Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող. «Մեր կողքին անպատիժ քայլում է առնվազն մեկ մարդասպան»

Հունիս 03,2013 17:42

Aravot.am-ի հետ զրուցում լրագրող Համլետ Մոսինյանը, համեմատելով Գյումրիում՝ քավոր Հարութի ու Սյունիքում՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատների դիմաց կատարված հանցագործությունները, կարծիք հայտնեց, որ կրիմինալը Գյումրու մենաշնորհը չէ, ինչպես որ պնդում են ոմանք: «Սյունիքի դեպքերը հուշում են, որ կրիմինալն ամբողջ Հայաստանում է, դա Գյումրիի մենաշնորհը չէ, ամենուրեք մեր երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում: Էս երկրի բոլոր անկյուններում անօրինական զենքեր գոյություն ունեն, որոնք այսօր պիտի կրակեն, վաղը պիտի կրակեն, պիտի կրակեն քանի դեռ դրանք գտնվում են ապօրինաբար, գտնվում են սրա կամ նրա մոտ: Բազմաթիվ անգամներ և «Առավոտ»-ը և մյուս լրատվամիջոցները Սյունիքի մարզպետի ապօրինությունների մասին ահազանգել են, սակայն իշխանություններին բացարձակ չի հետաքրքրում նման բաներ: Իշխանություններին հետաքրքիր է միայն ընտրության արդյունքները, իսկ Սյունիքում միշտ ընտրությունը Հանրապետական կուսակցության համար բարենպաստ է, մեծ թվեր են եղել:

Եթե համեմատենք Գյումրու կրակոցները Սյունիքի կրակոցների հետ, իմ կարծիքով, դա կշեռքի տարբեր նժարին դնելու բան չէ. թե Գյումրիի և թե Սյունիքի դեպքերը մեծ ողբերգություն են ու խայտառակություն: Եվ հիմնական պատճառը մեր երկրի իշխանությունների պահվածքն է, որոնք ունեն, փողոցի լեզվով ասած, լյուբիմչիկներ, որոնց երբեք չեն ասում` աչքիդ վերևը ունք կա, ձեր արարքները սխալ են, նույնիսկ պարգևներ են տալիս, մեդալներ, շքանշաններ, և մարդիկ արդեն իսկ իրենց անպատժելի են զգում: Իրենց ամեն ինչ կարող են թույլ տալ, իրենց զգում են տվյալ տարածքի տեր ու տիրական, իշխան, խմբապետ և դատող, և կատարող և որոշող: Ամենաթող վիճակ է բոլոր անկյուններում», – ասաց Համլետ Մոսինյանը:

Ըստ նրա, տվյալ հանցագործության ազդեցության տակ չի կարելի ասել, որ Հայաստանի այսինչ մարզը ավելի քրեածին է, ավելի գողական է, դրա համար պետք է ունենալ հստակ վիճակագրական տվյալներ, որտեղ հաշվի կառնեն բնակչության թվի հետ համեմատ հանցագործության տարբեր տեսակները: «Ո՞վ կարող է ասել, ո՞րն է ավելի մեծ հանցանք, Վանաձորում դատախազ սպանե՞լը իր տան դռանը, որը էդպես էլ չի բացահայտվել կամ նույն Վանաձորում ԱԺ նախկին պատգամավոր Ճաճոյի Էդոյի սպանությո՞ւնը, որը նույնպես չի բացահայտվել, Գյումրու Շիրակացի փողոցում օրը ցերեկով կրակոցնե՞րը, որտեղ մեկը մահացավ, մեկը վիրավորվեց , թե՞ Սյունիքի կրակոցները, մարզպետի դռան մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտը: Թեև սրանք անհամեմատելի են, բայց մեկ գնահատական կարելի է տալ` մեր երկրի վերջին տարիների ընդհանուր վիճակի արդյունքն է: Վանաձորի սպանված դատախազը ՀՀ գլխավոր դատախազի ուսանողական ընկերն էր, հիշո՞ւմ եք ինչ երդումներ հնչեցին, թե մեր պատվի խնդիր է հանցագործին գտնելը, հանցագործությունը չբացահայտվեց: Սա նշանակում է մեր կողքին քայլում է առնվազն մեկ մարդասպան, անպատիժ քայլում է: Հնարավոր չէ ասել մարդասպանը գյումրեցի էր, լոռեցի էր, թե երևանցի, այդ մարդը` սպանության պատվիրատուն, ազատ քայլում է մեր կողքին: Էստեղ էլ ի՞նչ ոստիկանություն, ի՞նչ քրեական հետախուզություն, էլ ի՞նչ դատախազության մասին կարելի է խոսել, եթե էդպիսի հանցանքները չեն բացահայտվում: Ի՞նչ բացահայտման մասին կարելի է խոսել, տարիներ շարունակ Սյունիքի մասին գրվել է, Սյունիքի մարզպետի ծեծերը. կնոջ է ծեծել, երեխայի, տարբեր պաշտոնյաների թիկնապահների և այլն, այլն և որևէ լուրջ արձանգանք չի եղել, ընդհակառակը Սյունիքի մարզպետը պետական պարգևների է արժանացել»,- նեղսրտեց լրագրողը:

Մեր այն հարցին, թե անիմա՞ստ էին Վլադիմիր Գասպարյանի` Գյումրիում հնչեցրած ելույթները, թե կլանների կլոնավորումը դադարեցնելու են, հանցագործներին արտաքսելու են, մեր զրուցակիցն ասաց. «Այո, ասում էր, թե քշելու եմ երկրից, անհասկանալի է, թե ինչո՞ւ էր Վովա Գասպարյանը էդքան ոգևորվել, մի 20 հատ զենք էր հայտնաբերել ու առգրավել Գյումրիում, ընդ որում շատ զարմանալի էր, որ ոստիկանապետը էդքան համարձակություն չուներ ասելու, թե ում տներից են հանել: Մի երկու աղավնի ծախողից դանակ էր առգրավվել, ամբողջ Երևանի դիմակավորված ոստիկաններին բերել-լցրել էր , թե 20-30 կրակող զենք են գտել, դրանով սենսացիա էր սարքել, դրանով, իր կարծիքով, Հայաստանում քրեական հանցագործությունը վերացավ: Ոչ մի տեղ էլ չի վերացել, Գյումրիում էլ նույնիսկ չի վերացել, ամեն պահի կարող են կրակել: Եվ ես, որպես Գյումրու բնակիչ, կարող եմ ասել, որ գյումրեցիները սարսափած չեն, գյումրեցիները գիտեն, որ զենքեր դեռ էլի կան ու դեռ կրակելու են, մի 20 զենքերի հայտնաբերմամբ զենքերը չվերացան: Վովա Գասպարյանը շատ շուտ ոգևորվեց ու մեր մեջ ասած, կարծես թե երազախաբ է լինում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930