Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցությունը չի պաշտպանել Մարտի 1-ի զոհերի ժառանգներին փոխհատուցման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը

Հունիս 04,2013 11:54
Nikol Pashinyan

2013-ի փետրվարին օրենքի նախագիծ գրեցի Վահագն Հովակիմյանի օգնությամբ, որը նախատեսում էր Մարտի 1-ի զոհերի առաջին հերթի ժառանգներին տարեկան հինգ միլիոն դրամի փոխհատուցում՝ հիսուն տարի ժամկետով։ Նախագիծը վերնագրված էր. «ՀՀ օրենքը 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան բաղաքի Կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ պետական փոխհատուցման մասին»։

Օրենքի էությունը արտահայտված է ստորեւ մեջբերվող հոդվածում. «Հոդված 2. Պետական փոխհատուցման սկզբունքները, չափերը եւ ժամկետները

ա) Սույն օրենքով սահմանված կարգով պետական փոխհատուցում ստանալու իրավունք ունեն 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ստացած մարմնական վնասվածքների պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգները։

բ) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարմնական վնասվածք ստացած եւ այդ վնասվածքի պատճառով կյանքից զրկված անձանց առաջին հերթի ժառանգներին տրամադրվում է պետական փոխհատուցում՝ տարեկան հինգ միլիոն դրամի չափով»։

Նախատեսվում էր, որ օրենքը պետք է գործեր ընդունման պահից հիսուն տարի, գումարները պետք է հատկացվեին պետական բյուջեից ամեն տարի, միանվագ։

Նախագիծը նախագիծ, բայց երբ այն պատրաստ էր, հարց ծագեց՝ ի՞նչ անել հաջորդիվ։ Հարցը պրիմիտիվ չէր, որովհետեւ չէի կարող թույլ տալ, որ նախագծի շրջանառումը ԱԺ-ում վերածվեր էժանագին շոուի՝ անփառունակ վախճանով։ Ինքս ինձ հարց էի տալիս՝ արժե՞ արդյոք նախագիծն ընդհանրապես շրջանառության մեջ դնել, այդ մասին խոսել, եթե համոզված ես, որ այն ընդամենը ինտերվյու տալու առիթ է լինելու, եւ ուրիշ ոչինչ։ Չէի կարող նման բան թույլ տալ, որովհետեւ դա կէժանացներ ոչ միայն նախաձեռնությունը, այլեւ Մարտի 1-ն ընդհանրապես, ու զոհերի հիշատակը։ Բայց ինչ անել, ինչպես առավելագույնս լրջացնել նախաձեռնությունը մի խորհրդարանում, որտեղ փոքրամասնություն ես նույնիսկ փոքրամասնության մեջ։ Լուծումը միակը թվաց հարցը դուրս բերել քաղաքական փոխհրաձգության հարթությունից ու դնել բացառապես մարդկային-իրավական-բարոյական հարթության վրա։

Ինչպե՞ս լուծել այս խնդիրը։ Երկար մտածելուց հետո եկա հետեւյալ լուծման, որպես նախագծի համահեղինակ հանդես գալու առաջարկով պետք է դիմել 2008թ. Մարտի 1-ից հետո հարուցված մայր գործով անցնող մյուս նախկին մեղադրյալ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին, եւ կին պատգամավորների։

Հանդիպեցի Ալ. Արզումանյանի հետ։ Ասաց, որ խնդիր չի տեսնում։ Որոշեցի, ուրեմն, մի քանի կին պատգամավորների հետ հանդիպել փետրվարի 18-ին, նախագահական ընտրությունների ոչ աշխատանքային օրով, երբ բոլորը զբաղված են ուրիշ հարցերով։ Ստացվեց մասամբ, որովհետեւ այդ օրը հաջողվեց հանդիպել միայն ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի հետ։ Մյուսների հետ կամ չհաջողվեց կապվել, կամ նրանց ուղղակի հարմար չէր։

Մարգարիտին ճանաչում եմ վաղուց՝ լրագրողական աշխատանքի բերումով։ Բայց գնացել էի ոչ թե ծանոթի կարգով, այլ շատ կոնկրետ փաստարկով եւ ասելիքով։ Նախ ասացի, որ եկել եմ ոչ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես Մարտի 1-ի գործով նախկին ամբաստանյալ։ Եկել եմ ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցչի մոտ, այլ մի պատգամավորի, ով մայր է, կին, քույր, ու եկել եմ ոչ թե հույզերով, այլ կոնկրետ փաստարկով։ Բանն այն է, որ կառավարությունը 2008 եւ 2009թթ. մի շարք որոշումներով, փոխհատուցել է մարդկանց, ում պատկանող տրանսպորտային միջոցները հրկիզվել են 2008թ. Մարտի 1-ին։ Հարցը, ուրեմն, հետեւյալն էր. արդյո՞ք նրանք, ովքեր ավտոբուսից են զրկվել պետք է պետական փոխհատուցում ստանան, իսկ նրանք, ովքեր զրկվել են կյանքից՝ ոչ։

Իմ ու Եսայանի խոսակցությունը տեւեց մոտ 40 րոպե։ Արդյունքում նա տեղում ստորագրեց նախաձեռնության տակ։ Ինքս խնդրեցի որոշում կայացնել տեղում։ Նույն փաստարկներով եւ ասելիքով՝ հաջորդ երկու օրերին հանդիպեցի նաեւ Էլինար Վարդանյանի, Հեղինե Բիշարյանի, Զարուհի Փոստանջյանի հետ։ Նրանք նույնպես ստորագրեցին՝ Փոստանջյանը տեղում, Էլինար Վարդանյանը մեր խոսակցության նույն օրը, Հեղինե Բիշարյանը՝ հաջորդ օրը, այսինքն՝ չորեքշաբթի։ Բիշարյանն ասաց, որ ստորագրում է որոշակի վերապահումներով, որովհետեւ կարծում է, թե նախագծի տեքստը հակասությունների մեջ է ՀՀ-ում սահմանված սոցիալական ապահովության քաղաքականության հետ, եւ կան սկզբունքներ, որոնք պետք է հստակեցվեն։ Պայմանավորվեցինք, որ անհրաժեշտության դեպքում կքննարկենք։ Ի դեպ, ընթացքում նախագծին միացավ նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր նախաձեռնությամբ։ Ու քանի որ այնպես ստացվեց, որ բոլոր խմբակցություններից պատգամավորներ էին ստորագրում նախագծի տակ, սխալ կլիներ ՀՅԴ-ին նույն առաջարկը չանել, ուստի սեփական նախաձեռնությամբ հանդիպեցի խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին, ներկայացրեցի խնդիրը, ով նույնպես ստորագրեց։

Այս բոլոր իրադարձությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին եւ հաջորդած օրերին՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի։ Հինգշաբթին Հայ ազգային կոնգրեսի խմբակցության նիստի օր էր։ Գնացի նիստի, եւ ներկայացրի այն, ինչ նկարագրված է վերը։

Ի զարմանս ինձ՝ նախաձեռնությունը դուր չեկավ խմբակցության ներկայացուցիչներին (Դեմիրճյանն ու Բագրատյանը ներկա չէին), եւ քննարկումը վերածվեց բուռն բանավեճի իմ ու մնացածների միջեւ։ Բանավեճը որեւէ բան չտվեց, ես մնացի իմ, մյուսները իրենց կարծիքին։

Խմբակցությունում մի քանի փաստարկներ էին բերում, այս մասում հիշատակեմ միայն մեկը, որովհետեւ մյուսները հետագայում, այլոց բերանով՝ կրկնվել են սոցիալակակ ցանցերում, կամ ԲՀԿ-ական կայքերում։ Միակ փաստարկը, որ տարբեր ձեւերով դուրս չի եկել այդ քննարկումից՝ հետեւյալն է. ՀԱԿ խմբակցության կանոնադրության մեջ կետ կա, ըստ որի խմբակցության պատգամավորը պարտավոր է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու դեպքում դրանք նախապես ներկայացնել խմբակցության նիստում։ Կար պնդում, թե խախտել եմ կանոնադրության այդ կետը, այսինքն՝ նախապես նախաձեռնությունը չեմ ներկայացրել խմբակցության նիստում

Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen Avagyan says:

    Դու էլ ՀՀԿ-ական կայքի տեր էս կամ կայքի տիրոջ ամուսին:

  2. Maxim says:

    Հարգելի՝ Նիկոլ Փաշինյան: Ես քաղաղական փորձ և հմտություն չունեմ, բայց ունեմ կյանքի փորձ,՝
    նաև տարբեր երկրներում: Խնդրուն եմ իմ առաջարկը, իմ կողմից մեծամտություն չհամարեք:
    Կողքից բացահայտ երևում է, որ Դուք ՀԱԿ-ում անելիք չունեք: Թեպետ նրանք՝ հանցագործ ռեժիմին
    մաս չեն կազմում, բայց այնուամենայնիվ, իրենց համար նպաստավոր պահին կարող են այդ քայլը
    կատարել: Դուք միացեք ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ համաժողովրդական շարժմանը, որի կորիզը,՝ առանցքը՝ Դուք գիտեք թե որքան ազնիվ և վեհ իսկական ազգի հերոսներ են: Ինձ քարոզչության
    իրավունք ոչ ոք չի ստանձնել, բայց ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ազնիվ Հայի պետք է խնդրել
    միանան, համախմբվեն հենց՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ-Ի շուրջ: Եթե իմ այս քարոզի տակ կա որևէ այլ
    շահադիտական նպատակ, բացի իմ երկրի ապագայի վտանգի վերացումը, թող ինձ բաժին հասնի
    ամենադաժան դատաստանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930