Հայաստանում ջրային ռեսուրսների թույլատրելի սահմանը 6,6 միլիարդ խորանարդ մետր է, որից 1,1 միլիարդը` խմելու համար է թույլատրված, 200 միլիոնը` արտադրության, 3,7 միլիարդը ոռոգման համար, իսկ 1,6-ը՝ ձկնաբուծության համար: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը: Նրա ներկայացմամբ` 300-400 մլն խորանարդ մետր կեղտաջրեր կան, որոնք համապատասխան մաքրման չեն ենթարկվում եւ լցվում են բաց ջրավազաններ:
Ընդհանուր առմամբ` Հայաստանում մատչելի ջրային ռեսուրսները 46 միլիարդ խորանարդ մետր են, որը գոյանում է տեղումների եւ այլ ճանապարհներով:
Հարցին, թե որքան ջուր են կարողանում ամբարել, եւ որքանը` ոչ, որոնք հոսում են հարեւան երկրներ, պարոն Նարիմանյանն ասաց. «6 միլիարդ խորանարդ մետր ջրից մենք կարողանում ենք ներկայումս գոյություն ունեցող 72 ջրամբարներում ամբարել 1,2 միլիարդ խորանարդ մետր: 5 միլիարդը չենք ամբարում, բայց դա չի նշանակում, որ 5-ը գնում է, մոտ 2,5 միլիարդը կարող ենք ամբարել, բայց ջրամբարաշինությունը շատ թանկ հաճույք է եւ 1 տարվա գործ չէ»:
Մեկ այլ հարցի էլ, թե Արաքս գետից որքան ջուր ենք կարողանում ամբարել, եւ արդյոք Թուրքիան ավելի է վերցնում, քան Հայաստանը, պարոն Նարիմանյանն ասաց, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն ունենք գետի հունում առկա ջրից ամբարել 50/50 չափաքանակով: Ըստ գործակալության պետի, Թուրքիան 50/50-ի պայմանավորվածությունը չի խախտում. Թուրքիան 50-ի սահմանը չի անցնում, մենք էլ 50-ի չենք հասնում, եւ ինչպես պարոն Նարիմանյանն ասաց` այնպես չէ, որ մենք քիչ ենք ջուր վերցնում, որպեսզի Թուրքիան շատ վերցնի, պարզապես մենք հնարավորություն չունենք ավելին վերցնելու. «Դա բավականին լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում, որպեսզի կառուցեն լուրջ հիդրոտեխնիկական կառույցներ, որոնք ջուրը վերցնում են ու տալիս»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ