Այս օրերին Սյունիքի մարզում ամենաշատ քննարկումներն ընթանում են Գորիսում Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած վերջին իրադարձությունների շուրջ: Մարզում կատարվածի մասին խոսում են ամենուր՝ փողոցում, կրպակներում, խանութներում, տրանսպորտի մեջ, աշխատանքի վայրերում, սոցիալական կայքերում եւ յուրաքանչյուրը փորձում է նոր ու ավելի թարմ տեղեկություն իմանալ: Հնչող կարծիքներն ու ընթացող քննարկումները շատ դեպքերում նաեւ բարձրաձայն չեն արվում: Երբ կատարվածի վերաբերյալ փորձեցինք Սյունիքի տարբեր տարածաշրջանների բնակիչներից կարծիքներ իմանալ, խոստացան ազատ արտահայտվել, միայն թե առանց անուններ հրապարակելու, թեեւ իր անունից հանդես եկող քաղաքացի եղավ նաեւ: Կապանից, Մեղրիից, Սիսիանից եւ Գորիսից բնակիչների կարծիքները ներկայացնում ենք ստորեւ.
«Այո մարզպետը վերջին շրջանում սկանդալների մեջ է, բայց կոնկրետ այդ դեպքի մասին բան չեմ կարող ասել, որովհետեւ ինձ իրավունք չեմ վերապահում այստեղից-այնտեղից լսածներիս ու կարդացածներիս հիման վրա որեւէ բան ասել, առավելեւս, երբ այնպիսի սկանդալներ են սարքում սենսացիայի սիրահար լրագրողները, որ չգիտես, որ մեկին հավատաս: Բայց անհանդուրժելի են սպանությունները մարզում եվ այդպես՝ կրակոցներով: Մենք փոքր ազգ ենք, թշնամին աչք ու ականջ սրած սպասում է, հիասթափված մարդիկ հեռանում են հայրենիքից, մի՞թե կարելի է իրար վրա զենք պահել», -ասաց մեզ հետ զրուցած Սիսիանի բնակչուհիներից մեկը:
Գորիսի բնակիչներից մի քանիսը հրաժարվեցին խոսել կատարված երեւույթի վերաբերյալ, նախընտրեցին լռել եւ լուռ հետեւել ընթացքին: Իսկ Գորիսում գործող «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն իր պաշտոնական կայքում հայտարարությամբ է հանդես եկել, որով դատապարտելի է համարել կատարվածը: «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստագույնս դատապարտելի արարք է համարում 2013թ հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերը, որի արդյունքում սպանվել և վիրավորվել են քաղաքացիներ:
Արդարադատության նկատմամբ անվստահության և անպատժելիության մթնոլորտի նկատմամբ ունեցած Գորիսի հասարակության մեջ տարածված հիմնավոր կասկածները մեղմելու համար, որպես իրավապաշտպան կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության պատասխանատու բոլոր պետական կառույցներից պահանջում ենք հանցագործության օբյեկտիվ բացահայտում և օրենքով սահմանված հետագա իրավական բոլոր գործընթացների թափանցիկության ապահովում», – նշված է հայտարարության մեջ:
«Ես լավ ճանաչում եմ ե՛ւ մարզպետին, ե՛ւ Բուդաղյան եղբայրներին: Համոզված եմ, որ ծնողը պատասխանատու է իր երեխաների արարքների համար: Ես շատ բաներ կարող եմ ասել, բայց չեմ ուզում նմանվել նրանց, ովքեր սպասում են, թե ինչ կլինի նրա հետ ու հետո խոսեն: Ես միշտ ասել ու ասում եմ այն ինչ մտածում եմ եւ կաշկանդված չեմ այն բանից, թե ով է դիմացինս: Մարդու կյանքն է ամենաթանկը, թող մարզպետը նայի Ավոյի երեխեքի աչքերին ու բացատրի, թե նրանց հայրը խի չկա: Այլ բան չեմ ուզում ավելացնել, Աստված է դատավոր», -ասաց կապանցի Աշոտ Կույումջյանը:
Կարդացեք նաև
Գորիսյան դեպքի հետագա զարգացումներին հետեւում են նաեւ Մեղրիում, որտեղ տեղի ունեցածը սարսափելի ու անընդունելի են համարում: «Իրականում երևույթները իրենց տրամաբանական ընթացքով են. ի՞նչ կարելի է սպասել մի պետությունում, որտեղ կրիմինալը կառավարում է և «չեն բացահայտվում» հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը: Պարզապես ապշում ես, թե ոնց է խեղճացել մեր հերոսական ազգը: Սյունիքում ապրելն ու սեփական կարծիքն արտահայտելն արդեն իսկ քաջություն է: Սա է մեր իրականությունը: Եվ եթե հերթական անգամ անպատիժ մնան մարդիկ, ուրեմն իսկապես Հայաստանում ապրելն «Անապահով է» բոլոր իմաստներով», -ասաց Մեղրիի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Մեծ քննարկումներ են ընթանում նաեւ ֆեյսբուքյան խմբերում, որտեղ սյունեցիներն առանց կաշկանդվելու, առանց վախենալու դատապարտող, քննադատական մեկնաբանություններ են գրում Սուրեն Խաչատրյանի մասին՝ վերջնական հրաժարական եւ արժանի պատիժ պահանջելով, նույնիսկ սարկազմի ու զավեշտի են անցել օգտատերերը…
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ես ծագումով սյունեցի եմ, բայց այսօր ամաչում եմ դրա համար:
Ստացվում է, որ մի ստահակ բոլոր սյունեցիներին տրորել դարձրել է սողացող ոչնչություններ:
Ամոթ մեզ……