Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրապարակը պետական մրցանակ է ստացել, ունի հեղինակներ, հեղինակային իրավունք»

Հունիս 04,2013 14:05

Ասում է ճանաչված մշակութաբան, գրող, հրապարակախոս Ռուբեն Անգալադյանը

 -Պարոն Անգալադյան, մայրաքաղաք Երեւանին նվիրված ձեր բազմաթիվ հրապարակումները տպագրվել են ինչպես հայրենական լրատվամիջոցներում, այնպես էլ ամերիկյան, ռուսական պարբերականներում: Ընտրություններից հետո նորից բարձրացվեց Երեանի, մասնավորապես, հրապարակի հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

-Հրապարակի հարցը կարող է բարձրացվել, երբ պետք է շեղենք գազից, մյուս պրոբլեմներից, կարող է Երեւանի գլխավոր ճարտարապետը որոշել է այդ պրոբլեմը «ընդմիշտ» լուծել:

Հրապարակն արդեն աղավաղված է: Մանավանդ վերջին տասը տարվա ընթացքում ճշգրիտ կարող ենք ասել, որ վերեւի սիլուետը ամբողջովին ջախջախված է:

Որպես ճարտարապետական ընդհանրական պատկեր մենք դեռ տեսնում ենք, բայց մենք տեսնում ենք նաեւ այն թերությունները, որոնք ներխուժեցին վերջին շինություններով, որոնք ուղղակիորեն ոչնչացնում են հրապարակի այն ասամբլային տեսքը, որի մեջ կար եւ հպարտություն, եւ բարձր ինտելեկտ, եւ մեծագույն ճաշակ, հոգեւոր-հոգեբանական լիցքաթափում: Երեւանը շատ քիչ պալատային շենքեր ունի, եւ հրապարակն իր շինություններով կապում էր մայրաքաղաքի սիրտը, ցույց տալով այն ապագան, որին մենք պիտի հասնենք: Մենք դեռ արժանի չենք ոչ Թամանյանին, ոչ նրա գծած հրապարակին: Ցավոք, մենք պիտի հասնենք նրան:

Իսկ Թամանյանը տեսել է հզոր մի Հայաստան, որը այսօր էլ չկա դեռ:

– Գուցե կոմունիկացիաների հարց պիտի լուծի ճարտարապետը: Օրեր առաջ հայտնեց, որ պետք է լուծվի հրապարակի ստորգետնյա կայանատեղիի, շատրվանների, Լենինի արձանի տեղը ինչ-որ բան տեղադրելու հարցը: Հրապարակը, նրա իսկ խոսքերով, պիտի ծառայի ժողովրդին:

-Ինչ կոմունիկացիաների հարց պիտի լուծի Նարեկ Սարգսյանը:

Ամեն ինչ լուծված է: Բոլոր ճանապարհները, պողոտաները, փողոցները բաց են: Իսկ բերել- մտցնել նոր էլեմենտներ՝ դա անիմաստ է:

Թամանյանական ընդհանրական նախագիծն արդեն կորած է:

Պատկերասրահի շենքը փչացվեց: Մինչ այդ Լենինի արձանն էր կենտրոնը, ամբողջ հրապարակը կենտրոնանում էր այնտեղ: Իսկ երբ այդ մեծ շենքը կառուցեցին, տեղափոխվեց կենտրոնը պատկերասրահ: Հետո վերացրինք Լենինի արձանն իր պատվանդանով: Հնարավորություն կար խորհրդանիշներից մեկով, հենց մեր զինանշանով ավարտել ամեն ինչ: Հետագայում կմտածեինք, թե ինչպես պիտի ապամոնտաժեինք պատկերասրահը: Պատկերասրահը չի համապատասխանում այսօրվա թանգարանային պահանջներին:

Եվ վատ չէր լինի, այդ շենքը վերածվեր նոր շենքի: Պատկերասրահի կարողությունները որեւէ ուրիշ հիմնարկ չունի: Մինչեւ անգամ ոսկու հանքերն այդքան մեծ արժեք չեն ներկայացնում իրենցից, ինչպես՝ պատկերասրահը:

Մենք պիտի դա հասկանանք:

Քաղաքապետարանը կապ չունի հրապարակի հետ այդ տեսանկյունից, սա համազգային-համապետական պրոբլեմ է, մինչեւ անգամ՝ միջազգային: Այդպիսի հրապարակ աշխարհում շատ քիչ կա: Հռոմի գլխավոր հրապարակը՝ Սուրբ Պետրոսի հրապարակը, գեղեցիկ է, տպավորիչ է, բայց Երեւանի հրապարակը ոչնչով չի զիջում: Մենք շատ հանգիստ հանձնում ենք: Չնայած լինում են պոռթկումներ, կարող է դուրս գանք, գոռգոռանք, բայց դրանք, բոլորը, հետո հանգիստ հանձնում ենք: Մենք թույլ տվեցինք, որ Հյուսիսային պողոտան ոչնչացնի օպերան: Մենք թույլ տվինք, որ սրճարանները մնան օպերայի շուրջ: Մենք ամեն ինչ թույլ ենք տալիս: Մենք բռնկվում ենք երիտասարդի պես եւ հիասթափվում ծերուկի պես:

-Ելքը ո՞րն է:

-Ելքը վերջ տալն է, մինչ խելքը գլխին ծրագիր ներկայացվի: Ելքը ազատվելն է այն շինություններից, որոնք փչացնում են հրապարակի ամբողջական պատկերը:

-Իրավական տեսանկյունից հնարավո՞ր է հանրաքվե:

-Ես չեմ հավատում, որ այսօրվա ճարտարապետները կհավաքվեն եւ ճիշտ որոշում կկայացնեն: Ամեն մեկն իր շահից ելնելով՝ մեկը վախենում է, մեկն իր գործն ունի, գործ կկորցնի, չեն կարող անկեղծ լինել: Նրանց էլ չեմ կարող մեղադրել: Նրանցից շատերն այդպես են գտել հացի ճանապարհը: Կան բաներ, որոնք կապված են մեր ազգային արժեքների հետ: Գեղարդն ու հրապարակը հավասար զորության հուշարձաններ են: Միջազգային խումբ պիտի հրավիրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներքո, որը կտա գնահատական, թե որքանով էր ճիշտ այս կամ այն կառույցը, որը հայտնվեց հրապարակում, ինչը խաթարվեց, ինչ կորցրինք:

Մենք չպիտի մոռանանք, որ հրապարակը ստացել է սովետական միության պետական մրցանակ, այսինքն՝ հրապարակն ունի հեղինակներ եւ հեղինակային իրավունքը, այսպես ասած, խախտված է:

Պաշտպանելով ճարտարապետների իրավունքը, որեւէ մեկն իրավունք չունի փոփոխություն մտցնելու:

-Իսկ գլխավոր ճարտարապե՞տը…

– Վերջին հաշվով, ժողովուրդը չի հավատում նրան: Ինչ է մտածում հանրապետության նախագահը: Մենք փոքր հանրապետություն ենք, թվում է, ինֆորմացիան շատ արագ պիտի հասնի նրան: Պարզվում է՝ ինֆորմացիան կարող է բոլորովին չհասնել նրան: Նախագահը չպիտի՞ իմանա, թե կա մի այլ կողմ, որը ունի մի այլ կարծիք:

-Ճարտարապետը հեգնեց, երբ խոսք գնաց ճարտապետական նկարագիր հասկացության մասին:

-Չեմ էլ ուզում մեկնաբանել: Վերջերս ելույթ ունեցան ճարտարապետ Քալաշյանը, ինչպես նաեւ ճարտարապետների միության նախագահը:

Համարձակ էին: Կիսում եմ, բայց զայրացած եմ կիսում նրանց խոսքը: Մենք օպերան տվինք, կգա ժամանակ, երբ այդ շենքերը կքանդվեն, եւ Հյուսիսային պողոտան կլինի նորմալ փողոց:

Ցավալին այն է, որ գլխավոր ճարտարապետը երբեք ընդհանուր պատկերը չտեսավ: Նա քաղաքաշինարար պիտի լինի: Մեր բախտը բերել էր, որ Թամանյանը ճարտարապետ էր, եւ՝ քաղաքաշինարար: Մեր բախտը չբերեց տասնամյակներ հետո, երբ եկան անտեղյակներ, որոնք չգիտեն՝ ինչ է կատարվում քաղաքի հետ:

Քսանութ-քսանինը թվականին Փարիզից Սարյանը Թամանյանին գրում է. «Խնդրում եմ, շենքերը, որոնք ավարտվում են ու դառնում են խաչմերուկ, կլորացնես, դրանով ավելի լավ հնչեղություն կստանա մեր քաղաքը»: Փարիզում նստած Սարյանը մտածում էր Երեւանի մասին: Իսկ այսօր Երեւանում նստած ճարտարապետները ոչնչի մասին չեն մտածում:

Քաղաքում քաղաքացիների քանակը քչացել է: Խոսափողը մոտեցնում են տուրիստների, որոնք ասում են՝ քաղաքը լավն է ու գնում են: Ինչ ասի տուրիստը: Ասի գեղեցիկ չի, որ ծեծ ուտի՞….

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930