Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անվան հետ կապված ամենաաղմկահարույց դեպքը երեկ նրա տան մոտ տեղի ունեցածը չէր: Դրանցից ամենահիշարժանը թերևս գործարար Սիլվա Համբարձումյանի հետ է կապված: 2011թ. նոյեմբերի 14-ին «Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծեծի էր ենթարկել կին գործարարին, ով և շատ քաղաքացիներ միջադեպի արդյունքում իշխանությունից սկսեցին պահանջել մարզպետին հեռացնել իր պաշտոնից: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը:
-Տիկին Համբարձումյան, երկու տարի առաջ «Մարիոթ» հյուրանոցում Ձեր և Սուրեն Խաչատրյանի միջև տեղի ունեցածից հետո Դուք ասացիք, որ գոհ եք, քանի որ նրա նման կերպարը զղջացել է: Միգուցե մարզպետն, իսկապես, զղջացել էր Ձեզ ծեծի ենթարկելու համար, բայց դրանից հետո էլ բավական համարձակ է գործել, այս ընթացքում միջադեպեր շատ են եղել, իսկ երեկ Ձեզ հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել նրա տան մոտ, որի արդյունքում մարդ է մահացել: Սա ինչի՞ մասին է խոսում:
–Սա ընդամենը խոսում է երկրում հաստատված անպատժելիության մթնոլորտի և գողական բարքերի մասին: Եթե Սուրեն Խաչատրյանն ու նրա նմանները պատժվեին գողության և ծեծի համար, ապա նման քայլերի հետագայում չէին դիմի: Ինձ հետ կատարվածից հետո ինքը մնաց անպատիժ, ինձնից հետո էլի մի բնապահպան աղջկա հետ միջադեպ եղավ, էլի մնաց անպատիժ: Եթե այն դեպքերի արդյունքում նա անպատիժ մնաց, սա ի՞նչ է որ: Սա ևս անպատժելի է մնալու: Մեր հանրապետությունում, կարծում եմ, որ անպատժելի էլ շարունակելու են մնալ նման մարդկանց արարքները:
–Իսկ ամենալավ տարբերակը ո՞րը կլիներ: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է իշխանությունը վարվի նման պաշտոնյաների հետ, եթե ենթադրենք, թե իշխանության շրջանում կա նման ցանկություն:
Կարդացեք նաև
–Ամենալավ տարբերակն այն կլիներ, որ նա գողության և մարդ ծեծելու համար պատժվեր: Եթե դրանց համար նա պատժվեր, այսօր արդեն մարդկային զոհեր չէին լինի: Իմ կարծիքով, սա Հայաստանում իսկապես գլոբալ խնդիր է, բայց չեմ հասկանում, թե որտեղից է գալիս Սուրեն Խաչատրյանի առավելությունը՝ լավ կեծիք անե՞լը: Ինչի՞ համար, չենք հասկանում: Պետք է իշխանությունը նրանց հանի համակարգից, նրանք իրավունք չունեն ծառայելու ժողովրդին: Ժողովրդի համար պետք է ծառայեն այլ հատկանիշներով մարդիկ, նրանք պետք է լինեն բարեկիրթ, խելացի մարդիկ, որոնք նաև իրենց աշխատանքոի արդյունքում կվայելեն ժողովրդի հարգանքը:
–Այսինքն՝ չեք հասկանում,թե իշխանություններն ինչո՞ւ են նրան, որպես մարզպետ պահում:
-Շատ հետաքրքիր է էլի՝ ինչպես կարող է իշխանւթյունը նման մարդուն պահել, որպես մարզպետ, այն մարդուն, ումից բոլորը փախչում են: Երեկ ինձ զանգահարում են գորիսեցիներ, ասում են, որ ներկա են եղել միջադեպին, բայց փախչում են Գորիսից, որպեսզի ցուցմունք չտան, որպեսզի հետո իրենց երեխաները չսպանվեն: Երեկ նման բնույթի բավականին շատ զանգեր եմ ստացել: Մարդիկ կրակոցներ էին տեսել և ամեն ինչ: Այսինքն՝ այսպես կարելի է պատկերացնել մարդկանց սարսափը: Եթե նրան, որպես լավագույն մարզպետի շքանշան են տալիս , պարզ է, որ զոհեր կլինեն, այնքան բաներ կլինեն: Փոխանակ նրան քրեական պատասխանատվության ենթարկեն իր արարքների համար, շքանշան են տալիս: Եթե խորանանք, ապա Ղարաբաղ երկու անգամ էլ չի գնացել պատերազմի ժամանակ, մենք լավ տեղեկացված ենք:
-Միգուցե պատճառ կա, որ իշխանությունը չի հեռացնում նման մարդկանց համակարգից: Ի՞նչ պատճառ կարողէ լինել:
–Կարծում եմ, որ կեղծիքների համար: Նման մարդիկ ծառայություններ են մատուցում, ընտրություններին թվեր են ցույց տալիս և դրա համար էլ անպատժելի են մնում: Իշխանությունը կախված է նման անձանցից և կարծում եմ, որ այսօր Սուրեն Խաչատրյանին պետք է արագ հեռացնել մարզպետի պաշտոնից, քանի որ առաջիկայում ընտրություններ չկան, հիմա գոնե պետք է պատժեն:
-Շատերն են ասում, որ իշխանությունն ինքնամաքրման կարիք ունի: Դուք դա՞ նկատի ունեք:
–Այո, եթե այսօր մաքրման գործընթացը չսկսվի, հանրապետությունը ճգնաժամի առջև է կանգնելու: Իշխանությունն է, որ պետք է օրինակ ծառայի հասարակությանը:
Լուսանկարը՝ Photolure-ի
«Ինձ հետ կատարվածից հետո ինքը մնաց անպատիժ, ինձնից հետո էլի մի բնապահպան աղջկա հետ միջադեպ եղավ, էլի մնաց անպատիժ: Եթե այն դեպքերի արդյունքում նա անպատիժ մնաց, սա ի՞նչ է որ»:
Սա էն ա, որ մարդ ա սպանվել, ու երկու հոգի էլ ծանր վիճակում են: Տիկինը կարծես չափազանցնում է իրեն հասցված ապտակի ծանրությունը: Թե՞ այդ ապտակը (կամ հարվածը) համարժեք է «մարդկության դեմ հանցագործության» զուտ այն պատճառով, որ ԻՐԵՆ է հասցվել:
Սուրեն Խաչատրյան կամ Լիսկա մականունով հանցագործը չի պատժվի և չի հեռացվի պաշտոնից, քանի դեռ Հայաստանից չի վտարվել նույնքան հանցագործ ՀՀԿ-ը: Միայն վերջինիս հեռացումով կարելի կլինի խոսել Հայաստանում օրինականության հաստատման մասին: