«Վերջիվերջո մենք մարդ ենք ու էս ժայռերի մեջ էսքան տարի ապրում ենք, ապրուստներս էլ մի բան չի՝ ոչ մեկը մեզ չի ընդառաջում, ոնց որ թե մենք մի կողմի վրա քաշված բնակիչներ ենք, մենք ստեղծում ենք, մենք էլ` ապրում, իսկ էսօր էլ էդ հանքերը բացեն, բնականաբար, բոլորս պիտի թողնենք գնանք: Ես չգիտեմ էդ հանքն ո՞ւմ համար են բացում, ո՞վ ա դրա տերը, մեզ հետաքրքիր չի, ես խնդրում եմ, եթե հնարավոր է դադարեցնեն էդ գործընթացը, ամբողջ Մեղրիի բնակիչներով միանգամից ոտքի կկանգնենք ու կպայքարենք դրա դեմ»,-Մեղրու տարածաշրջանում նոր հանքերի բացման վերաբերյալ կարծիք հայտնեց Մեղրի քաղաքի բնակչուհի տիկին Լյուբան եւ մտահոգված շարունակեց մեզ հետ կիսել իր անհանգստությունները:
«Մեղրու բոլոր երիտասարդները հիվանդ են, առաջնակի հաշմանդամներ են ճանաչվում, հիմնականում օնկոլոգիական հիվանդներ են, 60-80-ական թվականների ծնվածներից շատերը նույնիսկ 50-55 տարեկանի չեն հասնում: Այս ամիս 22 մահ է գրանցվել մեզ մոտ, մարդիկ կոտորվում են, հիմնականում չարորակ ուռուցքներ են, մի ահավորություն է…: Կանայք հաշմանդամ երեխաներ են ծննդաբերում, նորմալ չեն սնվում, օդը կեղտոտ, ջուրը կեղտոտ: Ինչի՞ համար են ուզում հիմա էլ էդ 14 հանքերը բացեն, մի քանի հոգի հարստանան, իսկ տարածաշրջանի 14 հազար ազգաբնակչությունը բոլորը փրթվե՞ն, բա մեղք չե՞ն», -վրդովված ասաց Մեղրիի բնակչուհին եւ հիշեց, որ դեռեւս 50-ականներին Լիճք եւ Տաշտուն համայնքների արանքում կրկին հանք բացելու փորձ է արվել, բայց վտանգավորության աստիճանը հաշվի առնելով՝ թույլ չի տրվել շահագործել:
Քննադատական, անընդունելի ու խիստ մերժողական կարծիքներ լսեցինք նաեւ Մեղրու տարբեր քաղաքացիներից: Վերջիններիս խոսքով՝ այժմ հանքերից և պոչամբարներից տարածվող փոշին ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով արդեն իսկ աղտոտում է Մեղրու տարածքի օդը, հողը, ջուրը, նոր հանքերի բացման մասին լսել անգամ չեն ուզում:
«Մենք դեմ ենք հանքարդյունաբերությանը: Լսել ենք, որ Տաշտունում ոսկու, թե ուրանի հանքավայր կա, ուզում են բացեն, բայց դա բնակչության համար շատ վտանգավոր է, անտառը, պտղատու այգիներն էլ կվերանան, մեղրեցին դրանով է ապրում: Առաջին հերթին մարդկանց առողջության համար շատ վտանգավոր է, մատաղ սերնդի ձեւավորման, զարգացման վրա աղետալի հետեւանքներ կթողնեն»,- նշեց տիկին Անուշը:
Կարդացեք նաև
Մեղրեցի երիտասարդուհիներից մեկն անկեղծացավ, որ հանք բացվելու դեպքում կթողնի ու կփախչի Մեղրիից, իսկ քաղաքի կենտրոնում մեզ հանդիպած երիտասարդները, ի հակառակ իգական սեռի այս ներկայացուցչի, ավելի վճռական են. «Մեկ մարդու պես կհավաքվենք ու կգնանք էդ ամեն ինչը քանդենք: Ոչ մի հանք չի բացվելու, դեռ մի քիչ համբերում ենք, եթե տեսնենք քաղաքակիրթ ճանապարհով հարցին լուծում չեն տալիս, արդեն մեր ձեւերով հարցերը կլուծենք»,-ասացին մեղրեցի երիտասարդները:
Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Մեղրու տարածաշրջանի տարբեր վայրերում 14 հանքի ուսումնասիրության արտոնագրեր են տրվել տարբեր մարդկանց, սեփականատերերին մեղրեցիները ծանոթ չեն, նույնիսկ հասարակական սլումներ չեն արվել ու բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել, ինքն էլ որպես քաղաքապետ՝ հայտնվել է ժողովրդի ու բնակչության ուղիղ կենտրոնում: «Քանի անգամ ժողովրդին լռեցնեմ, որ չգնան հանքերը քանդեն: Եթե այսօր քաղաքակիրթ ճանապարհով հարցը լուծում չստացավ, ապա ես ոչինչ անել չեմ կարող…: Մեղրու գետը սկիզբ է առնում 3700 մ բարձրությունից եւ ամբողջ ճանապարհի շուրջն անընդհատ հանքեր ու այդ հանքերից առաջացող թափոնները լցվելու են գետը, որով ոռոգվում են Մեղրու այգիները: Այդ պտուղները մենք ենք ուտում, Երեւանի շուկայում են ուտում: Մեղրին դարեր շարունակ եղել է գյուղատնտեսական քաղաք, ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի բնակչությանը հայտնի է Մեղրու բերքի համն ու հոտը: Հազվագյուտ այս երեւույթը, որը բնության պարգեւն է, չարժե փչացնել՝ ընդամենը շահագործելով հանքերը: Շատ ողբալի վիճակում կհայտնվի ժողովուրդը, եթե դա իրականություն դառնա», – ասաց Մեղրու քաղաքապետը:
Գյուղատնտես Գեւորգ Մարգարյանն ասում է, որ հանքարդյունաբերությունն անդառնալի հետեւանքներ կթողնի Մեղրու գյուղատնտեսության վրա, իսկ Մեղրու տարածաշրջանի ազգաբնակչության զբաղմունքը հենց գյուղատնտեսությունն է, նույնիսկ կառավարության մի քանի որոշումներն են նպատակաուղղված տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը: 14 հանք բացելով՝ ո՛չ գյուղատնտեսություն կզարգանա, ո՛չ հող կմնա, ո՛չ խմելու ջուր: Բացի այդ, Մեղրիում կարմիր գրքում գրանցված 125 տեսակ հազվագյուտ բուսատեսակներ կան, հարուստ է նաեւ կենդանական աշխարհը՝ բեզոարյան այծ, ընձառյուծ, մուֆլոն եւ այլն, ամբողջը ոչնչացման վտանգի առջեւ կկանգնեն:
«Մեր տարածաշրջանում ոչ միայն ուրանի հանքերը, այլեւ մեր գունավոր մետաղներն ուղեկցվում են բավականին մեծ քանակությամբ ուրանային ռադիոակտիվ էլեմենտներով: Խնդրել ենք, որ մասնագետներ, անկախ փորձագետներ գան տեղում ուսումնասիրեն: Ոչ մեկը չի եկել, որեւէ մեկն ուսումնասիրություն չի արել, մեր անհանգստությունը նրանում է, որ առանց ուսումնասիրելու, առանց խորքային մոտեցում ցուցաբերելու հիմնավորումներ են անում: Անկախ ամեն ինչից, մենք կունենանք ծանր մետաղների զանգված, որը կլցվի խմելու ջրի ավազանը, գետը եւ այդ ծանր մետաղները մրգի, բանջարեղենի տեսքով կհայտնվի մեր սեղանին, Երեւանի շուկայում եւ դրսում: Մենք արտահանում ունենք, մտածում ենք ավելի մեծ ծավալների դեպքում, ինչպե՞ս պետք է միրգ արտահանենք արտերկիր, երբ այնտեղ պահանջներն ավելի խիստ են լինելու, արդյունքում ոչ մեկը չի ցանկանա գնել Մեղրու միրգը», – նշեց Մեղրու քաղաքապետարանի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Մարատ Օհանյանը:
Մեղրեցիները գտնում են, որ երկրի նախագահը պետք է մեղրեցու կողքին լինի, իրեն ուղղված մեղրեցիների բաց նամակն էլ անարձագանք չթողնի, քանի որ նախագահական ընտրություններին Մեղրին համախմբված աջակցել է երկրի նախագահին՝ ցուցաբերելով բարձր ցուցանիշ՝ 68 տոկոս ձայն, որն անկախությունից ի վեր աննախադեպ երեւույթ էր Մեղրիում, մինչեւ այժմ իշխանության ներկայացուցիչների օգտին գրանցված ամենաբարձր ցուցանիշը 37 տոկոս է կազմել: Նշենք, որ անցած շաբաթվանից Մեղրիում սկսվել է ստորագրահավաքը՝ հանքերի շահագործման դեմ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ