Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի մայրը կպարզի`ՀԱԿ-ն ինչու չաջակցեց իրենց փոխհատուցում նախատեսող օրինագծին

Հունիս 04,2013 14:57

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը, չի հավատում, որ

Մարտիմեկյան զոհերի ժառանգներին փոխհատուցում նախատեսող օրենքի նախագծին ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներն աջակցել են, բացի ՀԱԿ-ից:

«Տեղյակ եմ օրինագծից, այն դեռ շրջանառության մեջ չի դրվել: 2,5 ամիս քաղաքում չեմ եղել ու չգիտեմ` ինչ է տեղի ունեցել: Գիտեի, որ օրինագիծը պետք է շրջանառության մեջ դրվի: Տեղյակ եմ, որ ՀՀԿ-ն աջակցել է, բայց ՀԱԿ-ի չաջակցելուց տեղեկություն չունեմ: Չգիտեմ ի՞նչն է պատճառը: Չեմ սպասում, որ ՀԱԿ-ը չաջակցի: Ամիսը գոնե մեկ անգամ ՀԱԿ-ից զանգում են, հետաքրքրվում` ոնց ենք, ճիշտ է, նյութական աջակցություն իրենցից չենք ստանում, բայց գոնե բարոյապես աջակցում են, հարցնում են `կա՞նք, սա՞ղ ենք, երեխաները ոնց են: Իսկ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն որ աջակցել են Փաշինյանի ծրագրին, տեղյակ եմ, շատ ուրախ եմ, բայց այս 5 տարիների ընթացքում բարոյապես նրանց համար գոյություն չենք ունեցել: Ես կասեի՝ ընդհակառակը, մարտի մեկ բառն ուզում են հեռացնել իրենց մտքից, կյանքից առօրյայից: Իսկ նյութականը, որ նախատեսել են ու աջակցել են ծրագրին, շնորհակալ ենք»,- Aravot.am-ին ասաց Ազատուհի Քլոյանը` անդրադառնալով Ն. Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով Մարտի 1-ի զոհերի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում է նախատեսվում 50 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորներից աջակցություն ստացել է, իսկ ՀԱԿ խմբակցությունից ոչ մի պատգամավոր չի աջակցել:

Ա. Քլոյանն ասաց, ՀԱԿ-ի չաջակցելու վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն ու գնահատական չի տա, մինչեւ անձամբ չզրուցի Նիկոլ Փաշինյանի հետ «Ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ը քայլեր չանի նման ծրագրին աջակցելու համար»:

Մեր հարցին, հնարավո՞ր է Ն. Փաշինյանի հետ անձնական հակասությունների պատճառով ՀԱԿ-ից մերժեն աջակցելը, տիկին Քլոյանն ասաց. «Չէ, չէ: Չեմ հավատում, առայժմ: Չեմ հավատում, որ հակասությունների պատճառով նման բան լինի: Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ՀԱԿ-ում, թեկուզ կուսակցությունից դուրս եկած անդամ նման կերպ չի վարվի»:

Ա. Քլոյանը նաեւ հավելեց, որ ծրագրի աջակցությունը պետք է Գոռի երեխաներին. «Այդ աջակցությունը պետք է երեխաներին: Թե չէ մեր կորստին փոխհատուցում չկա:

Ամուսինս թոշակառու է ու ի վիճակի չէ անչափահաս երեխաներին պահել մինչեւ չափահաս դառնալը: Ամուսնուս ջանքերով, երեխաները ստացել են ամեն մեկը 10.000-ական դրամ, հետո այդ գումարը աճել է 3.000 դրամով: Իհարկե, դրա անհրաժեշտությունը կա, դեռ կասեի` ավելի շատ կա, որ այս երեխաները հասնեն իրենց նպատակին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930