«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ մայիսի 26-30-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին: Պատվիրակության թե իշխանական, թե ընդդիմադիր անդամներն արդեն դրական, պետության շահից բխող են գնահատել սույն հարթակում մեր պատվիրակության գործունեությունը: Սակայն պարզվում է՝ անհարթություններ, այնուհանդերձ, եղել են: Ոչ Բրյուսելում: Երեւանում: Մինչ մեկնելը: Բանն այն է, որ յուրաքանչյուր խմբակցություն ինքն է որոշում, թե իր որ անդամը որ պատվիրակության կազմում պետք է ներգրավված լինի: «Ժառանգություն» խմբակցությունից արտասահմանյան ուղեւորություններին հիմնականում մեկնում է Զարուհի Փոստանջյանը: Այս անգամ եւս նախատեսված է եղել, որ տիկին Փոստանջյանը պետք է մեկնի Բրյուսել: Սակայն «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը խնդրանքով դիմել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի «Եվրանեսթի» լիագումար նիստին մասնակցի «Ժառանգության» մեկ այլ պատգամավոր՝ Թեւան Պողոսյանը: Այս խնդրանքը հիմնավորվել է նրանով, որ ադրբեջանական պատվիրակությունն այդ հարթակում փորձելու է դարձյալ խիստ հակահայկական կեցվածք դրսեւորել, ու Թեւան Պողոսյանի կարիքն այդտեղ զգացվելու է, քանի որ վերջինս աշխատանքի մեծ փորձ ունի Ադրբեջանի քաղաքացիական ցանցի ներկայացուցիչների հետ, ուստի կկարողանա առավել արդյունավետ աշխատանք տանել: Թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը նախնական համաձայնություն տվել է, բայց օդանավակայանում մեր պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ Զարուհի Փոստանջյանին տեսնելով:
Ինչեւէ, մեր տեղեկություններով՝ դա բնավ էլ չի խանգարել, որ Թեւան Պողոսյանն օգտակար լինի մեր պատվիրակներին եւ Հայաստանից մշտական կապի մեջ լինելով՝ թե ադրբեջանցի իր գործընկերների հետ, թե Բրյուսելում գտնվող մեր պատվիրակության անդամների հետ, իր աջակցությունն է ցուցաբերել, որպեսզի լիագումար նիստի վերջնական փաստաթղթում հակահայկական ձեւակերպումներ չընդգրկվեն:
Երեկ փորձեցինք «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանից ճշտել, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահել իր նախնական խոստումը: Վերջինս Հայաստանում չէր, գործուղման մեջ էր: Ամբողջ օրը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ Զարուհի Փոստանջյանը: Իսկ Շվեյցարիայում գտնվող Թեւան Պողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ որոշում կայացրել է խմբակցությունը, եւ ինքը չգիտի, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել: Ամեն դեպքում մեր զրուցակիցը համեստորեն նկատեց, որ այն աջակցությունը, որն ինքը տրամադրել է, իր պարտքն է համարել, եւ անկախ ամեն ինչից՝ ինքն աշխատել ու աշխատելու է մեր պետության շահի համար:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև