«Ինչո՞ւ նախարարը չկա, մի օր էլ կհասնենք վարչության պետի մակարդակով բյուջեի կատարողականի քննարկմանը»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հրապարակային դժգոհություն հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Մինչ այդ, մնացյալ պատգամավորներն իրենց դժգոհությունն արտահայտել էին դահլիճը լքելով:
Բանն այն է, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության բյուջեի ներկայացմանը նախարար Յուրի Վարդանյանը ներկա չէր: Ավելին, անգամ փոխնախարարներից որեւէ մեկը չէր բարեհաճել ներկայանալ: Անցյալ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնում էր աշխատակազմի ղեկավարը:
«Նախարարը քաղաքում չէր, գործուղման է եւ ըստ էության, ամենակոմպետենտ մարդն աշխատակազմի ղեկավարն է, քանի որ խոսքը նախորդ տարվա բյուջեին է վերաբերվում»,- Խոսրով Հարությունյանի հարցին ի պատասխան, ներկայացրեց նիստը վարող Արտակ Դավթյանը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բյուջեի կատարողականի «քննարկումը» տեւեց հինգ րոպե:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ