Ռեժիսոր Հարություն Խաչատրյանն առաջարկում է նախ դիտել, հետո քննարկել աղմուկ հանած մրցանակակիր ֆիլմերը
Կաննի կինոփառատոնում հայկական կինոն առաջին անգամ ներկայացվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնով: «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մի քանի տարի մասնակցելով փառատոնին, հասկացել է, որ «Ոսկե ծիրանը» հայկական կինոյի մի մասն է, ու ճիշտ կլինի, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւս ներկայացված լինի Կաննում, ինչն ավելի արդյունավետ աշխատանքի գրավական կլինի: «Հայկական ֆիլմերի հետ ծանոթանալու համար պետք է լինի մի տեղ, մի կոնկրետ հասցե»,- նշեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ նեղսրտել է՝ հայկական համեստ տաղավարը համեմատելով վրացական, ադրբեջանական շքեղ տաղավարների հետ: «Ես, իհարկե, կողմնակից եմ գումար խնայելուն եւ միջոցները ֆիլմերի վրա ուղղելուն, բայց որպես արվեստագետ եւ ազգի ներկայացուցիչ՝ խանդով եմ վերաբերվում, որ կինոյի առումով ոչ այնքան լավ վիճակում գտնվող երկրները փառատոներին ավելի ճոխ ներկայանալու հնարավորություններ ունեն»,- ասում է մեր զրուցակիցը: Նա համոզված է, որ արժե աջակցել հատկապես երիտասարդ կինոռեժիսորներին, որոնք իսկապես փառատոնային ֆիլմեր են նկարում:
Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», պարոն Խաչատրյանը նշեց, որ Կաննում, ցավոք, ֆիլմեր դիտելու հնարավորություն չի եղել՝ ժամանակի սղության պատճառով, սակայն կարեւոր հանդիպումներ են կայացել ու պայմանավորվածություններ ձեռք բերվել, որոնք հետո «պտուղներ» կտան: Խոսքը հատկապես Պուսանի, Ռոտերդամի, Կարլովիվարի, Լոկառնոյի փառատոների, ռուսական, վրացական, ուկրաինական, մոլդովական կողմերի եւ նախկին Հարավսլավիայի երկրների կինոոլորտում համագործակցելու մասին է: Հարություն Խաչատրյանը հատկապես կարեւորում է Լոկառնոյի փառատոնի եւ «Ոսկե ծիրանի» ու «Յունիֆրանսի» հետ հանդիպումները. «Կարծում եմ, որ ֆրանսիական կինոյի ներկայությունը նույնպես ապահովված կլինի «Ոսկե ծիրանում»: Ինչ վերաբերում է Լոկառնոյին, այնտեղ «Ոսկե ծիրանը» մեծ ծրագիր է անում՝ հայկական պրոյեկտների քննարկում, մրցանակաբաշխության մասնակցություն, հետահայաց ցուցադրություններ Լոկառնոյում: Բացի այդ, Լոկառնոյի կինոփառատոնը Եվրոպայի լավագույն՝ Ա կարգի փառատոներից է: Նաեւ համատեղ սեմինարներ ենք կազմակերպում»:
Հարություն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը ներկայացված կլինե՞ն «Ոսկե ծիրանին»: Նա ասելիքն առանց կոնկրետացնելու պատասխանեց. «Ամեն տարի աշխատում ենք հրավիրել Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի փառատոների հաղթած ֆիլմերը: Թեկուզ տարբեր խոսակցություններ են գնում Հայաստանում՝ առանց այդ ֆիլմերը տեսնելու: Անձամբ ես կուզեի, որ մարդիկ տեսնեին, հետո խոսեին: Ամեն դեպքում, դրանք արվեստի գործեր են, մրցանակ շահած ֆիլմեր, եւ մերկապարանոց չլինելու համար պետք է անպայման դրանք տեսնել: Միգուցե արժի, որ այդ ֆիլմերը թեկուզ միայն մասնագետների կամ լրագրողների համար ցուցադրվեն»:
Հիշեցնենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնի գլխավոր՝ «Ոսկե արմավենի» մրցանակը բաժին է հասել Աբդելատիֆ Կեշիշի` երկու աղջիկների միասեռ սիրո մասին պատմող «Ադելի կյանքը» ֆիլմին, իսկ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Սթիվեն Սփիլբերգը ասուլիսի ժամանակ ստիպված է եղել մեկնաբանել, թե մրցանակ շնորհելիս որեւէ ազդեցության տակ չեն եղել: Ի դեպ, ֆիլմի դեմ խոսել են նաեւ հայաստանցի որոշ կինոգործիչներ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ