Շարքային Բրեդլի Մենինգը մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել ցմահ բանտարկության
Երկուշաբթի օրը մեկնարկելու է «Վիքիլիքս» կայքին հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողի դատավարությունը:
Շարքային Բրեդլի Մենինգը Մերիլենդ նահանգի Ֆորտ Միդ ռազմակայանում կայանալիք ռազմական դատավարության ընթացքում մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել ցմահ բանտարկության:
Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010 թվականին: Նա խոստովանել էր «Վիքիլիքս»-ին տեղեկություններ փոխանցելու հանգամանքը՝ ասելով, թե ցանկանում էր հրահրել հասարակական քննարկումներ Աֆղանստանում և Իրաքում պատերազմների և ԱՄՆ-ի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ:
Մեղադրող կողմը սակայն պնդում է, որ գաղտնի տեղեկությունները «Վիքիլիքս» կայքին փոխանցելու արդյունքում վտանգի տակ է դրվել ԱՄՆ-ի զինծառայողների կյանքը:
«Արտահոսք»-ի հետևանքով «Վիքիլիքս»-ին տրամադրված տեղեկատվության շարքում էր, ի թիվս այլոց, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի պատճառը դարձած ուղղաթիռային հարձակման մասին տեսանյութը:
Շարքային Մենինգի կողմնակիցների համաձայն վերջինս բացահայտել էր այն սխալները, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, այլապես որևէ կերպ չէր ընդունի:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»