսզի այդ որոշումը ունենա նաեւ կանխարգելիչ նշանակություն մյուս պոտենցյալ անբարեխիղճ տնտեսվարողների համար:

Իսկ անբարեխղճությունը դրսեւորվել է ընկերության գովազդի միջոցով, ըստ որի, սպառողներին տեղեկացվում է, որ միայն անձնագրի ու սոցքարտի միջոցով «Ռիչ քոմփյութերսից» հնարավոր է ձեռքբերել համակարգիչ եւ նոթբուք: Այսօր հանձնաժողովի նիստի ընթացքում Անահիտ Սահակյանը պատմեց, որ, երբ գովազդը լսելուց հետո դիմել է խանութ-սրահին, պարզվել է, որ աշխատավարձի մասին տեղեկանք եւ վարկային պատմություն է անհրաժեշտ: Նման գովազդը մոլորեցնում է սպառողներին եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Ուսումնասիրությունից հետո նման եզրահանգման է եկել հանձնաժողովը:

«Ռիչ քոմփյութերսի» ներկայացուցիչ Անի Անտոնյանն էլ նիստի ընթացքում հանձնաժողովին վստահեցրեց, որ տվյալ սպառողը խանութին դիմել է դեկտեմբեր-հունվար ամիսներին, իսկ իրենք գովազդը հեռարձակել են փետրվարի վերջերին:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքերով`«Հանձնաժողովի ուսումնասիրություններից պարզվել է, որ «Ռիչ քոմփյութերսը» խաբել եւ մոլորեցրել է քաղաքացիներին. Մասնավորապես՝ այնպիսի գովազդ է տարածել, որ դա իրականությանը չի համապատասխանում, չափազանցված ու ուռճացված է, անարժանահավատ եւ կեղծ տեղեկատվություն է տրամադրում քաղաքացիներին` նոր հաճախորդներ ներգրավելու համար: Սա անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է: Նման երեւույթները եզակի չեն, մենք մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ դեռեւս նման երեւույթներ տնտեսվարողների կողմից շարունակվում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930