Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է բանդայի գործով հերթական դատական նիստը, ամբաստանյալներից Քյարամ Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ներկայացնելով դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը: Ըստ դատահոգեբանների՝ Քյարամ Ամոյանը տառապում է գլխուղեղի օրգանական հիվանդությամբ, նրա մոտ կոնտակտը դժվարացած է, իր մասին տալիս է սակավ տեղեկություններ, շատ բան չի հիշում իր կյանքից, «հիշողությունը տուժած է»: Ըստ հոգեբանների՝ նրա մոտ բացահայտվել է պրիմիտիվություն, հուզական անկայունություն եւ դատահոգեբանը միջնորդել է Քյարամ Ամոյանին ենթարկել ստացիոնար դատահոգեբուժական քննություն, այն հանձնարարելով առողջապահության նախարարությանը: Պաշտպանն առաջադրել էր հետեւյալ հարցերը՝ թե ինչ վաղեմություն ունի ամբաստանյալի հիվանդությունը, ինչ ազդեցություն ունի նրա քրեադատավարական իրավունքի վրա, նա կարո՞ղ է պատիժ կրել, թե՞ ոչ:
Մեղադրող Ջոն Ֆարխոյանը առարկություն չուներ: Նա ասաց, որ դատահոգեբույժին պետք է տրվի հետեւյալ հարցը՝ կոնկրետ ինչ հիվանդությամբ է տառապում Քյարամ Ամոյանը: Ի դեպ, նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը մինչ կանցներ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության հետ կապված, նկատեց, որ մեկ այլ գործով հոգեբանները տկարամտությունը համարել են հոգեկան հիվանդություն, իսկ դատական հոգեբանության մեջ տկարամտությունը հոգեկան հիվանդություն չի համարվել:
Դատարանը մասնակի բավարարեց միջնորդությունը, դատահոգեբույժներին առաջադրելով հետեւյալ հարցերը. մեղսագրվող արարքի պահին Քյարամ Ամոյանը գիտակցե՞լ է իր կատարած գործողությունները, տառապո՞ւմ է հոգեկան հիվանդությամբ, ունի՞ հարկադիր բուժման կարիք, թե՞ ոչ:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 17-ին:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ