Քրեագետ Սերգեյ Գալոյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպի մասին գնահատականներ չի ուզում տալ՝ «բարոյական իրավունք չունի»:
«Ոչ թե վախենում եմ, ուղղակի իմ ձեռքին են միայն մամուլի հրապարակումները: Ի՞նչ է կատարվել, հետեւենք դեպքերին: Ինչ- որ մեկը գնացել է Սուրիկի հետ հաշիվներ պարզելու, ինչ-որ բացատրություններ են եղել: Էդ մարդը գնացել է, իսկ Սուրիկ Խաչատրյանն իր հայտարարության համաձայն՝ քնել է, փառք Աստծո որ քնած է եղել, թե չէ քսան հատ կշարեր էդ եղբայրների ճակատին, ինչպես ինքն էր հայտարարել»,- այսօր «Հենարան» ակումբում Գորիսում տեղի ունեցած իրադարձությունները վերաշարադրեց քրեագետը:
Նրա գնահատմամբ, տեղի ունեցածը «լկտիության ամենավերին աստիճանն է». «Մարդ է սպանվել, երկուսը ծանր վիրավորված են: Նորմալ մարդը կասեր ես հրաժարական եմ տալիս եւ վերջ: Ընդունենք, որ նա քնած է եղել, ու բոլորս հավատում ենք, հա՞: Երեք կրակոց է եղել, ու ինքը շատ հանգիստ քնած է եղել: էդ ում եք դնում բանջաբոստանային կուլտուրայի տեղ: Իր տան բակում մարդ են սպանում, իսկ ի՞նչ է մարզպետն անում. ընդամենը հայտարարում է՝ առայժմ կասեցնում եմ մարզպետի իմ պարտականությունները: Ես ուզում եմ, որ մեր ոստիկանապետի աղջիկը, որ հրաշալի երգում է, ապրի հանգիստ երկրում եւ հանգիստ երգի: Որտեղ իր վրա չեն կրակի: Միայն մի դեպքում կարող ենք այսպիսի երկիր ունենալ, եթե լինի օրենքի գերակայություն, եւ օրենքը կիրառվի հավասարապես բոլորի դեպքում»:
Քրեագետը զարմանում է՝ օրինական ճանապարհով զինամթերքն ի՞նչ գործ ունի Սուրիկ Խաչատրյանի տանը.«Սա ամենացածր մակարդակի, գյադայական ռազբորկա էր, կիսելու մեծ բաներ չունեին: Իմ ճանաչած օրենքով գողերը երբեք այս հարցին չեն խառնվի, որովհետեւ իրենք իերնց կկեղտոտեն: Սա ուրիշ մակարդակ է, ցածր մակարդակ է: Օրենքով գողերը մի քիչ ավելի բարձր են»:
Կարդացեք նաև
Պարոն Գալոյանի խոսքերով, Սյունիքի մարզպետի միջադեպը Հայաստանում նախորդ հանցագործությունների շարունակությունն է, դրանց կոծկումը. «Առանց Մարգոյի Վարդանիկն էլ ապրիլին նման պատմության մեջ ընկավ եւ ի՞նչ… Նրան տարան հարցաքննության մեկ ժամով ու առոք փառոք դուրս եկավ եւ հայտարարեց՝ թող Աստված ների մեղավորներին: Աշխարհի ամենաանմեղ մարդը նման հայտարարություն արեց: Սա ծաղր է այս երկրում ապրող ժողովրդի նկատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես իհարկե շատ բաներում համամիտ եմ գողականագետ՝ Սերգեյ Գալոյանի մեկնաբանությանը:
Բայց մի՞ թե երկիրը զավթածների այս կամ այն անասնական բնազդով ուղորդվող երևույթները
պետք է բերենք օրենքով գողերի չափանիշներին: Արդյո՞ք մեր երկիրը գողական Հանրապետություն
է, իսկ եթե այդպես է ապա Սահմանադրություն գրենք ըստ գողական օրենքների և հանրաքվեով այն
հայտարարենք որպես այդպիսին և աշխարհի տարբեր ծայրերից գողականներին հավաքենք այստեղ:
Արդյո՞ք հնարավոր չէ մեկ այլ տարբերակ, երբ կեղտոտ ցախավելով մաքրենք՝ երկիրը զավթած բոլոր
կիսագողական թափթփուկներին և կառուցենք նորմալ պետություն, առանց օրենքով գողերի:
Էլ որտեղ մնաց,՝ Առաջին քրիստոնիա երկիր, Նարեկացի, Քուչակ, Կոմիտաս, Խաչատրյան:
Զարմանալի է, որ Հայոց Ամենասրբազան Գարեգին Բ-ն, ինչպես ասում են՝ բերանը ջուր առած լռում
է, կարծես այս աշխարհից չլինի, կամ գոնե այս երկրից: Կարծում եմ ժամանակն է, որ գոնե նա երբեմն երկնային բարձրունքներից իջնի և միջամտի երկրայինին, թե ՛չէ հույսներս դնելով օրենքով
գողերի վրա՝ նրանցից յուրաքանչյուրն էլ կթելադրի իր օրենքը: