Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաստաբանը դատի էր տվել Հատուկ քննչական ծառայությանը

Հունիս 03,2013 21:28

IMG_0779khaloyan2Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի բողոքի քննությունը:

Նա վիճարկում է Հատուկ քննչական ծառայության անգործությունը:

Դատարան էր ներկայացել Հատուկ քննչական ծառայությունից քննիչ Կամո Խաչատրյանը:

Ռոբերտ Ռեւազյանը հայտնեց, որ այս տարվա մարտի 12-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ: Նա ներկայացրել է Արմեն Խալոյանի շահերը, իսկ ինչպես տեղեկացրել ենք, ԽՍՀՄ բռնցքամարտի բազմակի տիտղոսակիրը մեղադրվել էր եւ դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման` ոստիկանապետ Վովա Գասպարյանի ընդունարանում նրա խորհրդական Մերուժան Հակոբյանին գրիչով հարվածելու, նրա վերին շրթունքը վնասելու համար:

Փաստաբան Ռ.Ռեւազյանը հայտնեց նաեւ, որ երբ իր պաշտպանյալին տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին, քրեական հետախուզության պետ Հայկ Կարապետյանն ապտակել է իր պաշտպանյալին, նրան զրկել են բուժօգնության իրավունքից, վարվել են անմարդկային, ենթարկել են խոշտանգումների, եւ չեն տրամադրել իրավաբան:

Ի դեպ, Ռոբերտ Ռեւազյանը ստանձնել է Ա.Խալոյանի պաշտպանությունը ,երբ  նրա դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում էր:

Փաստաբանը ասաց, որ մարտի 21-ին ստացել է ՀՔԾ գրությունը, որտեղ մասնավորապես ասված էր.«Ձեր պաշտպանյալին մեղսագրված արարքներն անմիջականորեն կապ ունեն Ձեր դիմումում մատնանշված հանգամանքներին, մասնավորապես, ոստիկանության ընդունարանում եւ ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարված խուլիգանական գործողություններին, որոնց ժամանակ Արմեն Խալոյանը հարվածել է Մերուժան Հակոբյանին ու Հայկ Կարապետյանին, պատճառել նրանց մարմնական վնասվածքներ»:

Փաստաբան Ռ.Ռեւազյանը հղում արեց համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գրությանը, համաձայն որի երեսունվեց ժամվա վաղեմության վերին շրթունքի շրջանում ծակած-կտրած վերք է հայտնաբերվել Խալոյանի մոտ, որը պատճառվել է ոստիկանապետի խորհրդականի կողմից:

Ըստ փաստաբանի, ՀՔԾ-ն քննություն չի կատարել նշվածի կապակցությամբ, մինչդեռ նրան բերման ենթարկելու պահից Խալոյանի իրավունքները ոտնահարվել են:

«Գտնում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը դրսեւորել է անգործություն, այն է` օրենքով սահմանված կարգով որոշում չի կայացրել»,-ասաց փաստաբանը:Նա պահանջում է պարտավորեցնել ՀՔԾ-ին վերացնելու անձի իրավունքների եւ ազատությունների խախտումը, հաղորդման հիման վրա հարուցել քրեական գործ եւ իրականացնել արդյունավետ քննություն:

Նախագահողին հետաքրքրեց, թե ինչ ընթացքի մեջ է Ա.Խալոյանի գործը: Պարզվեց, որ այն ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում է, եւ դատական նիստ դեռ չի հրավիրվել:

Դատարանը պահանջեց մարմնական վնասվածքների մասին ապացույցներ:Փաստաբանն ասաց, որ այն գործին կից ներկայացվել է:

Աշխատանքային ժամն ավարտվում էր, հետեւաբար, նիստը ընդմիջվեց. դատարանը հաջորդ նիստին կլսի պատասխանողին:

Մինչ այդ դատարանը կդիմի Ա.Խալոյանի դատավճիռը ստանալու, եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանին` գործի ընթացքի հետ կապված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930