Հունիսի 1-ի և 2-ի լույս գիշերը Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան հարևանությամբ հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում 43-ամյա Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 40-ամյա Արտակ Բուդաղյանը և 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Արտակ Բուդաղյանը ՀՀ ՊՆ Գորիսում տեղակայված զորամասի նախկին հրամանատարն է, արժանավոր զինվորական, ով ներկայումս ծառայում է ԼՂՀ պաշտպանության բանակում, զորամասի հրամանատար: Նա մեկն է այն նվիրյալներից, ով հակառակորդի հետ շփման գծում պաշտպանում է մեր հասարակության խաղաղ գոյակցությունը: Բայց արի ու տես, որ ներքին տականքները հանդգնել են ոտնձգություն կատարել մեր հայրենիքի պաշտպանների նկատմամբ: Գնդապետ Արտակ Բուդաղյանը այժմ հոսպիտալում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր:
Այս միջադեպը, ինչ խոսք, լայն արձագանք է գտել հասարակության շրջանում, առաջացրել է դժգոհության և բողոքի ալիք հատկապես զինվորականության շրջանում: Սա հանցագործություն է ուղղված ոչ միայն անձի, անհատի դեմ, այլ մի ամբողջ համակարգի դեմ, մի համակարգի, որն ապահովում է մեր սահմանների անառիկությունը: Այս հանցագործության բոլոր մեղավորները` անկախ պաշտոնից և դիրքից, պետք է արժանի պատժի ենթարկվեն, հակառակ դեպքում` հասարակական ընդվզումը կհասնի աննախադեպ չափսերի:
Դատելով վերջին տարիներին նմանաբնույթ դեպքերի քանակից` պետք է ցավով արձանագրել, որ դրանք համատարած բնույթ կրելու միտումներ ունեն, իսկ անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում: Միայն վերջին երկու տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիական անձինք ոտնձգություն են իրականացրել ազատամարտիկների և զինծառայողների հանդեպ: Անգամ եղել են դեպքեր, երբ բորենիները հանդգնել են հարձակվել զորամասերի վրա:
Կարդացեք նաև
Դեռ 2006 թվականին դանակահարվեց Պռոշյան ավանի բնակիչ, զինված ուժերից նոր զորացրված գնդապետ Աշոտ Միքայելյանը: Այս սպանությունը կատարվեց անձնական հարաբերություններից ծագած վրեժի հողի վրա, սակայն հանցագործները այդպես էլ համապատասխան խիստ պատիժ չստացան: Բոլորին քաջ հայտնի է Վահե Ավետյանի սպանության ողբերգական դեպքը: Հիմա էլ բորենիները հանդգնել են ձեռք բարձրացնել մեր սահմանների պաշտպանությանը լծված սպայի վրա, սակայն այլևս պետք է կանխել այս մտահոգող միտումի խորացումը:
Հայկական բանակը մեր երկրի անվտանգության ապահովման, մեր սահմանների պաշտպանության երաշխավորն է: Եվ հենց հայ զինվորի ու սպայի ամենօրյա ծառայության շնորհիվ մենք ունենք ազատ ու անկախ Հայաստան: Սակայն արի ու տես, որ զինված ուժերը անպաշտպան են ներքին տականքներից, բորենիներից: Հարկավոր է մաքրազերծվել ու խիստ դատապարտել նմանաբնույթ երևույթները, իսկ մեղավորներն անխտիր պետք է կրեն իրենց արժանի պատիժը: Այլապես կգտնվեն արդարադատության իրականացման ոչ պետական ձևեր ու մեթոդներ:
Գագիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հարգելի հայրենակիցներ,
վերջին իրադարձունները մեկ անգամ ևս ապացուցեցին,
որ Հայաստանում օպոզիցիա ընդհանրապես գոյություն չունի։
Գորիսի դեպքերից հետո, միհատ բողոքի ցույց կազմակերպեին իշխանության դեմ, ստիպեին, որ կռմինալը բանտում հայտնվեր։ Ինչուն են սպասում? Թե մոտ ժամանակում նոր ընտրություն չկա, միայն ընտրությունից ընտրություն են կիսաակտիվանում ու միայ կեղծ, անձնական շահ հետապնդում։
Մենակ խոսելը ինչ, կռիմինալը Երևանում ապահով ման է գալիս ու ”գործի հետազոտման էլ” օգնում։