ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ մարզի բնակիչ հղի կանայք իրենց անվճար ծննդօգնության սերտիֆիկատներով այլեւս Երեւանում չեն կարող ծննդաբերել: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրուցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ասաց, որ մայիսին 15 տոկոսով կրճատվել է մարզերից Երևան եկող ծնունդների թիվը: Ըստ նրա Երևանում ծնունդների մոտ 40 տոկոսը մարզերից էր, որոնցից 20 տոկոսը` չհիմնավորված: «Այն հղիները, որոնք ինն ամիս գտնվում են մարզային բժիշկների վերահսկողության տակ, իսկ հետո ծննդաբերում էին Երևանում, իր բժշկի հետ, ով լավ գիտեր պտղի վիճակի մասին, մասնագիտական կապը կտրվում է, ինչպես նաև այն գումարները, որոնք տրվում են պետբյուջեից մարզերի բուժհիմնարկների համար, նպատակային չեն օգտագործվում և տարեվերջին ստիպված գումարների վերաբաշխումներ են կատարվում` մարզերին տրվող գումարները պակասեցվում են, Երևանինն` ավելացվում»,- պարզաբանեց Դումանյանը:
Որ մարզից որոշակի ծնունդներ պետք է Երևան գան, նախարարը դեմ չէ, բայց դրանք կարող են լինել միայն ակն դեպքերում, որ կարող են լինել բարդություններ և ռիսկեր, որոնք մարզային ծննդատներում հնարավոր չէ կարգավորել:
Ի պատասխան լրագրողների դիտարկումների, Դումանյանը հավաստիացրեց, որ բոլոր մարզերում կան ժամանակակից տեխնիկայով համալրված կլինիկաներ, որոնք կարող են պատշաճ սպասարկել հղի կանանց` թե հղիության ընթացքում, թե ծննդաբերության ժամանակ: Նախարարը հայտնեց, որ պետական գումարը, որը ծննդկանը մուծում է այլ հիվանդանոցում ծննդաբերելու համար, 107 հազար դրամ է, սակայն քանի որ մեկ ամսում մարզերից Երևան եկող ծնունդների թիվը նվազել է, ապա, ըստ նրա, ոչ մի մուծում այս ամիս չի եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իսկ դուք Աշտարակի հիվանդանոցը տեսել եք?