Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մեզ հեղափոխություն է պետք նախ և առաջ մեր գիտակցության մեջ»

Հունիս 04,2013 12:44

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հարցազրույցից:

-Ընտրություններից առաջ ու հետո քաղաքական դաշտը սովորաբար վերադասավորվում է։ Ձեր կարծիքով՝ վերադասավորումն առկա՞ փաստ է, թե՞ հեռանկար է։

– Ամեն ինչ շարժման մեջ է՝ և բնության մեջ, և հասարակության, ոչինչ հավերժական չէ, ու ոչինչ անշարժ չէ։ Քաղաքականության մեջ՝ առաջին հերթին։ Ես կարծում եմ, որ մենք դեռ նոր զարգացումներ կունենանք։ Եվ լավ է, որ կունենանք, որովհետև մշտապես անփոփոխ վիճակները գիտեք՝ ինչ են նշանակում և ուր են տանում։ Հուսով եմ, որ ի վերջո կունենանք ուժեղ ընդդիմություն, որ չունեինք երեկ ու այսօր չունենք։ Ընդդիմություն լինելը բոլորովին այն չէ, երբ ավելի բարձր ես բղավում, ավելի հուզիչ ու պաթետիկ ես խոսում, ավելի շատ ես խոսքդ համեմում հայհոյախառն արտահայտություններով։ Ընդդիմությունն այսօր ինքն իր մեջ շատ լուրջ խնդիրներ ունի։ Ցավոք, այս դաշտում ամեն ինչ գերանձնավորված է, և ամեն գործողություն դիտարկվում է աբիժնիկի հոգեբանությամբ։ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ դա շատ ակնհայտ էր, ուղղակի զավեշտ է, երբ ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունը կապույտ եզրաշերտով ափսեի վրա պետք է տրվի իրեն։ Որևէ իշխանություն որևէ երկրում երբևէ ինքնակամ չի հանձնել իր իշխանությունը, դա անտրամաբանական է, իշխանությունն ընտրությունների արդյունքում՝ ժողովրդի վստահության քվեն ստանալով կամ կարողանում են, կամ չեն կարողանում վերցնել: Եթե չեն կարողանում, բոլորովին չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դիտարկել սեւի ու սպիտակի տրամաբանության մեջ, իբր՝ իշխանություն վերցնել չկարողացածները ճիշտ են ու սպիտակ են, իշխանությունը չտվածները սև են և սխալ։ Բոլորովին այդպես չէ։ Քանի դեռ մեր քաղաքական ուժերի մտածողության մեջ այս բանաձևը գործում է՝ մենք ուզում ենք վերցնել, դուք իշխանությունը մեզ չեք տալիս, ոչինչ չի փոխվելու։

– Ցանկացած կուսակցության կայացման համար, բացի գաղափարներից, պետք են ֆինանսներ՝ տարածքային կառույցների ձևավորման ու գործունեության, սեփական ծրագրերի ու նպատակների հայտնիացման, այդ ծրագրերի կատարման քայլերի ձեռնարկման համար։ Չե՞ք կարծում, որ բազմակուսակցական համակարգի կայացման, ուժեղ ընդդիմության, որի կարիքն այդքան զգում է իշխանությունը, ձևավորման համար այդ խնդիրը պետք է լուծվի։

– Գործող օրենքները լրամշակման կարիք են ունենում պարբերաբար, որովհետև կյանքը փոխվում է, ու նոր պահանջներ են առաջադրվում, այդ թվում նաև՝ կուսակցությունների մասին օրենքը։ Համաձայն եմ նաև, որ շատ դեպքերում ֆինանսները բազում հարցեր են լուծում, բայց բոլորովին համաձայն չեմ, որ բազմակուսակցական  համակարգի  չկայացման պատճառը հենց ֆինանսական է։ Պատճառները շատ ավելի խորքային են։ Մենք այսօր ունենք, ինչ ունենք և պետք է իրատեսորեն գնահատենք իրավիճակը ու վերջ տանք այն ապարդյուն հռետորաբանությանը, որ մեր չունեցածի պատճառն ուրիշի ունեցածն է։ Մեզ հեղափոխություն է պետք նախ և առաջ մեր գիտակցության մեջ, քանի դեռ մեր գլուխներում   հեղափոխություն չի եղել, ոչինչ էլ չի փոխվելու։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930