Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ի՞նչ եք ուզում, որ ասեմ»

Հունիս 04,2013 14:26

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը խուսափեց Սյունիքի մարզպետի հասցեին «թթու» խոսք ասել

Նախօրեին Գորիսում՝ Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցներն ու սպանությունը պայթեցրին իշխող Հանրապետական կուսակցության «Դեպի ապահով Հայաստան» նախընտրական կարգախոսի փուչիկը: Որքան էլ որ նախագահ Սարգսյանն իր քարոզչության հիմքում դրել էր այն գաղափարը, որ իր պաշտոնավարման ավարտին թողնելու է «բոլորովին այլ՝ ապահով Հայաստան», Սյունիքի մարզպետի մասնակցությամբ հերթական սկանդալը շտապեց փաստելու, թե ինչպիսի Հայաստանում ենք դեռ ապրում: Ճակատագրի հեգնանքով այժմ նախագահ Սարգսյանը վճռելով Սուրիկ Խաչատրյանի ճակատագիրը՝ ըստ էության, վճռելու է սեփական ճակատագիրը: Այս իմաստով Սուրիկ Խաչատրյանի «լինել-չլինելու» հարցը թերեւս կհստակեցնի, թե ի վերջո ի՞նչ եւ ինչպիսի՞ Հայաստան է պատրաստվում մեզ թողնել Սերժ Սարգսյանը հեռանալիս: Երեկ ամբողջ օրը խոսակցություններ էին շրջանառվում, որ Սուրիկ Խաչատրյանը եկել էր Երեւան՝ նախագահի հետ հանդիպելու: Նախագահի մամուլի խոսնակն, ըստ էության, չհերքելով սույն խոսակցությունները՝ հաստատել էր, որ մարզպետը եւ նախագահը հանդիպել են: Թե ինչ են պայմանավորվել Սերժ Սարգսյանն ու Սուրիկ Խաչատրյանը՝ հասկանալի կդառնա նախաքննության ընթացքից:

Մինչ նախաքննության ավարտը՝ երեկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները խուսափում էին հստակ գնահատականներ տալ այս միջադեպին՝ հորդորելով սպասել իրավական գնահատականի: Հատկանշական էր ՀՀԿ-ական պատգամավորների կեցվածքը, նրանք, ինչպես ասում են, կարճ եւ կոնկրետ էին արձագանքում միջադեպի առիթով լրագրողների հարցերին՝ հորդորելով, այնուհանդերձ, սպասել իրավական գնահատականի՝ զուգահեռաբար փորձելով «մոռացության» մատնել Սուրիկ Խաչատրյանի նախկին «սխրանքները» կամ էլ ասելով, որ դրանք կապ չունեն ՀՀԿ անդամ լինելու հետ: Ներկայացնում ենք ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի հարցազրույցը՝ առանց մեկնաբանությունների:

– Եթե ինչ-որ բան է տեղի ունենում, ՀՀԿ-ական գործիչները իրար հետեւից «ստատուսներ» են գրում սոցցանցերում, մեկնաբանություններ են անում, այս դեպքում լռել եք, քաղաքական գնահատականներ չեն հնչում: Ինչո՞ւ:

– Իրավական գործընթացներ են, նախաքննություն է իրականացվում, իրավապահ մարմինները աշխատում են, եւ ցանկացած գնահատական, ցանկացած միջնորդություն, ուղղակի գործի հետ կապված գնահատական, որը հիմքեր չի ունենա, բացի վերլուծություններից, խանգարելու է գործընթացին:

– Զուգադիպությո՞ւն է, որ ամեն անգամ Սուրիկ Խաչատրյանը նմանատիպ պատմությունների մեջ է ընկնում:

– Ես կցանկանայի, որ մեր խոսակցությունն ավելի իրավական հարթության մեջ լիներ, ոչ թե հուզական, վերլուծական: Իրավական գործընթացները կավարտվեն, քաղաքական գնահատականների ժամանակ կլինի:

– Առաջին դեպքը չէ, որ Սյունիքի մարզպետը նման պատմությունների կենտրոնում է հայտնվում, եւ իրավական գործընթացի արդյունքում պարզվում է, որ նա «անմեղ» է…

– Հակառակ դեպքում ո՞վ է դատավորը լինելու:

– Չե՞ք կարծում, որ նա պարզապես վայելում է նախագահի համակրանքը, ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, եւ դա առավելություն է իր համար:

– Ոչ, չեմ կարծում, որովհետեւ ՀՀԿ անդամ լինելը երբեւէ իրավունքներ չի, այլ ընդհակառակը՝ պարտականություն է:

– Առօրյա կյանքում ականատես ենք լինում հակառակին: Ասենք՝ Փակ շուկայի պատմությունը. բոլոր շահագրգիռ կողմերը դեմ են, պայքարում են, բայց ՀՀԿ խմբակցության օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բարեհաջող շարունակում է իր գործը, ու դա պարտականություն չէ, այլ իրավունք:

– Դա ձեր կարծիքն է:

– Բացի Վազգեն Խաչիկյանի օրինակից՝ կարո՞ղ եք այլ օրինակ բերել, երբ ՀՀԿ-ականը պատժվում է:

– Ես որեւէ օրինակ չեմ ուզում բերել: Դուք անընդհատ տեսնում եք, թե ինչ գործընթացներ են լինում իրավական հարթության մեջ, ինչ դատավարություններ… ես որեւէ օրինակ, անգամ ձեր հնչեցրածը, չեմ ուզում բերել:

– Կասե՞ք մեկ բարձրաստիճան պաշտոնյայի, ով պատժվել է իր արարքի համար:

– Ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները:

– Երբ Վարդան Օսկանյանին զրկում էին անձեռնմխելիությունից, մեկդ մեկին հերթ չտալով՝ կարծիքներ էիք հայտնում, հիմա ձեր կուսակից ընկերը հայտնվել է մի իրավիճակում…

– Հասկացա հարցը: Եթե դուք հիշում եք՝ կար իրավական գնահատական, ՀՀ դատախազի միջնորդություն, եւ, բնականաբար, որոշակի գնահատական կարելի էր հայտնել: Այստեղ որեւէ գնահատական դեռ չունենք: Որեւէ խնդիր չի քաղաքական գնահատական հնչեցնել, եթե կա իրավական գնահատական:

– Ինչպե՞ս է ստացվում, որ օրը ցերեկով կրակոցներ են հնչում Ձեր կուսակցական ընկերոջ տան մոտ: Այսինքն՝ սա նորից խոսում է անպատժելիության մասին: Այս առումով ի՞նչ քաղաքական գնահատական կհնչեցնեք:

– Դատապարտելի արարք է ցանկացած դեպքում:

– Որքանո՞վ եք տեղյակ այդ դեպքից:

– Այնքանով, որքանով լրահոսում եղել է:

– Կուսակցությունում որեւէ քննարկում, խոսակցություն եղե՞լ է դեպքի առիթով:

– Այս պահին՝ ոչ:

– Արդարացի համարո՞ւմ եք Սուրիկ Խաչատրյանի հրաժարականի պահանջը:

– Գործընթացներից պետք է առաջ չընկնել: Եթե կլինեն վերջնական իրավական գնահատականներ, արդեն կոնկրետ գործողությունների հետ կապված, մնացած շարունակական գործընթացները արդեն կարելի է շարունակել:

– Չե՞ք բացառում, որ վերջում պարզվի, որ Սուրեն Խաչատրյանը որեւէ կապ չունի այս ամբոջ պատմության հետ:

– Ես նման բա՞ն ասացի: Ես չեմ դրա գնահատական տվողը: Կա գործընթաց՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ, պետք է ունենալ համբերություն:

– Բացառո՞ւմ եք, թե՞ ոչ:

– Դուք հիմա հռետորական հարց եք տալիս: Ուղղակի խոսակցությունների, վկաների տեսածների արդյունքում քաղաքական գնահատական տալը ժամանակավրեպ է:

– Մեր իրականության մեջ սովորաբար քաղաքական գնահատականից է բխում իրավական գնահատականը:

– Չեմ կարծում, որովհետեւ շատ դեպքերում բոլորս սենսացիաների հետեւից ենք վազում եւ չենք համբերում, որպեսզի լինեն վերջնական մասնագիտական գնահատականներ: Խոսքը միայն այս դեպքի մասին չէ: Ընդհանրապես մասնագիտական գնահատականից առաջ մենք փորձում ենք աղմուկ ունենալ:

– Դուք, որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ, զուտ անձնական հետաքրքրությունների կամ անհանգստությունների մակարդակում փորձե՞լ եք ավելին իմանալ դեպքի մասին, քան լրահոսում կա:

– Ոչ:

– Այն, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն ձերբակալել են սպանության մեղադրանքով, դա չի՞ խոսում մարզպետի ուղղակի կապի մասին այս դեպքի հետ:

– Դուք ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Կլինեն ձերբակալություններ, հարցաքննություններ, բայց դրանից գնահատական չի ձեւավորվի: Ընդամենը պետք է թողնել, որ նախաքննական մարմինն իր գործն ավարտի:

Հարցերի մի մասը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Այս երիտասարդը ինձ հիշեցնում է 80-ական թ-րի ինստիտուտներում՝ կոստյումների վրա կոմերիտ-միության կրծքանշաններով, դեմքի մտախոհ և շատ լուրջ արտահայտությամբ, կարծես աշխարհից վերացած, բայց աշխարհի հոգսի տակ կռացած, նաև խիստ ռոբոտացած իրենց խոսակցության և
    շարժումների մեջ, որոնց հետ չէր կարելի կատակել,՝ նույնիսկ հասակակից համակուրսեցիները:
    Նրանք առանձնապես գիտելիքներով չէին փայլում, կամ գուցե փայլում էին, բայց թաքցնում էին իրենց փայլը, քանի որ չէին կիսվում և քննությանը պատասխանում էին ամենավերջում: Երբեմն
    կարող էին համակուրսեցիներին իրենց գոյությունը ընդգծելու հանար նկատողուտյուններ անել,՝ այն
    կարգի, որը բոլորովին էական չէր, օրինակ չի կարելի հենվել սեղանին, այլ պետք է նսրել նստարանին
    կամ աթոռին, բայց այնքան լուրջ տոնով, որ երբեմն թվում էր թե նրանց ասածը իրոք շատ կարևոր է:
    Հետո պարզվեց, որ այդ մարդիք համախմբվում են և նույն լրջությամբ երկիրը կործանում, քանի որ
    ունեն խմբակային մտածողություն, որը զուրկ է երևակայության որևէ նշույլից: Կարող են շրջել ողջ
    աշխարհը, բայց ոչինչ չտեսնել: Այս տեսակի մարդիք շատ օգտակար են իրենց, և իրենց հարազատների համար, բայց ճիշտ հակառակն՝ հասարակության: Այս մարդկանց մասին՝ այսքանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930