Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսը նվիրված էր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի ռուսական ակադեմիայի անդամ Նիկոլայ Նիկողոսյանին: Նիկոլայ Նիկողոսյանի հայտնի աշխատանքների թվում են Երևանում Միքայել Նալբանդյանի և Եղիշե Չարենցի արձանները, Գյումրիում ՝ Ավետիք Իսահակյանի հուշարձանը, հայտնի ստալինյան բարձրահարկ շենքերից մեկի մոնումենտալ քանդակները և այլն:
«Քանդակագործ նկարիչն իր յուրաքանչյուր աշխատանքի վրա նշել է ժամը, ամսաթիվը, շատ անգամ նաև իրադարձությունը, որի ազդեցության տակ էլ ստեղծվել է աշխատանքը»,-փաստեց արվեստաբան, Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլիթ Սարգսյանը:
Նաեւ հավելեց. «Այսօրվա երիտասարդությունը մոռանում է անցած դարաշրջանի ստեղծագործողներին:Մենք բոլոր կտավների հետ կներկայացնենք նրանց պատմությունը, որպեսզի հասարակությանն ավելի լավ տեղեկացնենք»:
Լիլիթ Սարգսյանը նշեց, որ բացման արարողությանը հրավիրված են այն մարդիկ, ովքեր երբեւէ համագործակցել են մաեստրոյի հետ:
Կարդացեք նաև
Իսկ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը ասաց, որ այս միջոցառման շրջանակներում վարպետը մայր թանգարանին նվիրել է իր ՝ Մայա Պլիսեցկայայի քանդակը: Նրանք նշեցին, որ մաեստրոն առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա լինել ցուցահանդեսի բացման արարողությանը, սակայն ներկաներին կողջունի տեսաուղերձով:
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս, որի ընթացքում ի թիվս այլ գործերի, կներկայացվի 17 կտավ, 30 քանդակ, որոնցից 28-ը ընտանեկան պահոցից է , իսկ 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահի:
Անի ԱՄԻՐԽԱՆՅԱՆ