Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ռուսական համատեղ զբոսաշրջային արշավը նպաստավոր է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար».Իվան Վոլինկին

Հունիս 03,2013 18:54

«Այսօր թե′ Հայաստանը, և թե′ Ռուսաստանը մեծ ցանկություն ունեն, որ տուրիզմը զարգանա նաև Հայաստանում, և Հայաստանն ունի բոլոր այդ հնարավորությունները և կարող է ներկայացնել բացառիկ ցուցանմուշներ, հուշարձաններ, ինչպես նաև սեփական պատմությունն ու հայկական հյուրասիրությունն իր ողջ հմայքով, որը դարերի խորքից է եկել»,-այսօր այս մասին «Նովոստի» միջազգային մամուլի  կենտրոնում ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը (լուսանկարում):

Հունիսի 8-18-ը Հայաստանում կկայանա «Ճանաչիր հայրենիքդ և պատմիր նրա մասին» խորագիրը կրող հայ-ռուսական համատեղ զբոսաշրջային արշավը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելել ՀՀ տարբեր մարզեր, ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, գեղատեսիլ վայրերին, ինչպես նաև հայոց պատմությանը:

Բանախոսի փոխանցմամբ` միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի սաներն ու ներկայացուցիչները, պատգամավորներ ու այլ հյուրեր: «Կլինեն շուրջ 130 մարդ, որոնց մեծ մասը երիտասարդներ են` ուսանողներ, գիտնականներ և այլք: Կարևորը միասնական մթնոլորտի ստեղծումն է»,- ասաց նա՝ հավելելով, որ ծրագիրը կարևոր է հատկապես երիտասարդների համար:

Ինչ վերաբերում է հովանավորմանը, ապա Մինասյանը նշեց, որ  միջոցառմումը հովանավորում են  ՌԴ դեսպանատունը, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն, ինչպես նաև անհատ կազմակերպություններ: «Հիմնական հովանավորը հայկական կողմն է: Հովանավորում են նրանք, ովքեր հիմնականում մտահոգված են երկրի զարգացմամբ»,- ընդգծեց նա:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հավելեց, որ  միջոցառման նպատակն է Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելը:

Ըստ բանախոսի` առաջին հերթին հայ երիտասարդը պետք է ճանաչի իր հայրենիքը, պատմությունն ու քաղաքը, հիշեցնելով, որ միջոցառման մասնակիցներն առաջին օրը կանցկացնեն Հայաստանի մշակութային կենտրոն համարվող Գյումիրում, ապա կշարժվեն Լոռվա մարզ:

ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը վստահություն հայտնեց, որ այս նախագիծը նպաստավոր է նաև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: «Ես կարծում եմ, որ այս միջոցառումը պակաս հետաքրքիր չի լինի, քան նախորդ տարի կազմակերպվածը:Սա շատ կարևոր քայլ է բոլորիս համար: Քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, մեր երկրների և ղեկավարների միջև ինտենսիվ կապերն ամրապնդվում են նաև երիտասարդների հետ շփման միջոցով»,- նշեց նա: Դեսպանը Հայաստանը գեղեցիկ երկիր է համարում, որտեղ կան պատմամշակութային հարուստ արժեքներ, և ցանկություն հայտնեց լինել Հայաստանի բոլոր տեսարժան ու հիշարժան վայրերում:

Միջոցառումը կմեկնարկի հունիսի 8-ին` ժամը 10-ին: Մասնակիցները կշարժվեն «Սասունցի Դավիթ» կայարանից:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930