Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարկտահարության ազդեցությունը բանկերի ֆինանսական կայունության վրա շատ չի ազդի (Տեսանյութ)

Հունիս 03,2013 17:08

«Հայաստանյան բանկերի վարկային պորտֆելը 1,7տրիլիոն դրամ է, որից գյուղատնտեսության տեսակարար կշիռը բոլոր մարզերում, բոլոր տիպի գյուղատնտեսական ծրագրերով վարկավորումը մոտ 115 միլիարդ դրամ է, այսինքն` մոտ 7%, եւ  եթե հաշվի առնենք, որ կարկտահարությունը տեղի է ունեցել 2-3 մարզում, այս 115 միլիարդի մեջ ֆինանսական կայունության տեսանկյունից ազդեցությունը շատ ցածր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կլանության եւ զարգացման բաժնի պետ Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների վարկունակությունն ու դրանց վերանայումն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ֆինանսական կայունության վրա:

Պարոն Գրիգորյանի դիտարկմամբ` եթե հաշվի առնենք վերջին ժամանակներում գյուղատնտեսության ոլորտում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը, օրինակ՝ 2012-ին գյուղատնտեսության ոլորտում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը եղել է 5%, սա բավական ցածր է. «Որովհետեւ գյուղոլորտը սովորաբար ռիսկային է, եւ բանկերը վարկավորելով՝ բավականին ռիսկի տակ են ընկնում: Կարկտահարությունից տուժած գյուղացիների մասով մենք խնդիրը ինտենսիվ  քննարկում ենք առեւտրային բանկերի հետ, որոնք մարզերում վարկավորման պորտֆել ունեն: Անհատապես յուրաքանչյուր վարկառուի հետ աշխատում են` պայմանները վերանայելու` հօգուտ, բնականաբար, գյուղացու: Անգամ այն բանկերը, որոնք մեծ վարկավորում ունեն այդ համայնքներում, իրենք նախաձեռնել են իրենց իսկ տոկոսային եկամուտների հաշվին գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի մի մասը  փոխհատուցելու»:

Պարոն Գրիգորյանը նաեւ նշեց, որ այն գյուղացիները, որոնք վարկերի հետ կապված խնդիրներ ունեն, կարող են դիմել ԿԲ-ի «թեժ գծին»:

Իսկ հարցին էլ, թե առաջիկայում գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումն ի՞նչ ֆինանսական ռիսկեր կարող են առաջացնել ֆինանսական շուկայում եւ տնտեսությունում, վարչության պետն ասաց. «Թանկացումը ֆինանսական կայունացման տեսանյունից, բնականաբար, ազդում է հաճախորդների  վճարունակության եւ վարկունակության վրա: Մենք ունենք բավական լավ կապիտալացված բանկեր` ֆինանսական տեսանկյունից, այսինքն` բանկերի կապիտալի կլանողունակության տեսանակյունից`տարեբր տիպի ռիսկերի, կարող ենք ասել՝ մենք ապահով ենք, բանկերը կարող են կլանել նման տիպի ռիսկերը: Իսկ թե որքա՞ն կարող են բանկերը դիմանալ շարունակական թանկացումներին եւ տարբեր տիպի ռիսկերին, այս պահի դրությամբ բավական կայուն են, կարող են դիմանալ եւ տարբեր տիպի սթրես թեստերով մենք կարողանում ենք գնահատել: Օրինակ` ենթադրենք բանկերի չաշխատող ակտիվների 30%-ը միանգամից դուրս գրվի, դա նշանակում է՝ իրենց պորտֆելի այդքան մասը կորցնենք: Անգամ այս պարագայում կապիտալի համարժեքությունը մոտենում է սահմանին, բայց մենք չունենք խնդիր: Անգամ, եթե բավական շատ հաճախորդներ դառնան ժամկետանց, ֆինանսական կայունության տեսանկյունից մենք պրոբլեմ չենք ունենա»:

Մանրամասները՝  տեսանյութում

Պարոն Գրիգորյանը ներկայացնելով 2012 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, նշեց, որ նախորդ տարի ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել, զգալի աճել են վարկավորման ծավալները: Բացի այս, ըստ հաշվետվության, ֆինանսական համակարգի ակտիվների եւ ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 8.1%-ով, տարեվերջին կազմելով 67.1%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930