Լրահոս
Օրվա լրահոսը

Վ. Հոկտանյանը` ՀՀ վարչապետի մասին. «Դատախազություն դիմելը դեռ չի նշանակում, որ վարչապետն անմեղ է»

Հունիս 03,2013 17:19

Օրերս «Հետք»-ը անդրադարձել էր  գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հարցին: Ըստ հետաքննող լրատվամիջոցի կատարած ուսումնասիրության արդյունքների` գործարարի ունեզրկումն ուղղակի առնչություն ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օվշորային ընկերության հետ, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:

Այս հրապարակման կապակցությամբ ՀՀ վարչապետը հերքում էր տարածել նշելով, որ դիմելու է ՀՀ դատախազություն:Այսօր վարչապետն արդեն դիմել է դատախազություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն տարբեր ծրագրերի շարքում զբաղվում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի, նրանց` բիզնես գործունեությամբ զբաղվելու հարցերի քննությամբ:

Aravot.am-ը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանից հետաքրքրվեց`այս գործի կապակցությամբ իրենք ի՞նչ դիրքորոշում ունեն. ո՞ւմ են ավելի շատ վստահում՝ ՀՀ վարչապետի՞ն, թե՞ լրատվամիջոցի հրապարակմանը:  Նա պատասխանեց. «Վստահության-չվստահության հարց չկա: Ինչպես ես հասկանում եմ, վարչապետը դիմել է այն հիմքով, որ ինչ-որ մեկն իր փոխարեն իր անվան տակ գրանցել է որպես բաժնետեր այդ ընկերությունում: Վարչապետը չի ասում, թե «Հետքը»  սուտ է ասում:   Հարցն այն է, որ նա չի էլ կարող հերքել, թե այդպիսի փաստաթուղթ կա»:

Հետաքրքրվեցինք` Վ. Հոկտանյանը հավատո՞ւմ է, որ առանց Տ. Սարգսյանի գիտության նման բան են արել: Նա պատասխանեց. «Դժվար է հավատալ, բայց մյուս կողմից էլ այսպիսի բաներ հնարավոր է, որ լինեն: Մի քիչ ինձ համար դժվար է ասել` դատախազությունը ինչ կհայտնաբերի: Հիմա «Հետքին» կսկսի տանջել, որ պարզի փաստաթուղթը որտեղից է: Դժվար է ասել,  թե այս ամենն ինչքանով օբյեկտիվ կլինի: Կարող է նաև դատախազությունը որոշի ուղղակի ցույց տալ, որ այս ամենը ընդամենը կեղծիք է: Այս պարագայում դժվար թե առանց Տ. Սարգսյանի գիտությամբ է արվել, բայց անմեղության կանխավարկածի հարց էլ կա: Մյուս կողմից էլ՝ դատախազություն դիմելը դեռ չի նշանակում, որ ինքն անմեղ է, առանց իր գիտության են դա արել: Սպասենք, տեսնենք ինչ է ցույց տալու հետաքննությունը»:

Վ. Հոկտանյանը մի շարք հարցեր է բարձրացնում գործի հետ կապված ու մասնավորապես նշում. «Այստեղ առաջին խնդիրը ունեզրկման հարցն է: Իսկ դա կապվում է  Սուքիասյանի անվան հետ: Հարց է` իսկ ի՞նչ դերակատարություն է ունեցել այդ հարցում վարչապետը:  Ես կոնկրետ փաստեր չգիտեմ, որ վարչապետը դեր ունեցել է այս հարցում, բայց նաև այնպիսի հարցեր են առաջանում` արդյոք այն գումարների շարքում, գրավադրվեցին և գնացին «Ամերիաբանկ», պետբյուջեից միջոցներ գնացե՞լ են այդ հաշվի վրա, թե՝ ոչ: Բնական է, օվշորում հաշիվ ունենալը լավ բան չէ, բայց եկեք նաև սպասենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 Լուսանկարը՝ «Հետքից»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ Մինասյան says:

    Աշոտ Սուքիասյանի մասին ճշմարտութիւնների եւ Փայլակ Հայրապետյանի կեղծիքի մասին իմանալու համար խնդրեմ այցելէք Ֆէյսբուքում “Աշոտ Սուքիասյանի Ճշմարտութիւնը – Truth about Ashot Sukiasyan” էջը:

    Շնորհակալութիւն
    Գագիկ Մինասյան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930