Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Աշոտ Առաքելյանի լուսանկարների ցուցահանդեսը (Ֆոտոշարք)

Հունիս 03,2013 19:12

Այսօր Նկարիչների միության տանը տեղի ունեցավ արվեստագետ Աշոտ Առաքելյանի լուսանկարների ցուցահանդեսի բացումը: Բացման արարողության ժամանակ շնորհավորական խոսքով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Արցախի նկարիչների միության նախագահ Լենորդ Զաքարյանը: Կարեն Աղամյանն արվեստագետին բնորոշեց որպես հայրենասեր, ով մեքենայով մի քանի օր շարունակ կտրել-անցել է եվրոպան և եկել հայրենիք. «Մարդ, ում մեջ առկա է սերը դեպի հայրենիքը, նա միայն բարձր արվեստի տերը կարող է լինել: Նրա նկարների մեջ կա մեծ ջերմություն, զգացմունք… Բոլորն էլ նկարում են ծաղիկներ, բայց այն ներքին կուլտուրան, որն այսօր կտեսնեք, հազվադեպ է պատահում,-ասաց Կարեն Աղամյանը և հավելեց,- շատ արվեստագետներ կան, ովքեր մեկնել են Հայաստանից և նրանց հետքն անգամ չի մնացել. կամ մեծամտացել են կամ թողել են արվեստը… իսկ մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, ում համար երբեք խանգարող հանգամանքներ չկան»:
Իսկ Լենորդ Զաքարյանն իր ելույթում ասաց, որ երբ մարդ ծերանում է, ծերանում է արտաքնապես, հոգով երբեք չի ծերանում. «Աշոտ Առաքելյանն իր բոլոր աշխատանքներում ներդնում է իր հոգին»,- շեշտեց Զաքարյանը:
Ցուցահանդեսի բացման ընթացքում ընթերցեցին Չեխիայի «Սլովենսկի Դենկի» թերթի գլխավոր խմբագիր Մարտին Նեիվելի կարծիքը արվեստագետի մասին: Մեջբերում եմ. «Նա լավ գիտի աշխարհի երկու կողմը՝ լավը և ստվերոտը: Այդ իսկ պատճառով էլ ծիծաղով և ուրախությամբ իրեն տրամադրում է այն օրվան, որով ապրում է… Նրա ստեղծագործությունների մի մասը վայրի գեղեցկությամբ արտասովոր ծաղիկներ են… ամեն մի նկար տալիս է հավասարակշռություն և լավատեսություն…»:
Իսկ ահա Աշոտ Առաքելյանը, խոսելով իր մասին, ասաց, որ հայացք գցելով երկար տարիների իր գործունեությանը, հպարտանում է իր «համեստ աշխատանքներով»: Նրա խոսքով՝ չնայած վրիպումներին ու բացթողումներին՝ ինքն այսօր չի արել այնպիսի մի բան, որի համար իրեն անհարմար կզգա: Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին. «Գերմանացի մի փիլիսոփա ասել է, որ աշխարհի ամենագեղեցիկ բառը շնորհակալությունն է: Ես այսօր առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իմ ժողովրդին, որի մի մասնիկն էլ այստեղ է: Ժողովուրդը պիտի միասնական և ուժեղ լինի: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի և Արցախի նկարիչների միության նախագահներին: Ես շնորհակալ եմ նաև ծնողներիս, որ նկատեցին իմ սերն արվեստի հանդեպ, շնորհակալ եմ նաև կնոջս, որ միշտ աջակցում է ինձ»:

Բացման արարողությունից հետո ներկաները շտապեցին դիտելու նկարները: Ցուցահանդեսի այցելուներից 16-ամյա Անուշիկն ասում է. «Էնտեղ մի նկար կա՝ «Սերը»: Հենց այդ նույն նկարը գտնվում է հորեղբորս տանը: Այդտեղից էլ ծագեց հետաքրքրությունս այցելելու ցուցահանդես: Ես շատ հարցեր ունեմ նկարչին տալու»:
Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է նկարչի 65-րդ ամյակին: Ցուցահանդեսը տևելու է 10օր, իսկ հուլիսի 20-ին այն կկայանա նաև Շուշիում:

PrevPhoto
NextPhoto

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930