Այսօր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ԱՄՆ դեսպանատան Գիլմորի դաշտում ընդունեց Հայաստանի ավագ դպրոցների 150 սաների, ովքեր մասնակցել են անգլերենի դասընթացների ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորված միկրոկրթաթոշակների ծրագրի շրջանակում:
Դեսպանի խոսքով` ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում գործող ավագ դպրոցներում անգլերեն լեզվի ուսուցումը` իրենց լեզվական հմտությունները զարգացնելու համար: «Միջոցառման միջոցով նպատակ ունենք ցույց տալու, թե երեխաներն ինչ են սովորել այս տարիների ընթացքում: Դասընթացներն իրականացվել են այն երեխաների հետ, ովքեր մի փոքր տիրապետել են լեզվին: Մենք հույս ունենք, որ նրանց անգլերեն ուսուցումը լավ են ստացել և կարող են մասնակցել ներփոխանակման ծրագրերին, ինչպես օրինակ «Երիտասարդ առաջնորդների փոխանակման» ծրագրին»,-ընդգծեց դեսպանը:
Access ծրագրի հովանու ներքո անգլերենի անվճար դասընթացներ են կազմակերպվել Արմավիրի ու Արագածոտնի մարզի 6 գյուղերում: Ծրագրի հովանավորներն են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որն աշխատում է Արմավիրի մարզում եւ Փի-Էյչ Ինթերնեշնլ կազմակերպությունը:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանի փոխանցմամբ` ծրագրի նպատակը ոչ միայն անգլերեն սովորեցնելն է, այլև համակարգչային ծրագրերից ավելի ինտենսիվ օգտվելու , մասնագիտական գրականություն կարդալու հմտությունները զարգացնելը, նաեւ՝ շփման հնարավորությունը: «Ծրագրում ընդգրկված են 6 գյուղերի 90 երեխաներ, յուրաքանչյուր գյուղից 15 երեխա, որոնք շաբաթական 2 պարապմունքներ են անցկացնում, որոնց դասավանդում են Ամերիկյան համալսարանի շրջանավարտները»,-ասաց Ս. Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Վերջինիս խոսքով` երեխաներն ընդունվելու համար դիմումներ են գրել, եւ արդյունքում ընտրվել են այն երեխաները, ովքեր ավելի լավ են հիմնավորել իրենց պատրաստակամությունը՝ հնարավորին չափ աշխատել՝ լավ տիրապետելու համար անգլերեն լեզվին, ինչպես նաև ծրագրում ընդգրկվել են բոլոր կարիքավոր, սոցիալապես անապահով երեխաները.«Սրանով մենք կարողանում ենք լրացնել այն բացը, որ կա գյուղերում` անգլերեն լեզվի ուսուցման տեսակետից, և ընդհանրապես օտար լեզվի ուսուցման վիճակը գյուղերում լավ չի»:
Միջոցառման ընթացքում ծրագրին մասնակից երեխաները կազմակերպեցին փոքրիկ ֆլեշմոբ, որի արդյունքում ստվարաթղթե արկղերի օգնությամբ ստանան մեծ և գեղեցիկ պատկեր:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ