Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Աշոտյան. «Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ»

Հունիս 04,2013 12:53

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 189 ավագ դպրոցում տեղեկայված քննական կենտրոնում մասնակցել է «Հայոց լեզվի և գրականության» միասնական քննությանը: Նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն. “Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում: Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես, կոչված քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ”,- դիմելով դիմորդներին՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Նախարարը նաև նշել է, որ ինքն եկել է ծանոթանալու քննական պայմաններին, հանգստացնելու  և քաջալերելու դիմորդներին և նրանց ծնողներին. «Կառավարությունն իր քաղաքականությամբ ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ուսանողների և դիմորդների համար, և քննությունն ընդամենը փոքրիկ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Անդրադառնալով «Հայոց լեզվի և գրականության»  քննությանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը, սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի: «Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է և բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է»,- նշել է նախարարն ու հավելել, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ, թեստն իրականում որքանով է հաջողված:
Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած “Ռուսաց լեզվի” քննության միջին գնահատականը եղել է 11 միավորի շրջանակում, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան: Նախարարը զրուցել է նաև դպրոցի բակում հավաքված դիմորդների ծնողների հետ, պատասխանել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման, շտեմարանների առաջադրանքների ու այլ մտահոգությունների հետ կապված  հարցերին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ «Հայոց լեզվի և գրականություն»  առարկայի քննություն հանձնում են շուրջ 9000 դիմորդներ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930