«Փաստինֆո». ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նոր մանրամասներ է հայտնել Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: «Բժիշկները կրկին վիրահատական միջամտություն են կատարել` Արտակ Բուդաղյանի մարմնից հանելով ևս մեկ գնդակ»:
Արծրուն Հովհանիսյանի տեղեկացմամբ՝ ներկայումս Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը եւ Սյունիքի մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը ստացել են հրազենային վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և 235-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերում, պահում): Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ թիկնազորի անդամ Զարզանդ Նիկողոսյանը ձերբակալվել են։
Կարդացեք նաև
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությունը կրակոցներին երեւում է նաեւ առգրավված տեսանյութերում։
Լուսանկարը՝ emedia.am-ի