Երեկ Սամցխե-Ջավախքում Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղի տոնի շրջանակներում հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին։ Վերջիններից բացի տոնական միջոցառմանը մասնակցել և ոչ պաշտոնական շփումներ են ունեցել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ։
ՀՀ Ազգային ժողովից, մասնավորապես, ներկա են եղել նաև պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արթուր Գևորգյանը, Վահե Հակոբյանը, Հովհաննես Սահակյանը, Արծվիկ Մինասյանը, Էդմոն Մարուքյանը և Արման Սահակյանը։ Հենց վերջինիս հրավերով էլ պատգամավորները այցելել են Ջավախք։ Բացի պատգամավորները, Ջավախք է մեկնել նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։
Դամալա գյուղի տոնը նշվում է արդեն վեցերորդ տարին: Նախաձեռնողը արմատներով դամալացի գործարար–բարերար Սոս Սահակյանն է, ով ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հայրն է:
Սոս Սահակյանի նախաձեռնությամբ տոնական միջոցառման սկիզբը դրվել է Դամալա գյուղին օժանդակության համար գումարի հանգանակության մարաթոնով, ինչի արդյունքում հիմնականում արտերկրում բնակվող դամալացիների հանգանակության շնորհիվ հավաքվել է շուրջ 80 000 հազար ԱՄՆ դոլար:
Ինչպես հայտնում է akhaltskha.net կայքը, միջոցառմանը Սոս Սահակյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, ինչպես նաև հանգանակության մասնակիցներին՝ նշել է, որ Դամալա գյուղի օժանդակության ծրագիրը ավելի մեծ հնարավորություններ ունի:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ջավախքում են ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի հրավերով՝ մասնակցելու պատմական գյուղ Դամալայի տոնին, որի շրջանակներում հանդիպել են վրաց գործընկերների հետ՝ քննարկել Ջավախքի խնդիրները: «Հիմնադրամը նախաձեռնել է բարեգործ Սոս Սահակյանը: Մեծ տոնակատարություն տեղի ունեցավ: Մշակութային միջոցառմանը մասնակցեցին վրաց և հայ խորհրդարանի պատգամավորները՝ նշելով 1918թ.-ի հայերի փառավոր հաղթանակը թուրքական կանոնավոր բանակի դեմ»,- ասաց նա։
Շարմազանովը նաև հայտնեց, որ միջոցառումից հետո տեղի է ունեցել հանդիպում վրացի պատգամավորների հետ, ինչպես նաև ինքը և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին առանձին զրույցում կարևորել են նման միջոցառումների դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում: Նաև խոսել են քաղաքական, տնտեսական, սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների մասին:
Ըստ ՀՀ ԱԺ փոխնախագահի, պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր կատարել գյուղի ճանապարհաշինության, դպրոցի վերանորոգման համար, որին կօժանդակի նաև Սահակյան ընտանիքը:
Էդուարդ Շարմազանովը ավելացրեց, որ ամսվա վերջին պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել նաև Վրաստանի մայրաքաղաքում:
Լուսանկարները և տեսանյութը՝ akhaltskha.net կայքի