Այսօր Aravot.am-ը «Արմատ» ակումբում բնապահպանության նախարարության Թափոնների ու մթնոլորտարտանետումների կառավարման գերատեսչության պետ Եղիշե Տերտերյանից, որը եկել էր խոսելու թափոնների ու մթնոլորտ արտանետումների հիմնախնդիրների մասին, հետաքրքրվեց, թե հանքարդյունահանող ընկերությունների` համայնքների բյուջե վճարվող բնապահպանական վճարներն արդյոք բավարա՞ր են տվյալ համայնքում ծագած բնապահպանական ու առողջապահական խնդիրները լուծելու: Եղիշե Տերտերյանն ի պատասխան՝ ասաց, որ իրեն ոչ մասնագիտական հարց ենք տալիս. «Հանքարդյունաբերության ոլորտը պարոն Տերտերյանի հետ կապ չունի, բայց ես կարող եմ ձեր հարցին սիրողական մակարդակով պատասխանել, որը չի լինի պաշտոնական տեսակետ: Ես նույնիսկ չգիտեմ հանքարդյունաբերական ոլորտում ինչ բնավճարների մասին է խոսքը, ինչ գումարներ են հավաքվում, որ մեկնաբանեմ՝ քիչ են, թե ոչ, կոնկրետ ինչ չափի են, որ ասեմ կոնկրետ ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն, կբավականացնեն, թե չեն բավականացնի: Որ կան խնդիրներ, մենք չենք խուսափում պատասխանել»:
Լրագրողների այն հարցին, թե հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած թափոնների` բնությանը հասցված վտանգները որքա՞ն են կազմում, պարոն Տերտերյանը կրկին ասաց, որ իրենց նախարարության լիազորություններից դուրս հարցեր ենք տալիս եւ որ դա մի քանի գերատեսչությունների գործն է` ուսումնասիրելը եւ համապատասխան եզրակացություններ տալը: Մեր այն դիտարկմանը, թե անզեն աչքով էլ երեւում է վնասակար թափոնների ազդեցությունը բնության վրա, հետաքրքրվեցինք, թե կա,՞ արդյոք, միջգերատեսչական խումբ, որը կկատարի այդ ուսումնասիրությունը եւ կպարզի դրանց հասցված վտանգների ազդեցությունը: Նախարարության պաշտոնյան կրկին ասաց, որ իր լիազորություններից դուրս հարց ենք տալիս: Եղիշե Տերտերյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Հարցին, թե հանրապետության տարածքում հանքարդյունաբերության հետեւանքով ո՞ր բնակավայրում է մթնոլորտն ամենաաղտոտվածը, պարոն Տերտերյանն ասաց, որ այս կամ այն մարզի անունը տալու համար իրենք պետք է ունենան փաստեր, որոնք չկան: Թե ինչ են պատասխանել Լոռու մարզի բնակիչները բնապահպանության ոլորտի պատասխանատուներին, երբ այցելել են այդ մարզ` օդի աղտոտվածության աստիճանը պարզելու` դիտեք տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ