Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի լիսկաթափումը սկսվեց

Հունիս 04,2013 12:47

Եվ այսպես, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան դիմաց տեղի է ունեցել սպանություն, մարզպետի որդին ու թիկնապահը ձերբակալված են, ոստիկաններն էլ մարզպետի տնից մեծ քանակությամբ զենք-գինամթերք են առգրավել։ Ու հիմա հայ հասարակության պրպտուն միտքը զբաղված է միայն մի հարցով՝ արդյո՞ք Լիսկան այս անգամ էլ ջրից չոր դուրս կգա, թե՞ արդեն վերջ, նրա դարաշրջանն ավարտված է։

Իսկ մենք փորձենք հարցին նայել այլ տեսանկյունից։ Փաստորեն, տասը տարուց ավելի է, ինչ Սյունիքի մարզում գործում է զինված բանդա, որում ներգրավված են մարզպետի ազգականներն ու թիկնապահներր, եւ որն ամենայն հավանականությամբ գլխավորում է հենց Սուրեն Խաչատրյանը։ Տասը տարվա ընթացքում այդ բանդայի հանցագործությունների մասին հայկական լրատվամիջոցներում մոտ ութ հարյուր (!) հրապարակում է եղել, ընդ որում՝ դրանցում ներկայացվել են հաղորդումներ տարբեր հանցագործությունների մասին (սպանություն, բռնաբարություն կամ բռնաբարության փորձ, կողոպուտ, ահաբեկում, թալան եւ այլն), տարբեր քրեական գործեր են հարուցվել, կառավարական հանձնաժողով է ստեղծվել եւ «տեղում ստուգել իրավիճակը», եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հաստատ շատ լավ իմացել է, որ իր հարազատ մարզը տասը տարի շարունակ գտնվել է զինված բանդայի ճիրաններում։ Եվ իմանալով հանդերձ՝ հենց բանդայի պարագլխին է մարզպետ նշանակել ու ժամանակ առ ժամանակ էլ տարբեր մեդալներ տվել։ Թե ինչու՝ հասկանալի է։ Եթե պետության ղեկավարն իր հիմնական գործը համարում է երկիրը թալանելն ու ժողովրդին ստրկացված վիճակում պահելը (որպեսզի չապստամբեն), պիտի հատկապես բարձր գնահատի նրանց, ովքեր «տեղերում» նույնն են անում՝ դրանով իսկ ապահովելով իր իշխանությունը։ Իսկ եթե Հայաստանում գործում է հենց այդ համակարգը, առանձնապես նշանակություն չունի՝ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական կտա կամ կհայտնվի ճաղավանդակների հետեւո՞ւմ, թե՞ կշարունակի պաշտոնավարել։

Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատում է Լիսկային։ Դրանով նա ի՞նչ մեսիջ է ուղարկում հասարակությանը. որ այլեւս չի՞ հանդուրժում բանդիտիզմը։ Իհարկե ոչ. չհանդուրժող լիներ՝ վաղուց պաշտոնանկ կաներ։ Մեսիջը բոլորովին այլ է. «արա ա՛յ ախպեր, չէիք կարա՞ տանեիք մի ձորում թաքուն գյուլլեիք– պրծնեիք, ինչի՞ ինձ պադվադիտ արիք»։ Այսինքն՝ կստացվի, որ նա ոչ թե բանդիտիզմին է դեմ, այլ դրա բացահայտ դրսեւորումներին:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    Լավ ու շատ ճիշտ է գրել Մարկ Նշանյանը, Սերժ Սարգսյանը ոչ թե բանդիտիզմին է դեմ, այլ դրա բացահայտ դրսևորումներին: Ընդհանրապես այդ նույն կերպն էլ դավանում է այսօրվա նեխած համակարգը և նրա գլխավոր գործող` ՀՀԿ-ն: Հետևություն. հարկավոր է ժամ առաջ ազատվել այս երկուսից` երկիրը և ժողովուրդը ստույգ կործանումից փրկելու համար:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930