Ու երաժշտական բարձունքներ է նվաճում
Հունիսի 2-ից Երեւանում մեկնարկել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են մինչեւ 18 տարեկան երաժիշտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից:
Նրանց թվում է հայազգի դաշնակահար Դմիտրի Իշխանովը, որը չնայած 8 տարեկան է, սակայն արդեն մի շարք միջազգային մրցույթների հաղթող է:
Դիման ծնվել է Կոնստանտին եւ Տատյանա Իշխանովների ընտանիքում՝ Մոսկվայում, այնուհետեւ տեղափոխվել են Մալթա: Երեխան ազատ խոսում է ռուսերեն, անգլերեն եւ գերմաներեն, սովորում է իսպաներեն: Դիման պատմեց, որ սիրում է լողալ եւ շախմատ խաղալ: Նա համերգներ է ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Հայաստանում եւ այլուր:
Անցյալ տարի իբրեւ ամենակրտսեր մասնակից՝ բացել է «Նոր անուններ» փառատոնը: Այս տարի էլ նույն փառատոնի շրջանակներում հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Ափսոսում է, որ ձեռքին այնքան ծաղիկներ ու խաղալիքներ կային, որ չի կարողացել ողջագուրվել դիրիժորի հետ:
Ինչքան էլ երեխան տաղանդավոր լինի, երեխա է մնում, եւ սիրում է խաղալ, եթե, իհարկե, ազատ ժամանակ է ունենում:
«Ես սիրում եմ մի քիչ տանը մնալ ու խաղալ, սիրում եմ դպրոց գնալ, եթե ժամանակս հերիքում է՝ նաեւ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ փափուկ խաղալիքներ, մեքենաներ»,- «Առավոտին» ասաց Դմիտրին: Նա ժպտալով հավելեց, որ երազում է անվանի դաշնակահար դառնալ: Մայրը՝ Տատյանան, պատմեց, որ երեխան հաճախ է հարցեր տալիս, օրինակ, մի անգամ հետաքրքրվել է՝ «Երբ 20 տարեկան դառնամ, ինչպե՞ս եմ հանդես գալու, միանգամից նվագախմբի հե՞տ, թե՞ մենակ»: Մայրն էլ պատասխանել է, որ երկար ու համառ պետք է աշխատի՝ հաջողությունների հասնելու համար:
Դմիտրիի հայրն ինժեներ է, մայրը՝ բժշկուհի: Երեխայի մեջ երաժշտության հանդեպ սեր է արթնացրել նրա հայուհի դայակը՝ Վիոլա Մայիլյանը, որը երաժշտության ուսուցչուհի էր: Հայրը պատմեց, որ եթե ուրիշ երեխաներ օրորոցայինի տակ էին քնում, դայակի ասելով՝ փոքրիկ Դիման՝ դասական երաժշտության հնչյունների ներքո: Երեք տարեկանում նրա համար դաշնամուր են գնել, եւ երեխան դայակի օգնությամբ սկսել է նվագել:
Լրջորեն երաժշտությամբ զբաղվել է 5 տարեկանից, երբ ընդունվել է Մալթայում անգլիական թագավորական երաժշտական դպրոց, մեկ տարում էքստեռն կարգով ավարտել է երկու դասարան:
Դիմա Իշխանովը 2012-ին Ֆրանկֆուրտում կայացած դաշնակահարների միջազգային Golden Key մրցույթում ստացել է առաջին մրցանակ, այնուհետեւ հատուկ մրցանակ՝ Մալթայի Violin & Friends մրցույթում: Այլ հաջողություններ էլ է գրանցել՝ Citta Barletta փառատոնում՝ առաջին մրցանակ, փարիզյան Flame-ում՝ երկրորդ եւ այլն:
Պարզեցինք, որ սիրելի կոմպոզիտորներն են՝ Խաչատրյանը, Բեթհովենը, Բախը, Հայդնը, Դեբյուսին, Մոցարտ շատ չի նվագում, բայց հավանում է:
Հայաստանի մասին խոսելիս՝ փոքրիկ դաշնակահարն ասաց, որ տպավորված է Գառնիով, Խոր վիրապով, Էջմիածնով: Անցյալ տարի Երեխաների պաշտպանության միջազգային օրը նա մկրտվել է Էջմիածնում եւ կնքվել Նարեկ անունով: Ասում է՝ Նարեկ հայեցի է հնչում:
Իսկ ի՞նչ զգացողություն ունեն, որ նման երեխա է մեծանում:
«Իհարկե հպարտ ենք, որ նման երեխա է մեծանում, բայց հանգիստ ենք վերաբերվում, որովհետեւ դեռ չգիտենք, թե ինչ կստացվի այս ամենից»,- նշում է Նարեկ-Դիմայի մայրը:
Տատյանան ասում է, որ դաշնակահարը շատ է սիրում հայկական երաժշտություն, խորն է զգում հատկապես Խաչատրյան: Արդեն երրորդ անգամ են Հայաստանում, ու նախնյաց երկիրը ձգում է երեխային:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ