Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանի ափի գորտը խանգարո՞ւմ է գետի ջրային ռեսուրսը հաշվարկել, թե ինչ էկոթողք է պետք գետի համար (տեսանյութ)

Հունիս 03,2013 23:51

 

Բնապահպան. «Փոքր ՀԷԿ-երի բիզնեսի համար կառավարական մակարդակով լոբբինգ է կատարվում»:

Այսօր «Ելակետ» ակումբում ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանն ասաց, որ Հայաստանում որեւիցէ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվություն չի տրվում, եթե դրանք ինչ-ինչ հանգամանքով պայմանավորված՝ ջրօգտագործման հետեւանքով կարող են խաթարել ոռոգման մակարդակը:

Ըստ պարոն Նարիմանյանի, 2011թվականից կառավարության որոշմամբ նորմերը խստացվել են ջրօգտագործողների համար եւ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվել բնապահպանության համար. «Ավելի շատ ջուր ենք թողնում գետում»:

Արդեն ասուլիսն ավարտվել էր, երբ Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը հարց ուղղեց գործակալության պետին, թե որքանո՞վ է ճիշտ ընդամենը չոր մաթեմատիկական հաշվարկով որոշել գետում ՀԷԿ-ի էկոլոգիական թողքը. «Որոշման մեջ կա՞ էկոլոգիական հիմք, կամ հաշվի առնվո՞ւմ է ջրաէկոլոգիական համակարգի պահպանման գաղափարը: Այսօրվա դրությամբ գործող 140 ՀԷԿ-եր վայրկյանում թողնում են 20-50 լիտր ջուր գետում, դա նշանակում է այդ գետերը պահպանո՞ւմ են գետերի էկոլոգիական համակարգը»: Պարոն Նարիմանյանն էլ, պատասխանելով այս հարցին, նշեց, որ  2011-ից էկոթողքի 95 % ապահովվածությունը դարձրել են 75%, եւ դա ժամանակավոր որոշում է.«Մենք ժամանակ ենք վերցրել, որպեսզի ուսումնասիրենք միջազգային փորձը, չկա հստակ մեթոդաբանություն էկոլոգիական թողքի սահմանման համար, դա ամենաօպտիմալ տարբերակն է եղել: Պատկերացրեք նույն քանակի ջուր հոսում է  Հրազդան գետով, նույն քանակի` Որոտան գետով, եւ պատկերացրեք՝ մենք պետք է սահմանենք դրա էկոլոգիական թողքը, պատկերացրեք Հրազդան գետի ափին կարող է լինել մի գորտ, կամ բուսական աշխարհի մի ներկայացուցիչ, որից ամբողջ մոլորակի վրա մնացել է 1000 օրինակ, ուստի Հրազդանի համար պետք է լինի ուրիշ մոտեցում, բայց այդպիսի նորմատիվային մոտեցում չկա ամբողջ աշխարհում»:

Այս պատասխանին պարոն Գալստյանը հակադարձեց եւ օրինակ բերեց Նորվեգիայի փորձը, ըստ որի, յուրաքանչյուր գետի համար ՀԷԿ կառուցելու համար առանձին հաշվարկ է կատարվում`որքան պետք է լինի ջրի էկոթղքը, իսկ հաշվարկը կատարվում է ելնելով գետի հիդրոէկոլոգիական պայմաններից:

Պարոն Գալստյանի դիտարկմամբ`«Ինչպե՞ս կարող է գետը գոյություն ունենալ, եթե ամբողջ տարի ինքը հոսում է 20 լիտր վայրկյանում ջրով»:

Մանրամասն` տեսանյութում.

Պարոն Նարիմանյանն էլ պատճառաբանություն բերեց, որ մեր գետերը լցվում են 4 ամիսների ընթացքում, ուստի պարոն Գալստյանի մատնանշած հաշվարկների մեթոդը կիրառելի չէ ամբողջ տարվա կտրվածքով: Իսկ բնապահպանը կրկին օրինակ բերեց Նորվեգիայի փորձը եւ հորդորեց գործակալության պետին ընդամենը հրավիրել գիտնականների, որոնք կարող են իրոք էկոհամակարգին հօգուտ հաշվարկներ կատարել: «Մենք բաց ենք բոլորի համար, ով ուզում է` թող գա մասնակցի քննարկումներին»,-պատասխանեց գործակալության պետը: «Դուք անձամբ պետք է հրավիրեք գիտնականներին, ոչ թե ասեք` մենք բաց ենք»,-հակադարձեց բնապահպանը:

Մանրամասները` տեսանյութում:

Մեզ հետ զրույցում բնապահպան Լեւոն Գալստյանը, անդրադառնալով կառավարության որոշմանը, ասաց. «Էլեմենտար թվաբանական հաշվարկ են անում, վերցնում են թե վերջին 10 իրար հաջորդող նվազագույն հոսք ունեցած  օրերին որքան է եղել եւ դրա 90%-ը թողնում որպես էկոթողք: Օրինակ` եղել է գետում 40 լիտր վայրկյանում ջուր, ուրեմն` կարելի է այդ գետում ամբողջ տարվա համար թողնել 30 լիտր ջուր վայրկյանում, ու դա համարեն, որ բավարար է ջրաէկոլոգիական պայմաններն ապահովելու համար: Բայց գետը էկոհամակարգ է, եւ ինքը չի նախատեսել ամբողջ տարին այդքան հոսի, տարբեր սեզոններին տարբեր քանակությամբ է հոսում, դրա համար էլ համապատասխան բուսական եւ կենդանական աշխարհ  է ձեւավորվում: 50 լիտր վայրկյանում թողքի դեպքում գետում ձուկ չի կարող ապրել, ձեռք պիտի քաշենք ձկնային ռեսուրսներից: Ո՞վ է հաշվարկել` ավելի շատ օգուտ է բերում ձկնային պաշարները բնակիչներին, թե՞ ՀԷԿ-ը, ոչ մի գնահատական չկա»:

Պարոն Գալստյանի դիտարկմամբ` փոքր ՀԷԿ-երի բիզնեսի համար կառավարական մակարդակով այնպիսի լոբբինգ է կատարվում, որի արդյունքում ցանկացած ջրային հոսքի վրա ՀԷԿ կառուցելու բոլոր օպտիմալ պայմանները ստեղծվեցին. «Դրա համար էլ ստեղծված է այդ նորմատիվների բանաձեւը`թողնել մինիմալ քանակության ջուր գետում`առանց հաշվի առնելու բոլոր հետեւանքները: Ես որքան շփվել եմ մասնագետների հետ, պարզել եմ` ամբողջ աշխարհում կա համակարգված էկոհամակարգային մոտեցում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930