Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակի պրոբլեմները կույրին էլ տեսանելի են

Հունիս 04,2013 14:27

-Երևանի քաղաքապետարանի հայտարարած՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթը վերջին օրերին ԶԼՄ-ների և սոցցանցերի հիմնական թեմաներից է դարձել` հետին պլան մղելով գազի գինն ու բազմաթիվ այլ հարցեր: Բանն այն է, որ հրապարակի հետ կապված սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ մրցույթն է, քաղաքապետարանը անցած 10 տարում 3-4 անգամ այս թեմայով մրցույթ է հայտարարել … Եվ ուրեմն, ինչով է բացատրվում հերթական մրցույթի հայտարարմանը հաջորդած աժիոտաժը : Այս և խնդրին վերաբերող այլ հարցերի շուրջ է մեր զրույցը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամ, ճարտարապետ ԼԵՎՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով մեր ունեցած տեղեկություններով վերջերս հրաժարվել է ճարտարապետների միության վարչության անդամ լինելուց:

-Ճիշտն ասած, չեմ էլ ուզում բացատրել, քանի որ եթե ընկնեմ սոցցանցերի, ֆեյսբուքյան գրառումների, քննարկումների հետևից, իմ գործն ով պիտի անի: Դա ինձ չի էլ անհանգստացնում, գտնում եմ, որ ամեն մարդ պիտի զբաղված լինի իր պրոֆեսիոնալ գործով: Թող արտահայտվեն, ի վերջո, դրանք այն մտքերն են, որոնք առաջ սրճարանում սուրճ խմելիս էին մարդիկ միմյանց հետ կիսում: Հիմա այդ նույնը հանրության համար ընկալելի է դարձել, որովհետև արձանագրվում է և ընթեռնելի է դառնում:

Ինչ վերաբերում է կոնկրետ նյութին, ապա այն ինձ համար հասկանալի է և նույնիսկ ուշացած , որովհետ ես ուսանողական տարիներից Ալեքսանդրա Երեմյանի /ճարտարապետության տեսաբան / առաջին դասախոսություններից երբ ընկալեցի՝ ինչ ասել է քաղաքաշինություն, Թամանյան, թամանյանական մտածողություն, արդեն իսկ հասկացա` մեր հրապարակը թերի է, այն շեղվել է Թամանյանի մտահղացումից: Ցավոք, հենց Թամանյանից հետո Հանրապետության հրապարակը շարունակողը շեղեց այն` թամանյանական հրապարակը վերածելով Սբ. Պետրոսի հրապարակի նման մի կոնֆիգուրացիայի: Մինչդեռ, եթե Թամանյանի նախագիծը նայեք, կտեսնեք, որ նա արական գիմնազիայի շենքը / այսօր` Առնո Բաբաջանյան համերգասրահ/ պահել է այնպես ինչպես կա, քանզի Սարյանի հետ միասին է այդ շենքի դահլիճը վերակառուցել: Հետո , ավելի ուշ շրջանում մեր որոշ գործընկերներ իրենց էգոիզմի զոհը դարձրին այն, բայց սա լրիվ այլ թեմա է:

Հրապարակը մեր ամենամեծ հաջողություններից է, մեր հպարտությունը, որի ճառագայթաձև փողոցներից պիտի հստակ ընկալեինք Արարատը: Լեռը պիտի միշտ ներկա լիներ հրապարակում: Այս իդեան այսօր պահպանված չի, էլ չենք խոսում ջրավազանի, պատկերասրահի շենքի մասին, որոնք Թամանյանի նախագծած հրապարակի հետ կապ չունեն… Սրանք թեմաներ են, որոնցով մտահոգ, մտածող ճարտարապետը պիտի կարողանա նստել, հանձնել թղթին իր մտահոգությունները, որովհետև հենց այնպես խոսելով ճարտարապետություն չի լինում:

-Ձեզ չի՞ մտահոգում այն, որ մեր հանրությունը մի տեսակ սկսել է սարսափել ճարտարապետների առաջարկներից ու մտքերից:

– Հանրություն բառը դուք շատ եք օգտագործում, ես չգիտեմ, ով` ինչ է գրում սոցցանցերում ու ասում, դա ինձ քիչ է հետաքրքրում: Բայց այն, որ այսպիսի աղմուկ եղավ մեկ էլ այն ժամանակ, երբ Նարեկ Սարգսյանի կողմից կառավարության շենքի թմբուկի վերստեղծման խնդիրը դրվեց, ակնհայտ է: Ցավում եմ, սակայն դեռ այն ժամանակ ես հասկացա, որ իմ կոլեգաների մեծ մասը, կներեք, բայց պիտի ասեմ` տգետ են: Նրանք նույնիսկ տեղյակ չէին, որ Թամանյանի նախագիծը թերի է իրականացված՝ առանց գմբեթի… Կառավարության շենքի ծավալատարածական լուծումը և ճարտարապետական որակը այսօր այն չի, այն թերի է: Ես երկու ձեռքով կողմ էի, որ թմբուկը պիտի վերակառուցվի: Բայց այդ ժամանակ, քաղաքաշինական խորհրդում միակ մարդը, որ դեմ քվեարկեց թմբուկին, ես եմ եղել` ասելով`մինչև հրապարակի ողջ ծավալատարածական հայեցակարգը չլինի, թմբուկը դնելն անհասկանալի է: Իմ կոլեգաների մեծ մասն այդ ժամանակ` առաջին անգամ իրենց համար բացահայտեցին, որ Թամանյանի նախագծում թմբուկ է եղել և առանց անհարմար զգալու ինձ հարցնում էին՝ որտեղ կարող ենք տեսնել թմբուկը, իսկ հաջորդ օրը թերթը բացում էի՝ և տեսնում, որ տվյալ մարդը ծավալուն հոդված է հեղինակել, թե` Թամանյանի թմբուկն այսպես ու այնպես: Դրա համար ես այսօր բարձր ու մեծ խոսողներին, աղմկողներին չեմ էլ ուզում արձագանքել:

– Քաղաքապետարանը, նաև դուք պնդում եք, թե հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են եղել մրցույթի անցկացմանը: Սակայն ձեր գործընկեր ճարտարապետները`ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանը և Սաշուր Քալաշյանը ասում են, թե խնդիրը, նյութը մրցույթ հայտարարելու համար հում է: Նաև` պնդում են, որ ճարտարապետական հանձնաժողովը հավուր պատշաճի չի անդրադարձել հարցին, իրենք տեղյակ չեն և այլն: Ինչպես կմեկնաբանեք այս ամենը:

– Հանձնաժողովը հրապարակին և մրցույթի թեմային անդրադարձել է ավելի, քան պետք է: Ամեն անգամ /6 նիստ է եղել, արձանագրությունները բոլոր անդամներին ուղարկվել են/, երբ հրապարակի հարցը քննարկման էր դրվում, ես դեմ էի լինում, որովհետև այն քննարկելու հարց չի: Հրապարակի պրոբլեմները, կույրի համար անգամ տեսանելի են՝ տրանսպորտային, սիլուետների աղճատում և այլն, և այլն: ճարտարապետները, որոնք այս հարցին այսօր դեմ են, ուղղակի ասելիք չունեն: Նրանք չեն ընկալում, թե ինչ կարելի է անել: Ասում են` հրապարակը ավարտուն է, պրծած է, ինչ կա անելու, ասում եմ` եղբայր, երբ որ կգա նախագծելու, մրցույթ անելու պահը, ես կներկայացնեմ իմ ասելիքը: Մինասյանն ասում է ոչ մի խնդիր չկա, բայց երբ հրապարակից Ամիրյան փողոցով դուրս ես գալիս և իր հեղինակած հսկա շենքին դեմ առնում, հասկանում ես, որ խնդիրը վաղուց կա: Եթե այս հարցը ժամանակին քննարկվեր, հրապարակին հարող գոտին որոշված լիներ և այս գոտում նախագծվող շենքերի հանդեպ հստակ վերաբերմունք ու չափորոշիչներ լինեին, ՃՄ նախագահ Մկրտիչ Մինասյանի նախագծած շենքը չէր լինի:

Իսկ թե ինչու են այդ մարդիկ մրցույթին կողմ լինելով դեմ արտահայտվում, ես չգիտեմ : Թե ինչ դիրքորոշում ունեն, ինչ կասեն իրենք, ինձ չի հետաքրքրում, որովհետև այդ նույն մարդիկ գմբեթի քննարկման ժամանակ էլ կողմ քվեարկեցին, հետո դուրս գալով նիստից, հակառակն էին պնդում. Քալաշյանը նույն օրը հարցազրույց տվեց և լրիվ հակառակ կարծիքը հայտնեց, հետո եկավ` մեր խորհրդում, թե՝ կներեք, ես չէի հասկացել հարցն ինչի մասին է: Իսկ ո՞վ է վստահ, թե նա այսօր այդքան քննարկելուց հետո հասկացել է, թե հարցն ինչի մասին է:

-Օրերս մոսկվաբնակ ճարտարապետ Կարեն Բալյանն իր տեսակետը հայտնելով , միաժամանակ դժգոհում էր, թե ինչու միջազգային մրցույթ չի հայտարարվել, որ կարողանան մասնակցել նաև արտերկրում ապրող ճարտարապետները:

– Միջազգային մրցույթ չի կարող լինել սա, որովհետև նման մրցույթ անելուց առաջ անհրաժեշտ է ունենալ մշակված կոնկրետ առաջադրանք: Այս հայեցակարգային մրցույթի ողջ իմաստը մասնագետների մտքերը հավաքել-ամբողջացնելն է, որ երբ աստված տա՝ հզորանանք, միջազգային լուրջ մրցույթ անելու համար պատրաստի առաջադրանք ունենանք: Հանրապետության հրապարակը մեզ համար այն կարևորագույն արժեքն է, որն, ըստ իս, մենակ այս երկրի, այս հող ու ջրի ճարտարապետը կարող է ընկալել:

– Ի դեպ, տեսակետներ են հնչում, թե համատարած թանկացումների ֆոնին ինչ կարիք կա հրապարակի վերակառուցման հարց դնել, փոխարենը`կարելի է Հանրապետության հրապարակի վրա ծախսվելիք գումարներով վերելակներ , կամ անապահով ընտանիքների համար` բնակարաններ կառուցել…

– Եթե այդ կերպ մտածեինք, ոչ լեզու կունենայինք, ոչ՝ մշակույթ, ոչինչ չէինք կառուցի, բայց պարսիկների, արաբների և բյուզանդացիների տիրապետության տակ անգամ հայերը կառուցել են: Ցեղասպանությունից հետո, 20-ականների՝ սովի և կարիքի մեջ գտնվող Երևանում Թամանյանը օպերա ու կառավարության շենք էր կառուցում՝ ստեղծելով այն քաղաքը, որով մենք հպարտանում ենք:

ԱՆԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930