Այսօր խորհրդարանը բավականին աշխույժ սկսեց 2012- թվականի գյուղնախարարության բյուջեի կատարողականի քննարկումները: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հարցրեց, թե տեղյակ են արդյոք, որ հատկացված դիզվառելիքը նախատեսված չափով չի հասնում շահառուին։ Պատգամավորի հարցը վերաբերվում էր Արարատի մարզին հատկացված դիզվառելիքին: «Ձեր ֆունկցիան ո՞րն ա, միայն հատկացնելը, թե նաև հետաքրքվել՝ հասնում է իրա նպատակին, թե ոչ։ Այսինքն՝ վերահսկել եք ամեն ինչ հասե՞լ է տեղ»,-հարցրեց պատգամավորը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Ֆինանսների վերահսկողական ծառայությունն այս պահին իրականացնում է վերահսկողություն և հենց որ ավարտվեցին ստուգումները, տեղյակ կպահեն։ Ավելին նա զարմանում է, որ պատգամավորները գիտեն այդ մասին, բայց իրենց տեղյակ չեն պահել։ «Եթե դուք գիտեք, որ 100 դրամից մեկ դրամ է հասնում, դա ձեր մեղքն էլ է, որ տեղյակ չեք պահում»,-ասաց նա:
Հարցին միջամտեց ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը. «Ֆինանսների նախարարության համապատասխան վերահսկողական ծառայությունն այս պահին իրականացնում է ստուգումներ, երեւի ձեր հարցը դրանից է նաեւ բխում, որովհետեւ դուք տեղեկացված եք՝ նաեւ Արարատի մարզում ստուգումներ են գնում: Դեռ մենք որեւէ ինչ-որ հետեւություններ-բաներ վաղ է որ տեղեկացնենք: Բայց հենց որ ավարտվեցին ստուգումները, բնական է, մենք ձեզ տեղյակ կպահենք: Եվ երկրորդը, եթե դուք իսկապես տեղյակ էիք, որ կային նման խնդիրներ, որ հարյուր դրամի տեղը մեկ դրամ է հասել, ցավում եմ, որ դուք ավելի վաղ չեք տեղեկացրել մեզ եւ ոչ միայն մեզ»:
Մուրադ Մուրադյանը հակադարձեց. «Պարոն նախարար, բոլորը կարծեմ այդ յուրացումներից տեղյակ են: Մարդիկ այնքան մեծ-մեծ են խոսում, որ ասում են`մեր դեմ խաղ չկա, եթե փակագծերը բացենք…»: Նախարարն ավելի մեղմ տոնով ասաց, որ եթե նման կասկածներ, ինֆորմացիա ունեին պատգամավորները՝ լավ կլիներ, որ շատ ավելի վաղ տեղեկացնեին պատկան մարմիններին. «Ես ուրիշ բան չասեցի»:
Կարդացեք նաև
Մուրադ Մուրադյանը վրդովվեց. «Էս դահլիճում ծիծաղելի կլինի, եթե հազար քանի հազար տոննա տարողությամբ գնում է ու ոչ մեկ չի կարողանում իմանա հա, պետք է Մուրադ Մուրադյանին ամեն ինչը դուրս գա: Մուրադ Մուրադյանը պետք է նախօրոք ասեր, հա՞: Մուրադ Մուրադյանը ուժային կառույց ա, ինչ ա»:
Aravot.am-ը հորդորեց պարոն Մուրադյանին հայտնել այն անձանց անունները, ովքեր իր կարծիքով կանգնած են այդ յուրացումների հետեւում: Վերջինս դեռ բարկացած էր, ասաց. «Ֆինանսների նախարարությունից հարցրեք`թող ասեն, իրանք չգիտե՞ն: Նախարարն ասում ա` տեղյակ չէինք, իրան բոստանի՞ց են բերել: Աշխատակազմի ղեկավար էր»:
Հետաքրքիր էր, որ գյուղնախարարության բյուջեի կատարողականի քննակմանը ներկա չէր նախարար Սերգո Կարապետյանը`ինչ-որ պատվիրակության հետ զբաղված լինելու պատճառով: Պատգամավորներին վրդովվեցրեց ոչ միայն նախարարի բացակայությունը, այլ պատճառաբանությունը: Վրդովմունքն արտահայտվեց նրանով, որ պատգամավորները հրաժարվեցին բյուջեի կատարողականի մասով հարցեր ուղղել փոխնախարարին: Արդյունքում, քննարկումը հետաձգվեց. Այն կլինի ամսի 6-ին, արդեն նախարարի մասնակցությամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ