«Հայացք» ակումբի այսօրվա հյուրն էր ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը: Նա ամփոփեց ՀՀ նախագահի հովանու ներքո 2012թ. հունիսի 1- ից մեկնարկած (Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ) ԵԳԱԾ –ի 1-ամյակը, խոսեց առաջիկա ծրագրերի, գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրների եւ երիտասարդ կադրերի պատրաստման մասին:
Բանախոսը հայտնեց, որ մեկ տարվա ընթացքում գիտական գործուղումների համար ֆինանսավորվել է 56 հայտ, գիտաժողովների կազմակերպման համար՝ 24, անցկացվել է երիտասարդ գիտնականների մրցույթ, որտեղ 114 հայտերից հաղթող են ճանաչվել 29-ը:
Գեւորգ Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է ԵԳԱԾ –ի ինտերնետային կայքը, գոյություն ունի նաև facebook-յան էջ, որտեղ կարելի է ծանոթանալ անցկացվող մրցույթների կանոններին , մասնակիցներին ու հաղթող հայտերի բովանդակությանը , ինչն ապահովում է մրցույթների անցկացման օբյեկտիվությունը :
ԵԳԱԾ-ն հինգ միլիոն դրամ է տրամադրել Ավետիք Գրիգորյանի հեղինակած «Դարերի խորքից դեպի տիեզերք» գիտահանրամատչելի գրքի տպագրմանը, որի ողջ տպաքանակը տրամադրվելու է Հայաստանի , Արցախի և Ջավախքի հանրակրթական դպրոցներին և հանրային գրադարաններին :
Շուտով Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ իրականացվելու է նաև Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր 2013 մրցույթը` հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում, որտեղ ներդրվել է ինը միլիոն դրամ ֆինանսավորվելու է մեկ հայտ, որտեղ ներառված են լինելու մինչև երեք երիտասարդ գիտաշխատողներ:
Նախատեսվում են նաև մի շարք գիտական ֆոնդերի ու արտասահմանյան լուրջ գիտական կազմակերպությունների հետ համագործակցություններ, քանզի անհրաժեշտ է նոր ծրագրերի ֆինանսավորում և իրականացում: Ծրագիրը պարբերական բնույթ է կրելու:
Զեմֆիրա ՔԱԼԱՇՅԱՆ