Լրահոս
Օրվա լրահոսը

1400 դրամանոց դեղը վաճառել են 5,500-ով (Տեսանյութ)

Հունիս 04,2013 16:02

Արդեն տեղեկացրել ենք, որ «Կուրացիո» դեղորայք ներկրող եւ իրացնող ընկերությունը 10 միլիոն դրամով տուգանվեց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից` գերիշխող դիրքի չարաշահման համար: Հանձնաժողովի որոշմամբ «Կուրացիո» ընկերությունն իրավունք չի ունենա 3 տարի մասնակցել մրցույթներին:

«Կուրացիո» ՍՊԸ-ն պարբերաբար խոչընդոտել է «Բեյբի սիմ» ընկերությանը՝ Երեւանի բժշկական համալսարանի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու: Ինչպես այսօր ներկայացվեց նիստի ընթացքում, հանձնաժողովը վարույթը սկսել է «Բեյբի Սիմ» ընկերության դիմումի հիման վրա:

«Կուրացիո» ընկերությունը ժամանակին «էնտորան» զոնդային սննդի միակ ներմուծողն է եղել եւ պետգնումներին բավականին բարձր գներ է ներկայացրել: Իսկ «Բեյբի սիմը» 2010-11 թվականներին բժշկական համալսարանին գնային ավելի էժան առաջարկ է կատարել, սակայն կարողացել է մրցույթին մասնակցել միայն 2012 թվականի օգոստոսին: Սակայն «Բեյբի սիմի» ու «Կուրացիոյի» փաստաթղթային ինչ-որ թերությունների պատճառով մրցույթը մեկ ամսով հետաձգվել է: Իսկ նոր մրցույթում բոլոր ապրանքատեսակի բոլոր չափաբաժինների մասով «Կուրացիոն է» հաղթել` առաջարկելով ցածր գներ:

Այս առչնությամբ «Բեյբի սիմը» ՏՄՊՊՀ-ին է դիմել, թե ինչով է պայմանավորված գնային նման կտրուկ փոփոխությունը: «Կուրացիոն» պատճառաբանել է, իբր միջազգային գործընկերներն են զեղչեր կատարել: Մինչդեռ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքներով, ինչպես այսօր ներկայացվեց նիստում, այն ընթացքում, երբ «Կուրացիոն» իսկապես ավելի էժան է ներմուծել տվյալ ապրանքը, մանրածախ շուկայում վաճառել է նախկին` թանկ գնով: Մասնավորապես 1 կկալ սննդային թելիկներով մեկ ապրանքատեսակի ձեռք բերման ինվոյսային արժեքը 1700 դրամից նվազել է մինչեւ 1000 դրամ, սակայն վաճառվել է մանրածախ շուկայում` 4000 դրամ: Իսկ 1.28 կկալ «Նուտրիզոն պրոտեյինի» ինվոյսային գինը 2012-ի հոկտեմբերին նվազել 2300 դրամից մինչեւ 1400 դրամ, բայց ընկերությունը շուկայում այս ապրանքը վաճառել է 5,500 դրամով:

Չնայած նրան, որ հանձնաժողովը «Կուրացիոյին» տուգանեց անբարեխիղճ մրցակցության համար, սակայն «Բեյբի սիմը» հրաժարվել է վերը նշված ապրանքները ներկրել եւ իրացնել: Այսօր հանձնաժողովի նիստում այս ընկերության ներկայացուցիչը նշեց, որ «Կուրացիոյի» անբարեխիղճ մրցակցության պատճառով, բացի կորցրած շահույթից, 1.5 միլիոն դրամի վնաս են կրել.«Քանի որ ժամկետն անցնելուց հետո վաճառել ենք որպես անասնակեր: Հիմա մենք հրաժարվել ենք տվյալ ապրանքը ներմուծել, այլեւս այդ ոլորտը չի հետաքրքրում մեզ, պարզապես դիմում ենք, որ դուք ոլորտը հսկողության տակ առնեք, եթե գինը լինի մատչելի, պահանջարկն էլ կավելանա, հիվանդի համար էլ մատչելի կլինի»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմենուհի says:

    Նույն Կուրացիո ընկերությունը այժմ վաճառում է Նուտրիզոնը 3600 դրամով։ Արդյո՞ք տուգանքով սահմանափակվում է ամեն ինչ։
    Հարգելի լրագրող, սա պետք է որ ձեզ էլ հետաքրքրի։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930