Լրահոս
Օրվա լրահոսը

Կադաստրի պետի տեղակալը՝ բարեփոխումների, ատկատների ու Գյումրիում Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին

Հունիս 04,2013 14:11

Շաբաթ օրը   Գյումրիում հրավիրած  մամուլի ասուլիսի   ժամանակ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը խոսեց կադաստրի համակարգում  տեղ գտած բարեփոխումներից, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումից, քաշքշուկների  ու մարդկանց կուտակումների վերացումից: Պաշտոնյան հպարտորեն նշեց, որ այս տարվա հունվարին ՀՀ վարչապետը հայտարարել է, որ բնակչության շրջանակում իրականացրած հարցումների հիման վրա շոշափելի արդյունքներ են ձեռք բերվել  մի քանի ոլորտներում՝ բջջային կապի  ու ինտերնետի ոլորտում՝ 93,5 տոկոս,   կադաստրի համակարգում՝ 65,1 տոկոս: Աշոտ Մուսայանը նշեց նաեւ,  որ 185 երկրների շարքում՝  իրավունքի գրանցման առումով, ՀՀ-ի կադաստրի համակարգը 4-րդ տեղն է զբաղեցրել 2012 թվականին: Նա նաեւ շեշտեց, թե բարեփոխումներից հետո նվազել է թե մերժումների  եւ թե  դատական վեճերի քանակը: Լրագրողներն էլ, իրենց հերթին, նշելով, որ իրենց համար  վարչապետի գնահատականը իրավիճակի օբյեկտիվ արտացոլումը չէ,  պաշտոնյայից  հետաքրքրվեցին, թե ատկատներ չկա՞ն կադաստրում, կա՞ն աշխատակիցներ, որոնք պատժվել են կաշառք վերցնելու համար, ազատվել են աշխատանքից: Պաշտոնյան, խնդրելով բացատրել, թե ի՞նչ է նշանակում ատկատ, այդուհանդերձ՝  պարզաբանեց. «Կաշառակերության համար պատժվող մարդ չկա, բայց մենք շատ կարգապահական տույժեր  ենք կիրառում ամեն ամիս: Այսօրվա վիճակով էլեկտրոնային  համակարգը թույլ է տալիս, որ մենք, կոմիտեում նստած՝ կարողանանք տեսնել, թե  ամբողջ հանրապետությունում  ով ինչ գրանցում իրականացրեց: Մենք ինքներս տեսնում ենք՝ եթե գրանցումը սխալ  է իրականացվել, կամ մերժումը  սխալ  է տրվել, անմիջապես ամեն ամսվա վերջում կոմիտեի նախագահի մոտ ներկայացնում ենք տվյալները, տվյալ աշխատակիցները կարգապահական տույժ են ստանում՝ սկսած ֆինանսական, խրախուսման կտրելուց մինչեւ խիստ նկատողություն ու աշխատանքից հեռացում, եթե կրկնվում է մի քանի անգամ»: Նրա տեղեկացմամբ՝  առնվազն 50-ից ավելի աշխատակիցներ կարգապահական տույժի  են ենթարկվել  վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ կոնկրետ Շիրակի մարզում Արթիկի կադաստրի ղեկավարը  համակարգում սկսված բարեփոխումներից հետո չի նշանակվել իր պաշտոնում: Վերջինս չի բավարարել կադաստրի  պահանջները, որոնք, ըստ պարոն Մուսայանի, բավականաչափ խիստ են:  Ի դեպ, կադաստրի պաշտոնյան խոսեց նաեւ այն մասին, որ 2008 թվականին ԱԺ Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է կատարել Կադաստրի համակարգում ու Գյումրիում մի շարք կասկածելի գրանցում ունեցող  գույք է հայտնաբերել: Օրինակ՝ գույքը  փաստացի օգտագործվել  է որպես հասարակական կառույց, բայց գրանցված է եղել որպես արտադրական  կառույց: Այսինքն՝  մարդը իր տունը դարձրել է խանութ կամ դեղատուն,   ձեռնարկատիրական գործունեություն է իրականացրել, սակայն  որպես արտադրական կառույց է ներկայացրել, որպեսզի  քիչ գումար վճարի դրա դիմաց:  Հասարակական կառույցի համար սահմանված  գույքահարկի կադաստրային արժեքը, բնականաբար, շատ ավելի բարձր է, քան արտադրական գույքի համար նախատեսվածը: Գյումրիում բազմաթիվ օրինակներ են  հայտնաբերվել, իսկ սրա համար, ըստ կադաստրի պետի տեղակալի, պատասխանատու է համայնքապետը, ոչ թե կադաստրը:

«Մենք խախտում արձանագրող մարմին չենք, մեզ համար  իրավունքների պետական գրանցման համար հիմք  հանդիսացող փաստաթուղթը համայնքի ղեկավարի տրամադրած  փաստաթուղթն է: Համայնքի ղեկավարի սուրբ պարտականությունն է, որ ինքը ժամանակ առ ժամանակ հետեւի, ուսումնասիրի՝ այն,  ինչ որ գրանցված է, արդյոք  համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ. Իրականում բնակելի տունը մարդը դարձրել է խանութ կամ դեղատուն, բայց այն կադաստրային արժեքով բնակելի հատվածի գույքահարկի տակ է,  սակայն իրականում ձեռնարկատիրական  գործունեություն է իրականացնում, քանի որ բնակելին ավելի էժան է, քան հասարակականը»:

Ըստ կադաստրի պաշտոնյայի՝ այժմ նոր կառուցված գույքի չափագրումը իրականացնում են մասնավոր ընկերությունները, ոչ թե կադաստրը, իսկ այն  հաստատում է համայնքի ղեկավարը: «Նախկինում եւս՝ մինչեւ ամեն ամսվա 15-ը համայնքների ղեկավարներն ամբողջ հանրապետությունով  ներկայացրել են  բոլոր գրանցումները, ինչ փոփոխություններ էին իրականացնում, այնպես որ՝ համայնքի ղեկավարը հիանալի տեղյակ է, օրինակ՝ այսինչ հասցեի կոնկրետ գույքը գրանցված է հասարակակա՞ն, արտադրակա՞ն,  թե՞ բնակելի: Այնպես որ՝ կատարողը համայնքի ղեկավարն է, իսկ այսօրվա վիճակով  մեխանիկորեն է ներկայացվում: Բացի այդ, համայնքի ղեկավարը հասցե է տրամադրում, որտեղ  անպայման նշվում է գույքի նպատակային նշանակությունը՝ այն արտադրակա՞ն է, բնակելի՞ է, թե՞ հասարակական»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Սուտն էլ ինչպիսի՞նը պետք է լինի, եթե ոչ այսպիսի ամպագորգոռ հայտարարության պես` «Մենք ինքներս տեսնում ենք՝ եթե գրանցումը սխալ է իրականացվել, կամ մերժումը սխալ է տրվել, անմիջապես ամեն ամսվա վերջում կոմիտեի նախագահի մոտ ներկայացնում ենք տվյալները, տվյալ աշխատակիցները կարգապահական տույժ են ստանում՝ սկսած ֆինանսական, խրախուսման կտրելուց մինչեւ խիստ նկատողություն ու աշխատանքից հեռացում»:

    Հարց` ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել Չարենցավանի կադաստրի պետ Գ. Այվազյանը դատական գործի քննության ընթացքում, ընդ որում` որեւէ իսկ իրավական հիմքի բացարձակ բացակայության պայմաններում, 25.11.2010թ. թիվ 235 թվագրմամբ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք գրանցելու համար …

  2. Hayk says:

    <> պարոն Մուսայանը ուղղակի չի ասում,որ այդ մասնավոր չափագրողների հետևում իրականում կանգնած են կադաստրի համակարգի բարձրաստիճան պաշտոնյանները՝ սկսած կոմիտեի նախագահից, իր տեղակալներով և այլ պաշտոնյաններով հանդերձ: Դրանում համոզվելու համար կարող եք համեմատել կադաստրի կայքում տեղադրված որակավորում ստացած չափագրողների և կադաստրի պաշտոնյաների ազգանունները: Երևան քաղաքի բոլոր 5 սպասարկման գրասենյակների անմիջապես մոտակայքում գտնվող չափագրման գրասենյակները փաստացի պատկանում են Ե.Զախարյանին:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/06/04/250921/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930