Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ից տարեկան մեկ միլիարդ դոլա՞ր է «արտահանվում»

Հունիս 04,2013 14:15
Aram Sargsyan

«Այսօր նման հարց գոյություն չունի՝ դեպի Արեւե՞լք, թե՞ Արեւմուտք: Խնդիրն այն է, թե այսօր Հայաստանն ինչպիսի ներքին քաղաքականություն պիտի վարի, որ այդպիսով էլ տրամաբանված լինի արտաքին վեկտորի հետ կապված այս կամ այն ընտրությունը: Երբեւիցե չպետք է լինի այնպես, որ մենք ընտրություն կատարենք «կամ-կամ»-ի միջեւ եւ այդպիսով մեզ սահմանափակենք շատ հարցերում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում մեր երկրում ծավալվող քննարկումներին՝ ո՞ւր գնալ՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն: «Ես կոչ եմ անում լրջագույն քննարկում անցկացնել: Անգամ գիտական մակարդակի: Խորիմաստ մոտեցում է պետք: Ի՞նչ է նշանակում այսպես պարզունակ ձեւով ասել՝ Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա: Մենք ունե՞նք Հայաստանի զարգացման հեռանկարի կոնցեպտը, որը ցույց կտա, թե Հայաստանը ո՞ւր եւ որ ամենագլխավորն է՝ ինչպե՞ս է գնալու: Իր ներքին ո՞ր պոտենցիալն է օգտագործելու, որպեսզի այդ ամբողջն իրականացնի: Մենք մանկապարտեզի երեխաներ չենք, որպեսզի որեւէ մեկն ասի՝ սա չի կարելի անել, նա էնպես է պետք անել: Նրանք, ովքեր դիտարկում են մեզ, տեսնում են, թե մենք ինքներս ինչ ենք անում, եւ դրան համապատասխան էլ վերաբերմունք են ձեւավորում մեր նկատմամբ: Սա շատ տրիվիալ, բայց շատ կարեւոր հանգամանք է, որը բոլորս պետք է հասկանանք: Եթե, ասենք, ՌԴ-ն, ԱՄՆ-ը կամ մեկ այլ երկիր տեսնում է, որ Հայաստանից տարեկան մեկ միլիարդ դոլարի արտահոսք է լինում, չե՞ն ասում՝ որ էդ մեկ միլիարդն ունեք, ինչո՞ւ չեք օգտագործում: Իսկ այդ գումարը գնում է նաեւ ապրանքի տեսքով, որի համար հարկեր չեն վճարվել, մաքսատուրք չի գանձվել, դրսում վաճառվելուց հետո շահութահարկ չի վճարվել, ու շահույթը չի վերադարձել Հայաստան, ներդրում չի արվել»,- ասաց Արամ Սարգսյանը: Այսքանից հետո նա հարկ է համարում հարց հնչեցնել. «Կոչ եք անում այլոց, որ Հայաստանում ներդրումներ անեն, բա նրանք էլ ասում են՝ ինչո՞ւ ձերոնք դա չեն անում: Սա շատ կարեւոր հանգամանք է, որ մեր մասին տպավորություն ստեղծվի: Մարդիկ էլ մտածում են, որ ուրեմն՝ ներքին մոնոպոլ շուկան է խանգարում, տնտեսական մրցակցության բացակայությունը, մեծ ռիսկայնությունը, ինչն էլ բերում է անվստահության եւ արտագաղթի: Այս պայմաններում ի՞նչ վերաբերմունք է լինելու Հայաստանի նկատմամբ: Ամենատարրական բանն եմ ասում՝ եթե օտարերկրացին ներդրում է կատարում, արդյոք շանտաժի չի՞ ենթարկվում»:

 Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Հարցազրույցն ամբողջությամբ՝

«Առավոտի» վաղվա համարում

 

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930