«Շինարարական կազմակերպությունները դեռ շարունակում են կառուցապատման աշխատանքների ժամանակ հիմնականում անտեսել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը, ուստի մարաթոնը ևս մեկ հնարավորություն է մարդկանց ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա»: «Մեր աշխարհը մարդիկ են, և մենք մեր դրական լիցքերով շրջապատի անձանց հնարավորություն ենք տալիս մուտք գործել իրենց տարածություն»,-այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպես էին արտահայտվում Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիայի անդամները: Նշենք, որ հունիսի 2-9-ը Երևանում անցկացվում է սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց «Համագործակցություն-2013» միջազգային մարաթոնը: Այն կազմակերպել են ՀԵՀ-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների «Ապարրել» ասոցիացիան։ Ծրագրի շրջանակներում կհրավիրվի «Կլոր սեղան» ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ, մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կկազմակերպվի հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ անձանց երթ` Երևանի փողոցներով, ֆլեշ-մոբ ակցիա Հյուսիսային պողոտայում:
ՀԵՀ ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը նշեց. «ՀԵՀ-ը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, սակայն այս ծրագիրն իր տեսակով առաջինն է, քանի որ դրան մասնակցում են ոչ միայն ՀՀ-ում գրանցված ՀԿ-ները, որոնք զբաղվում են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով, այլև ունենք 20 հյուրեր ՌԴ-ից և Ուկրաինայից»: Ա. Պողոսյանը նշեց, որ մասնակիցների շարքում է սայլակով հաշմանդամների աշխարհի գեղեցկուհի Քսենյա Բեզուգլովան ու այս կապակցությամբ ասաց. «Նա իր կենսակերպով ու կեցվածքով գեղեցիկ օրինակ է, որ հաշմանդամությունն ուղղակի կենսակերպ է, որը ոչ մի կերպ չի կարող սահմանափակել մարդու ճաշակը, գործունեությունը, ակտիվ հասարակական անձ լինելն ու նախասիրությունները»:
«Ապարրել» ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինն էլ նշեց, որ իրենք 3 տարի պատրաստվել են այս ծրագրին ու տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը դիմել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին ծրագիրն անցկացնելու համար: Նա խոստովանեց, սա իրենց համար պատմական իրադարձություն է, քանի որ չէին էլ սպասում, որ ՀՀ նախագահը կարձագանքի:
«Ապարրել» ասոցիացիայի մարզամշակութային ծրագրերի ղեկավար Լյուբով Յալդաշևան էլ տեղեկացրեց. «Միջազգային այս մարաթոնն անցկացվում է արդեն իններորդ անգամ: Ամեն տարի մարաթոնն ունենում է կոնկրետ սոցիալական թեմատիկա. օրինակ՝ մեկ անգամ մարաթոնը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 60-ամյակին, մեկ այլ տարի Ընտանիքի օրվան և այլն:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանից հետաքրքրվեց՝ միայն հիմնադրամի, կամ որևէ կազմակերպության միջոցով հնարավո՞ր է լուծել այս խնդիրները: Նա պատասխանեց. «Ոչ այդքան խնդիրների լուծման հարց է դրված, այլ խնդիրների բարձրաձայնման հարց: ԱՊՀ տարածքում մեր խնդիրները գրեթե նույնն են: Եթե եվրոպական երկրներում շատ խնդիրներ լուծվում են այլ մակարդակի վրա, ապա ԱՊՀ-ում, մասնավորապես ՀՀ-ում, դեռ շատ խնդիրներ կան, որ լուծված չեն: Հաշմանդամություն ունեցող հյուրերի շարքում էին գեղեցկության մրցույթից մինչև պարային ու սպորտային մրցույթների հաղթողներ: Դրանով նրանք ցույց են տալիս, որ ինտեգրված են հասարակություն: Չնայած լինում են պարաօլիմպիկ խաղեր, և մեր ներկայացուցիչները մասնակցում են դրանց, բայց մեր երկրում նման ընթացիկ մրցույթներ դեռ չկան: Ուստի խնդիր է զարգացնել այս մարդկանց համար սպորտը և տարբեր մշակութային ծրագրեր: Հետևաբար, ինտեգրումը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ