4 հունիսի 2013թ., Վաշինգթոն: Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր հանդիպեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ ունեցավ Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջեւ՝ բաղկացած դիվանագետներից, քաղաքական գործիչներից եւ մտավորականներից: «Զրույց Հայաստանի մասին» վերտառությունը կրող այս միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական, ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի (Institute for European, Russian, and Eurasian Studies), «Փոլիսի Ֆորում Արմենիա» (Policy Forum Armenia) կազմակերպության եւ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) համատեղ ջանքերով:
Միջոցառման ավարտին նա հարցազրույցներ տվեց տեղական եւ միջազգային լրատվամիջոցներին: