Անցած շաբաթվանից Թուրքիայում սկսված բողոքի ալիքը կարծես նոր թափ է հավաքում, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, թե այս գիշեր Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում արձանագրվել են վերջին օրերի մեջ ամենաարյունալի բախումները ոստիկանության եւ ցուցարարների միջեւ:
Դեպի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նստավայրը շարժվող հազարավոր ընդդիմադիրներ փորձել են դիրքավորվել ու արգելապատնեշներ շարել, ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, ինչին ցուցարարները պատասխանել են քարերով:
Տեղական մամուլի հաղորդմամբ, Ստամբուլի կենտրոնում գտնվող մզկիթները, խանութներն ու դպրոցները վերածվել են հիվանդասենյակների՝ հարյուրավոր վիրավորներին օգնություն հասցնելու համար:
Որոշ մեկնաբաններ բողոքի այս հուժկու ալիքն արդեն «թուրքական գարուն» են որակում, ցույցերը տարածվել են ողջ երկրով մեկ, միայն անցած երկու օրվա ընթացքում ձերբակալվել է մոտ 1700 ցուցարարար:
Կարդացեք նաև
«Թուրքիան աշխարհիկ պետություն է», «վարչապետը բռնապետ է, պահանջում ենք Էրդողանի հրաժարականը», – արդեն չորրորդ օրն է՝ վանկարկում են փողոցներ դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ:
Էրդողանը, մինչդեռ, ոչ միայն չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները, այլեւ պնդում է, որ բողոքի այս ցույցերը հրահրվում են դրսից:
«Ազգային անվտանգությունն արդեն աշխատում է այս ցույցերի ետեւում կանգնած արտաքին ուժերին բացահայտելու ուղղությամբ», – այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ Մարոկո մեկնելուց առաջ:
Ռեջեփ Էրդողանը նաեւ նշել է, թե իշխանությունները մտադիր չեն ետ կանգնել Ստամբուլի կենտրոնական Գեզի այգում շինարարություն իրականացնելու ծրագրից, ինչն էլ զանգվածային այս ցույցերի պատճառ էր դարձել: «Մենք անելու ենք այն, ինչ որոշել ենք», – հայտարարել է նա` հավաստիացնելով, որ ծառերը հատվելու են ոչ թե առեւտրային կենտրոն կառուցելու, այլ Օսմանյան կայսրության սուլթաններից մեկի՝ Սելիմ երրորդի թողած ռազմական կառույցներից մեկը վերականգնելու համար:
Այս հայտարարությունը, սակայն, է՛լ ավելի է բորբոքել ցուցարարներին, որոնք պնդում են, թե Էրդողանի կուսակցությունն ամեն կերպ փորձում է ամրապնդել իսլամական կարգերը աշխարհիկ Թուրքիայում:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հատուկ օրենք ընդունեց ալկոհոլի վաճառքն ու գործածումը սահմանափակելու վերաբերյալ: Ի պատասխան` երեկ հարյուրավոր ցուցարարներ միտումնավոր Գեզի այգի եկան ալկոհոլային խմիչքներով՝ կոչ անելով վարչապետին ետ կանգնել բռնապետական որոշումներից:
Hurriet Daily News-ի հաղորդմամբ, աշխարհով մեկ հաքերային հարձակումներ իրականացնող Anynomous խումբը խոստացել է թիրախի տակ առնել Թուրքիայի բոլոր կառավարական կայքերը եւ ծնկի բերել իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար: Twitter-ով տարածված հաղորդագրության համաձայն, մասնավորապես, արդեն իսկ հաքերային հարձակման զոհ են դարձել Թուրքիայի նախագահի, իշխող կուսակցության, Ստամբուլի ոստիկանության ինտերնետային կայքերը:
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը, նույնպես քննադատել են Էրդողանի վարչակազմին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, Սպիտակ տունն ու Եվրամիությունը կոչ են արել զսպվածություն ցուցաբերել:
Հեղինե Բունիաթյան
«Ազատություն» ռադիոկայան