Հայաստանի քաղաքացիական ակտիվիստների մի խումբ իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում բոլոր այն մարդկանց, որոնք Թուրքիայում պայքարում են հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության:
Նրանք դատապարտում են խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումը, որը հանգեցրել է մահվան դեպքերի, տասնյակ վիրավորների,ձերբակալությունների:
Հայատանի քաղաքացական ակտիվիստները պահանջում են խնդրի քննարկում Եվրոպայի Խորհրդում, ինչպես նաեւ՝ միջազգային այլ կառույցներում: Ակտիվիստները ֆեյսբուքյան Solidarity from Armenian Civic Activists to Istanbul protesters էջի միջոցով տեղեկացնում են իրենց կազմակերպած օնլայն ստորագրահավաքի մասին, հավաստիացնելով, որ երիտասարդ սերունդը Հայաստանում, Թուրքիայում եւ այլուր կկառուցի ժողովրդավարական հասարակություններ, ինչն էլ ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում մարդակենտրոն, դինամիկ եւ համաչափ զարգացման միակ երաշխիքն է:
Aravot.am-ի հետ զրույցում հասարակական ակտիվիստ Ծովինար Նազարյանը, պատասխանելով մեր հարցին՝ Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունները բնապահպանակա՞ն խնդիրների արդյունք են, թե՞ նոր շարժման ծնունդ, կամ` դրսից ներմուծված մի բան, ասաց. «Ինչքանով, որ ես եմ կարդացել, իրենք իրենց պայքարը ձեւակերպել են հետեւյալ կերպ՝ սա ոչ միայն կանաչ տարածքի, ծառի, ծաղիկների խնդիր է, այլեւ արժանապատիվ ապրելու: Ես մի բլոգում կարդացի, որ մարդիկ ասում են, թե Էրդողանի կառավարությունը միջամտում է մարդկանց անձնական կյանքին, եւ որ մարդիկ իրենց կարծիքն արտահայտելուց զրկված են: Շարժումը սկզբում սկսվել է, որպես այգու համար պայքար, մարդիկ գնացել նստել են, որ թույլ չտան այգին քանդել, որից հետո ոստիկանությունը, ուժ կիրառելով, սարսափելի բռնություններով հանել է մարդկանց, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել ու շատ նման է, երբ մեզ մոտ 2008 թվի մարտի մեկին առավոտյան դաժան ձեւով քշեցին խաղաղ ցուցարարներին ու սկսվեցին բախումներ ոստիկանների հետ. նման մի բան եղավ Ստամբուլում»:
Դիտարկմանն էլ, թե Հայաստանի քաղաքացիական ակտիվիստների ձայնը կհասնի՞ նրանց, Նազարյանը ասաց. «Այսպիսի դեպքերում բոլոր ձայները շատ բան չեն կարող անել, ամեն դեպքում հարեւան երկրներից աջակցության խոսքեր ասող ակտիվիստների ձայները կարող են որոշակի դերակատարոթյուն ունենալ, ստիպել աշխարհին խոսել այս մասին, իսկ միջազգային մամուլը երկար ժամանակ լռում էր: Հայաստանի ակտիվիստներն ուղղակի չէին կարող իրենց աչքերը փակել»:
Կարդացեք նաև
Հաջորդ հարցին էլ` Մաշտոցի պուրակի դեպքերի ժամանակ Ստամբուլի քաղաքացիական ակտիվիստներից արձագանք եղա՞վ, թե՞ ոչ, Ծովինարը պատասխանեց. «Ես Մաշտոցի պուրակի ակտիվ մասնակիցներից չեմ եղել, չգիտեմ, բայց կարող եմ հիշեցնել, այն որ Հրանտ Դինքի սպանությունից հետո տասնյակ հազարավոր թուրքեր, քրդեր, հայեր, Թուրքիայի քաղաքացիներ դուրս էին եկել փողոց ու վանկարկում էին, որ իրենք հայ են, որ Հրանտ Դինք են»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ