Լրահոս
Օրվա լրահոսը

«Երջանիկ եմ, որ հանդիպել եմ Կաբալիեին»

Հունիս 04,2013 14:00

Իսպանացի  դիրիժոր Ռամոն Տեբարը՝ մի դիպվածի, փառքի, խաղաղության մասին

Հայաստանում է հերթական հռչակավոր երաժիշտը՝ օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալիեն: Նա ժամանել է դստեր՝ սոպրանո Մոնսերատ Մարտիի եւ մեցցո սոպրանո Ագոստինա Սմիմերոյի հետ:  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 9-ին հայ օպերային արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան ընդամենը մեկ երեկո շփվել նրանց արվեստի հետ: Երգչուհիները հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, որը կղեկավարի իսպանացի  դիրիժոր Ռամոն Տեբարը:

Երեկ դիրիժորն առաջին փորձն անցկացրեց նվագախմբի հետ եւ սիրով ընդունեց «Առավոտի» հետ զրուցելու առաջարկը:

Երիտասարդ դիրիժորից հետաքրքրվեցինք, թե ինչպես է սկիզբ դրվել իր եւ  Մոնսերատ Կաբալիեի համագործակցությանը: «Երգչուհու հետ բեմ եմ բարձրանում արդեն 15 տարի: 19 տարեկան էի, երբ ընկերներիցս մեկը խնդրեց Վալենսիայից հասնել Բարսելոնա՝ իրեն նվագակցելու համար: Չհետաքրքրվեցի, թե ով կամ ովքեր են մեզ լսելու: Բայց երբ հայտնվեց Մոսերատ Կաբալիեն, բառի իսկական իմաստով՝ ինձ կորցրի: Հիմա եմ հասկանում, որ դա իմ ամենավատ «ելույթս» էր: Հենց այդ ժամանակ, այլ երաժիշտների թվում, ինձ համար կուռք հանդիսացող օպերային աստղը առաջարկ արեց իր հետ մեկնել Գերմանիա համերգների»,- ասաց 30-ամյա դիրիժորը, հավելելով, թե դա իր առաջին արտերկրյա համերգային ճամփորդությունն էր:

Ռեպլիկին, թե, փաստորեն, հենց այդ պահից էլ դարձել է համաշխարհային դեմք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երջանիկ եմ, որ  կարիերայիս սկզբում հանդիպել եմ  Կաբալիեին: Ինչ վերաբերում է համաշխարհային դեմք լինելուն,  ես ինձ այդպիսին չեմ համարում: Իմ ստեղծագործական կյանքում դեր խաղաց մի դիպված եւս, որտեղ արդեն հայտարարված համերգում փոխարինեցի հիվանդ դիրիժորին»: Ի դեպ, Մոնսերատ անունը աշխարհում դարձավ ճանաչելի 1965թ, երբ «Քարնեգի հոլլում» Կաբալիեն արիաներից մեկում փոխարինեց նշանավոր երգչուհի Մերիլին Հորնին: Ռեպլիկին, թե  Մարիա Կուլեգինա օպերային երգչուհուն էլ այսօր չէր ճանաչի աշխարհը, եթե նրա ստեղծագործական կյանքում չհայտնվեր Գերգիեւը, մեր զրուցակիցը համակարծիք լինելով՝ հայտնեց, որ ճանաչված արվեստագետ լինելու համար ոչ թե մեկ, այլ մի քանի գործոններ են անհրաժեշտ:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս եղավ դաշնակահարից անցումը դիրիժորական արվեստ եւ ո՞ր ժանրն է իրեն ավելի հարազատ: «Իբրեւ դիրիժոր սկսել եմ օպերային նվագախմբի դիրիժորական վահանակի առջեւ կանգնելուց: Անվանի շատ դիրիժորներ, այդ թվում՝ Ռիկարդո Մուտին, Ջորջ Շոլտին, Հերբերտ ֆոն Կարայանը, Աբադոն, Գերգիեւը եւ մյուսները սկսել են իբրեւ օպերային դիրիժոր, հետո նոր ղեկավարել սիմֆոնիկ համերգներ: Եթե ցանկացած արվեստագետ կայանում է իբրեւ օպերային դիրիժոր, ապա սիմֆոնիկ նվագախումբ ղեկավարելը նրա համար ավելի դյուրին է: Այսօր ես Դոմինիկյան Հանրապետությունում ղեկավարում եմ մի փառատոն, ԱՄՆ-ում՝ սիմֆոնիկ նվագախումբ, իսկ Մայամիի օպերային թատրոնում հանդիսանում եմ երաժշտական ղեկավար»:

Զրույցի ընթացքում  Ռամոն Տեբարն ասաց, թե իր խոսքերով՝ ամաչում է, որ   Հայաստանի  ու մասնավորաբար՝ մեր երաժշտարվեստի մասին իր իմացությունը ժլատ է, միայն կոմպոզիտորներից Խաչատրյանի երկերին է ծանոթ ու բազմիցս լսել է հայերիս համար այդքան անհասանելի Արարատ լեռան մասին:

Մոնսերատ Կաբալիեի՝ Հայաստան կատարելիք այցի առիթով վայնասուն էին բարձրացրել ադրբեջանական ԶԼՄ-ները, ավելին, վերջերս մեջլիս ներկայացված օրինագծի համաձայն՝ Հայաստան ու Արցախ այցելող աշխարհահռչակ դեմքերը, այդ թվում եւ մշակույթի ոլորտի, Ադրբեջանում կհամարվեն persona non grata: Դիրիժորը նշեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում եւ շեշտեց, թե Իսպանիայում էլ կան ազգայնականներ, ապա  ընդամենն ասաց. «Ես բնույթով խաղաղասեր մարդ եմ, սակայն ինձ մշտապես զարմացրել է մի ժողովրդի մեջ բույն դրած ատելությունը մյուսի նկատմամբ: Ինձ համար արվեստում երկրների միջեւ սահմաններ գոյություն չունեն, բայց, չգիտես ինչու, որոշ մարդիկ ամեն ինչ բարդացնում են»:

Անդրադառնալով երեւանյան համերգին, հարցրինք, թե հայ օպերային երգիչներից ո՞ւմ է պատիվ ընձեռված դուետով հանդես գալ  երգչուհիներից որեւէ մեկի հետ, մեր զրուցակիցն ասաց, թե ծրագիրը վերջնականորեն հստակեցված չէ:

Ըստ մեր տեղեկությունների՝ նման պատվի է արժանացել Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Դավիթ Բաբայանցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930