Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի ներդրումները կտրուկ պակասել են

Հունիս 04,2013 12:12

Վերջին չորս տարիներին Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներն անշեղորեն կրճատվել են։ Իսկ այս տարեսկզբին արդեն դրանք 2,4 անգամ քիչ են եղել, քան 2009թ. նույն ժամանակահատվածում։

Հայաստանի տնտեսության գրավչությունը ներդրողների համար տարեցտարի պակասում է։ Անցած քառամյա ժամանակահատվածում գրեթե չի եղել տարի, որ օտարերկրյա ուղղակի ներդրումային հոսքերը չնվազեն։ Այդ միտումը Հայաստանի տնտեսության մեջ սկսեց արտահայտվել 2010 թվականից։ Այսինքն՝ նրանից հետո, երբ տնտեսության մեջ արձանագրվեց երկնիշ անկում։
Թե դա որքանով իր բացասական ազդեցությունը թողեց պոտենցիալ ներդրողների սպասումների վրա, դժվար է միանշանակ գնահատել։ Սակայն փաստ է, որ դրանից հետո Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումներն աստիճանաբար սկսեցին նվազել։
Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներարկումները եղել են ընդամենը 57,7 մլն դոլար։ Այն դեպքում, երբ 2009թ. նույն ժամանակահատվածում դրանք գերազանցում էին 139 միլիոնը։
Թվում է, թե տնտեսական եւ ներդրումային միջավայրը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է։ Իրականացվում են որոշակի բարեփոխումներ, որոնք պետք է որ դրական ազդեցություն գործեն ներդրողների սպասումների վրա։ Միջավայրի բարելավում են արձանագրում նաեւ տարբեր միջազգային կազմակերպություններ, սակայն դա որեւէ կերպ չի հիմնավորվում ներդրումային ցուցանիշներով։
Ընդհակառակը, ստացվում է, որ ինչքան ներդրումային դաշտը նպաստավոր է դառնում, առաջին հայացքից ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ օտարերկրյա կապիտալի ներհոսքի համար, այնքան այն խուսափում է գալ Հայաստան։
Սա որեւէ տրամաբանության չի ենթարկվում։ Ավելին՝ միջավայրի բարելավմանը զուգընթաց օտարերկրյա ներդրումային հոսքերի կրճատումը մեծանում է։ Պատահական չէ, որ տարեսկզբի երեք ամիսներին անկումը գերազանցեց 35 տոկոսը։ Ասենք, որ 2012թ. առաջին եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները չնայած շարունակել էին կրճատվել, այնուհանդերձ շատ ավելի փոքր չափով՝ 4,6 տոկոսով։
… Տնտեսության համար անգնահատելի է ուղղակի ներդրումների դերը։ Բայց դրանք ավելանալու փոխարեն պակասում են։ Խնդիրը լուրջ ուսումնասիրության անհրաժեշտություն ունի։ Հատկապես որ, նվազում են ոչ միայն ուղղակի, այլեւ ընդհանրապես բոլոր տեսակի ներդրումները։
Չորս տարի առաջվա համեմատ տարեսկզբին դրանք կրճատվել են 30 տոկոսով։ Եթե 2009թ. առաջին եռամսյակում արտաքին միջավայրից ներդրումների տեսքով Հայաստան էր մտել ավելի քան 186 միլիոն, ապա 2013թ.՝ 131 մլն դոլար։ Այս տարվա ընդհանուր հոսքերը պակաս են եղել անգամ միայն ուղղակի ներդրումներից։
Ինչպես չորս տարի առաջ, այնպես էլ այժմ ուղղակի ներդրումների գերակշիռ մասը կատարում են հեռահաղորդակցության ոլորտում գործող երեք հայտնի ընկերությունները։ Խոսքը «ԱրմենՏելի», «ՎիվաՍելի» եւ «Օրանժի» մասին է։ 2009թ. առաջին եռամսյակում իրականացված 139 մլն դոլար ուղղակի ներդրումներից 107 միլիոնը կատարել են այս երեք ընկերությունները։ Ընթացիկ տարի 57,7 միլիոնից հեռահաղորդակցության ոլորտը ներգրավել է 30 միլիոնը կամ կեսից ավելին։ Ինչպես չորս տարի առաջ, այնպես էլ այժմ ամենամեծը եղել է «Օրանժի» բաժինը։
Թեեւ արտաքին գործունեության տեսակետից Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղը հանքարդյունաբերությունն է, այնուհանդերձ այստեղ տարեսկզբին ուղղակի ներդրումներ գրեթե չեն եղել։ Մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում իրականացվել է 34 մլն դոլարի ներարկում, բացառապես Կանադայից։ Մի բան, որ այս երկրին դարձրել է Հայաստանի թիվ մեկ ներդրումային գործընկերը։
Հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման բնագավառում կատարվել է ընդամենը 2,3 մլն դոլարի ներդրում, ինչն ավելի քան 11 անգամ պակաս է անցած տարվանից։
Օտարերկրյա ներդրումային հոսքերի կրճատումը վկայում է, որ Հայաստանում դեռեւս լիարժեք պայմաններ չկան ներդրողների համար։ Դրան խանգարում է ինչպես տնտեսական եւ մրցակցային միջավայրը, այնպես էլ ներդրումային հնարավորություններն ու կապիտալի պաշտպանվածությունը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930